«Ասացվածքներ, որոնք վերցված են Աստվածաշնչից»Օրինակ

«Ասացվածքներ, որոնք վերցված են Աստվածաշնչից»

ՕՐ 1 7-ից

Փոս փորողն ինքն է փոսն ընկնում

Այսօր մենք ուղերձների նոր շարք ենք սկսում, որը կրում է «Ասացվածքներ, որոնք վերցված են Աստվածաշնչից» անվանումը։ Իրականում, մենք՝ հայերս, բազմաթիվ ասացվածքներ ունենք, որոնք վերցված են Աստվածաշնչից՝ աստվածային ճշմարտության և գերբնական իմաստության միակ ճշմարիտ Աղբյուրից։

Սիրելի՛ բարեկամ, առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին կանդրադառնանք այդ ասացվածքներից յոթին։ Դրանցից գրեթե բոլորն էլ, հավատում եմ, քաջածանոթ են քեզ և մեր շրջապատի մարդկանց։ Սակայն ուղերձների այս շարքի նպատակը ոչ թե այդ ասացվածքներին ծանոթացնելն է, այլ՝ դրանք Աստվածաշնչի լույսի ներքո ներկայացնելը։ Աղոթում եմ, որ մեզ ծանոթ ասացվածքների աստվածաշնչյան մեկնությունները նորովի կարևորեն քեզ համար այն իմաստությունը, որն Աստված է փոխանցում Իր զավակներին Իր Սուրբ Խոսքի մեջ։

«Փոս փորողն ինքը նրա մեջ կընկնի, և ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա» (Առակաց 26․27):

Փոս փորողն ինքն է ընկնում իր փորած փոսի մեջ։ Աստված Իր խոսքի մեջ զգուշացնում է բոլոր մարդկանց, որոնք իրենց սրտում մյուսներին վնասելու ծրագրեր ունեն։ Այդ ծրագրերը նման են ծուղակների, որոնք մարդիկ պատրաստում են մյուսների համար։

Դրանք կարող են դրսևորվել բամբասանքի, չարախոսության և մարդկանց տվյալ մարդու դեմ տրամադրելու այլ դիվային գործիքների տեսքով։ Կարող են նաև հանդես գալ տվյալ մարդու հանդեպ ատելության այնպիսի դրսևորումների միջոցով, ինչպիսիք են գայթակղության ու մեղքի մեջ գցելը, դժբախտության կամ ծանր վիճակի մեջ ընկած ժամանակ ցնծության և ուրախության զգացում ունենալը և այլն։

Դիմացինին վնասելու միտում ունեցող այդ բոլոր փոսերն ու ծուղակները մեկ ընդհանրություն ունեն՝ դրանք բխում են տվյալ մարդու հանդեպ ունեցած խորը ատելությունից։ Իսկ Տեր Հիսուսը մարդու հանդեպ ատելությունը հավասարեցնում էր մարդասպանության մեղքին։

«Լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին. "Մի՛ սպանիր" (Ելք 20.13, Բ Օր. 5.17), իսկ ով սպանի, դատաստանի կենթարկվի։ Բայց Ես ասում եմ ձեզ. ամեն ոք, ով զուր տեղն իր եղբոր վրա բարկանա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորը "հիմար" ասի, ատյանի ենթակա կլինի, և ով իր եղբորը "անմիտ" ասի, գեհենի կրակին կդատապարտվի» (Մատթեոս 5․21-22):

Նման մարդիկ առաջին հերթին իրենք իրենց են վնասում, քանի որ Աստված երբե՛ք անպատիժ չի թողնում մարդասպաններին։ Տեր Հիսուսը ատելությունը հավասարեցնում է մարդասպանությանը։ Աստված հատուկ հետևում է մյուսներին վնասելու վարքագիծ դրսևորող ու նրանց կյանքում տարբեր ծուղակներ լարող մարդկանց։ Տերը երբե՛ք անպատիժ չի թողնում դիմացինի հանդեպ ատելությամբ լցված մարդուն։

«Տերը գիտի աստվածապաշտներին փորձությունից փրկել և անիրավներին դատաստանի օրվա համար պահել» (Բ Պետրոս 2․9):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբե՛ք փոս չփորես մյուսներին վնասելու համար։ Աստվածային անխախտ ճշմարտությունը պնդում է, որ այդ փոսից հե՛նց դու ես վնասվելու։ Իսկ եթե քո ճանապարհին են քեզ ատող մարդիկ տարբեր փոսեր փորում, ապա ների՛ր նրանց և աղոթի՛ր, որպեսզի Աստված ողորմություն անի նրանց կյանքում, քանի որ շուտով իրենք կարող են հայտնվել իրենց իսկ փորած փոսի մեջ։

Իսկ դու ապրի՛ր մյուսներին բարիք կամենալով, ինչպես Տերը Իր աշակերտներին օրինակ թողեց։ Եվ ո՛չ միայն քո հանդեպ լավ վերաբերմունք ունեցողներին, այլև հե՛նց քեզ ատողներին։ Այդ ժամանակ Աստված կլցնի քո կյանքն Իր անսահման մեծ շնորհքով ու զորավոր օրհնություններով։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2

Այս Ծրագրի Մասին

«Ասացվածքներ, որոնք վերցված են Աստվածաշնչից»

Մենք՝ հայերս, բազմաթիվ ասացվածքներ ունենք, որոնք վերցված են Աստվածաշնչից՝ աստվածային ճշմարտության և գերբնական իմաստության միակ ճշմարիտ Աղբյուրից։ Ուղերձների այս շարքի նպատակը՝ դրանք Աստվածաշնչի լույսի ներքո ներկայացնելն է, որն Աստված է փոխանցում Իր զավակներին Իր Սուրբ Խոսքի մեջ։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am