Kisary famantarana ny YouVersion
Kisary fikarohana

ԾՆՈՒՆԴ 2

2
1Այսպիսով ամբողջացան երկինքն ու երկիրը իրենց ողջ զարդարանքով։ 2Վեցերորդ [𝕸 յոթերորդ] օրը Աստված ավարտեց արարման գործերը, յոթերորդ օրը արարման բոլոր գործերից հանգստացավ։
3Աստված օրհնեց յոթերորդ օրը, սուրբ դարձրեց այն, քանի որ այդ օրը Աստված հանգստացավ արարման իր բոլոր գործերից։
Արարչագործության մի այլ պատում
4ԱՅՍ Է ԵՐԿՆՔԻ ԵՎ ԵՐԿՐԻ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, 5երկրի վրա դեռ դաշտային ոչ մի բույս չէր բուսել, և վայրի ոչ մի խոտ չէր աճել, որովհետև Տերը՝ Աստված, դեռ անձրև չէր տեղացրել երկրի վրա, և մարդ չկար, որ մշակեր հողը։ 6Աղբյուր էր բխում երկրից ու ոռոգում երկրի ամբողջ մակերևույթը։
7Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ։ 8Աստված դրախտը տնկեց Եդեմում՝ արևելքում, և այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն։ 9Տերը՝ Աստված, երկրից նաև բուսցրեց ամեն տեսակի ծառ. գեղեցիկ՝ տեսնելու, և համեղ՝ ուտելու համար։ Դրախտի մեջ բուսցրեց նաև կենաց ծառը և բարու ու չարի գիտության ծառը։
10Դրախտը ոռոգելու համար Եդեմից մի գետ էր բխում և այնտեղից բաժանվում էր չորս ճյուղերի։ 11Մեկի անունը Փիսովն էր։ Սա այն գետն է, որ հոսելով շրջապատում է ողջ Եվիլատ երկիրը, այնտեղ, որտեղ ոսկին է. 12այդ երկրի ոսկին ընտիր է։ Այնտեղ նաև սուտակ և դահանակ ակնաքար կա։ 13Երկրորդ գետի անունը Գեհովն է։ Սա այն գետն է, որ հոսելով պատում է եթովպացիների ողջ երկիրը։ 14Երրորդ գետը Տիգրիսն է, որ հոսում է Ասորեստանի արևելքով։ Չորրորդ գետը Եփրատն է։
15Տերը՝ Աստված, վերցրեց իր ստեղծած մարդուն և դրեց բարօրության դրախտում [𝕸 Էդենի պարտեզում], որպեսզի մշակի և պահպանի այն։ 16Տերը՝ Աստված, պատվիրեց Ադամին՝ ասելով. «Դրախտում եղած ամեն մի ծառից կարող ես ուտել, 17բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, անպայման կմեռնեք»։
18Տերը՝ Աստված, ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Նրան իր նման մի օգնական ստեղծենք»։ 19Եվ Տերը՝ Աստված, ստեղծեց նաև վայրի բոլոր գազաններին և երկնքի բոլոր թռչուններին ու բոլորին բերեց Ադամի մոտ՝ տեսնելու, թե նրանց ի՛նչ է անվանելու։ Ադամն ինչ անուն որ տվեց ամեն մեկին, այն էլ եղավ դրա անունը։ 20Այսպիսով Ադամն անուններ տվեց բոլոր անասուններին, երկնքի բոլոր թռչուններին և վայրի բոլոր գազաններին, բայց Ադամին իրեն նման օգնական չգտնվեց։ 21Եվ Տերը՝ Աստված, թմրություն բերեց Ադամի վրա, և նա նիրհեց։ Ապա հանեց նրա կողոսկրերից մեկը և այդ տեղը լցրեց մսով։ 22Տերը՝ Աստված, Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց և նրան բերեց Ադամի մոտ։ 23Եվ Ադամն ասաց.
«Արդ, սա ոսկոր է իմ ոսկորներից
և մարմին՝ իմ մարմնից։
Սա թող կին կոչվի,
որովհետև իր ամուսնուց վերցվեց»։
24Այդ պատճառով տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն։
Նախամարդու անկումը
25Երկուսն էլ՝ թե՛ Ադամը և թե՛ իր կինը, մերկ էին, սակայն չէին ամաչում։

Voafantina amin'izao fotoana izao:

ԾՆՈՒՆԴ 2: ՆԷԱ

Asongadina

Hizara

Dika mitovy

None

Tianao hovoatahiry amin'ireo fitaovana ampiasainao rehetra ve ireo nasongadina? Hisoratra na Hiditra