Եթե ուզում ես արդյունավետ ծառայել ԱստծունՕրինակ
Իսկ քո սիրտն ուղղվա՞ծ է դեպի Աստծու սերը
Տեր Աստծուն ծառայելը մեծագույն պատիվ է։ Տեր Աստծուն ծառայելն ամենակարևոր գործն է, որ մարդը կարող է անել իր երկրային կյանքի ընթացքում։ Սակայն այդ ծառայությունը պետք է բխի Աստծու հանդեպ մեր ունեցած սիրուց։ Շատ կարևոր է, որ Աստծուն ծառայող մարդու սիրտը մշտապես ուղղված լինի դեպի Աստծու սերը։ Եվ այս հարցում էլ մեզ կարող է օգնել մեր բարի և ողորմած Տերը։
Սիրելի՛ բարեկամ, իսկ քո սիրտն ուղղվա՞ծ է դեպի Աստծու սերը։ Ի՞նչ է դա նշանակում։ Մեր սիրտն ունի հակումներ։ Ոմանց սրտերը ձգտում են հաճույքների, ոմանց սրտերը՝ զվարճանքների, ոմանց սրտերն էլ ուղղված են դեպի փառքն ու հարստությունը։ Իսկ դեպի ո՞ւր է ուղղված քո՛ սիրտը։
«Այսուհետև, եղբայրնե՛ր, մեզ համար աղոթե՛ք, որպեսզի Տիրոջ խոսքը տարածվի ու ամեն տեղ փառավորվի, ինչպես ձեզ մոտ, և որպեսզի անօրեն ու չար մարդկանցից ազատվենք, որովհետև ոչ բոլորը հավատ ունեն։ Բայց Տերը հավատարիմ է. Նա ձեզ կհաստատի և կպահի չարից։ Տիրոջով վստահություն ունենք ձեզ վրա, որ այն, ինչ ձեզ պատվիրեցինք, անում եք ու կանեք։ Իսկ Տերը թող ձեր սրտերը ուղղի դեպի Աստծու սերն ու Քրիստոսի համբերությունը» (Բ Թեսաղոնիկեցիս 3.1-5)։
Աստծուն ծառայող մարդու սիրտը պետք է ուղղված լինի դեպի Աստծու սերը։ Դա կարող է անել միայն Աստված։ Մարդը չի կարող փոխել իր սիրտը՝ սրտի դիրքն ու հակումները։ Մենք կարող ենք մեր սիրտը վստահել հմուտ Վարպետին, Նրա ձեռքերը կարող են նոր սիրտ արարել մեր մեջ։
«Եվ ձեզ վրա մաքուր ջուր պիտի ցողեմ, ու պիտի մաքրվեք. ձեր բոլոր անմաքրություններից ու ձեր բոլոր կուռքերից պիտի մաքրեմ ձեզ։ Ապա ձեզ նոր սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, ձեր մարմնից պիտի վերցնեմ քարե սիրտը ու ձեզ մարմնեղեն սիրտ տամ։ Եվ Իմ Հոգին պիտի դնեմ ձեր մեջ և այնպես անեմ, որ Իմ կանոններով ընթանաք, Իմ պատվիրանները պահեք և դրանք կատարեք» (Եզեկիել 36․25-27):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու քո ամբողջ սրտով հավատում ես Տեր Հիսուսին՝ Նրա կատարած գործին ու Նրա ուսուցանած ճշմարտություններին, և որոշում ես կայացրել քո կյանքն ապրել իբրև Քրիստոսի հավատարիմ ու նվիրյալ աշակերտ, ապա Սուրբ Հոգին ընդունելու և նոր սիրտ կերտելու Տեր Աստծու խոստումը հենց քե՛զ համար է։ Դու կարող ես կյանքդ վստահել Նրան, և Տերը քո սիրտը կուղղի դեպի Իր սերը։ Դու այլևս չես գայթակղվի այս ժամանակավոր աշխարհի խաբկանքներով, այլ քո ողջ էությամբ կնվիրվես հավատքի կյանք ապրելուն և Տեր Աստծու կամքը կատարելուն։
Այսօր աղոթում եմ քեզ համար, որ Աստված քո սիրտն ուղղի դեպի Իր սերը․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Տեր Աստծուն ծառայելը մեծագույն պատիվ է։ Տեր Աստծուն ծառայելն ամենակարևոր գործն է, որ մարդը կարող է անել իր երկրային կյանքի ընթացքում։ Աստծուն ծառայելու փափագ ունեցող յուրաքանչյուր մարդու կյանքում անխուսափելի են դժվարություններն ու խոչընդոտները։ Չարը իրական է, սակայն պետք չէ չափազանցնել նրա հնարավորությունները։ Աստվա՛ծ է տիրում Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունեցող մարդու կյանքում։ Տերը գիտի պահել հավատարիմներին։ Աստված մեզնից պտղաբեր ծառայություն է ակնկալում։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am