Ղուկաս 11

11
Հիսուսը սովորեցնում է աղոթել
(Մտթ. 6.5-13, 7.7-11)
1Եղավ, որ Հիսուսը ինչ-որ տեղ աղոթք էր անում ու երբ դադարեց, նրա աշակերտներից մեկը նրան ասաց. «Տե՛ր, մեզ աղոթե՛լ սովորեցրու, ինչպես Հովհաննեսն իր աշակերտներին սովորեցրեց»։ 2Եվ նրանց ասաց. «Երբ աղոթեք, ասե՛ք.
"Հա՛յր մեր,
թող սուրբ լինի քո անունը,
քո արքայությունը թող գա։
3Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ ամեն օր։
4Եվ ների՛ր մեզ մեր մեղքերը,
որովհետև մենք էլ ներում ենք ամենքին,
որ մեղավոր են մեր հանդեպ,
և մի՛ տար մեզ փորձության"»։
5Եվ նրանց ասաց. «Ձեզանից ո՞վ է, որ բարեկամ ունենա, կեսգիշերին նրա մոտ գնա ու ասի. "Բարեկա՛մ, ինձ երեք հաց փո՛խ տուր, 6որովհետև իմ բարեկամը ճանապարհից ինձ մոտ է եկել, ու ես ոչինչ չունեմ, որ նրա առաջ դնեմ", 7իսկ նա ներսից պատասխանի ու ասի. "Ինձ նեղություն մի՛ տուր. դուռն արդեն փակված է, ու երեխաներս ինձ հետ անկողնում են. չեմ կարող վեր կենալ ու տալ քեզ"։ 8Ասում եմ ձեզ. եթե նրա բարեկամը լինելու համար էլ վեր չկենա ու չտա նրան, ապա գոնե նրա թախանձանքի համար վեր կկենա ու կտա նրան, ինչ որ պետք է։ 9Եվ ես ասում եմ ձեզ. խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք, դուռը բախե՛ք, ու ձեր առաջ կբացվի։ 10Որովհետև ով խնդրում է, ստանում է, և ով փնտրում է, գտնում է, և ով դուռը բախում է, նրա առաջ բացվում է։ 11Ձեզանից ո՞վ է այն հայրը, որից որդին եթե ձուկ ուզի, մի՞թե ձկան փոխարեն օձ կտա նրան։ 12Եվ կամ ձու ուզի, մի՞թե նրան կարիճ կտա։ 13Արդ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որքա՜ն առավել երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրենից»։
Հիսուսը և Բեեղզեբուղը
(Մտթ. 12.22-30, Մրկ. 3.22-27)
14Հիսուսը մի դև էր հանում, որով բռնված մարդը համր էր։ Երբ դևը դուրս ելավ, համրը խոսեց, և ժողովուրդը զարմացավ։ 15Նրանցից ոմանք ասացին. «Դա դևերի իշխան Բեեղզեբուղի միջոցով է դևերին հանում»։ 16Ուրիշներն էլ փորձելու համար նրանից երկնքից նշան էին խնդրում։ 17Բայց նա, նրանց մտքերը իմանալով, ասաց նրանց. «Ամեն թագավորություն, որ ինքն իր մեջ է բաժանված, ավերվում է, և տունը, որ իր մեջ է բաժանված, կործանվում է։ 18Եթե սատանան էլ ինքն իր մեջ բաժանվի, նրա թագավորությունն ինչպե՞ս կանգուն կմնա. որովհետև դուք ասում եք, թե ես Բեեղզեբուղի միջոցով եմ դևերին հանում։ 19Եթե ես Բեեղզեբուղի միջոցով եմ դևերին հանում, ձեր որդիներն ո՞ւմ միջոցով են հանելու։ Դրա համար նրա՛նք կլինեն ձեր դատավորները։ 20Բայց եթե ես Աստծու ձեռքով եմ դևերին հանում, ուրեմն Աստծու արքայությունը ձեզ վրա հասել է։ 21Երբ զինված հզոր մարդը պահպանում է իր պալատը, նրա ունեցվածքը ապահովության մեջ է։ 22Բայց եթե նրանից ավելի զորավորը գա ու նրան հաղթի, կհանի նրա զենքերը, որոնց վրա հույս էր դրել, ու նրա ավարն էլ կբաժանի։ 23Ով ինձ հետ չէ, ինձ հակառակ է, և ով ինձ հետ չի հավաքում, ցրում է։
Պիղծ ոգու վերադարձը
(Մտթ. 12.43-45)
24Երբ պիղծ ոգին մարդու միջից դուրս է ելնում, անջրդի տեղերում է շրջում ու հանգիստ է փնտրում։ Եվ երբ չի գտնում, ասում է. "Վերադառնամ իմ տունը, որտեղից ելա"։ 25Եվ գալիս, այն մաքրված ու հարդարված է գտնում։ 26Այն ժամանակ գնում է և իրենից ավելի չար ևս յոթ ոգիներ է վերցնում, և մտնում, բնակվում են այնտեղ, և այն մարդու վերջն ավելի վատ է լինում, քան նախկինում էր»։
Ճշմարիտ երանությունը
27Եվ երբ նա խոսում էր այս, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց ու ասաց. «Երանի՜ այն որովայնին, որ կրել է քեզ, և այն ստինքներին, որ սնել են քեզ»։ 28Իսկ նա ասաց. «Երանի՜ նրանց, որ Աստծու խոսքը լսում են ու պահում այն»։
Երկնային նշանի հայցում Հիսուսից
(Մտթ. 12.38-42)
29Երբ ժողովուրդը կուտակվում էր, սկսեց ասել. «Այս սերունդը չար է, նշան է խնդրում, բայց նրան ուրիշ նշան չի տրվի, բացի Հովնան մարգարեի նշանից։ 30Որովհետև ինչպես Հովնանը նինվեացիների համար նշան եղավ, այնպես էլ Մարդու Որդին այս սերնդի համար նշան կլինի։ 31Հարավի թագուհին դատաստանի ժամանակ վեր կկենա այս սերնդի մարդկանց հետ ու նրանց կդատապարտի, որովհետև նա երկրի ծայրից եկավ Սողոմոնի իմաստությունը լսելու, և ահա այստեղ Սողոմոնից ավելի մեծը կա։ 32Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ պիտի վեր կենան այս սերնդի հետ ու պիտի դատապարտեն նրան, որովհետև նրանք Հովնանի քարոզությամբ ապաշխարեցին, իսկ ահա այստեղ Հովնանից է՛լ ավելի մեծը կա։
Մարմնի լույսը
(Մտթ. 5.15, 6.22-23)
33Ոչ ոք ճրագը վառելով ծածուկ տեղ չի դնում, ոչ էլ գրվանի տակ, այլ աշտանակի վրա, որպեսզի ներս մտնողները լույսը տեսնեն։ 34Մարմնի ճրագն աչքն է. երբ աչքդ մաքուր է, ամբողջ մարմինդ լուսավոր կլինի, բայց եթե չար է, մարմինդ խավար կլինի։ 35Ուրեմն զգո՛ւյշ եղիր. գուցե այն լույսը, որ քո մեջ է, խավար լինի։ 36Եթե ամբողջ մարմինդ լուսավոր է, և ոչ մի խավար մաս չկա, ամբողջը լուսավոր կլինի, ինչպես ճրագն է իր ճառագայթով լուսավորում քեզ»։
Փարիսեցիների և օրենսգետների դատապարտումը
(Մտթ. 23.1-36, Մրկ. 12.38-40)
37Երբ նա խոսում էր այս, մի փարիսեցի նրան խնդրում էր, որ իր մոտ ճաշի։ Եվ նա մտավ ու սեղան նստեց։ 38Փարիսեցին, տեսնելով, զարմացավ, որ ճաշից առաջ չլվացվեց։ 39Տերը նրան ասաց. «Հիմա դուք՝ փարիսեցիներդ, բաժակի ու ափսեի արտաքին կողմն եք մաքրում, բայց ձեր ներքինը լի է հափշտակությամբ և չարությամբ։ 40Անմիտնե՛ր, չէ՞ որ արտաքինը ստեղծողը ներքինն էլ է ստեղծել։ 41Սակայն ձեր ունեցածից ողորմությո՛ւն տվեք, և ամեն բան ձեզ համար մաքուր կլինի։ 42Բայց վա՛յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ անանուխի, փեգենայի ու ամեն բանջարեղենի տասանորդ եք տալիս, իսկ Աստծու արդարությունն ու սերը զանց եք առնում. նախ այս պետք էր անել, իսկ դրանք զանց չառնել։ 43Վա՛յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ ժողովարաններում առաջին աթոռներն եք սիրում, իսկ հրապարակներում՝ ողջույնները։ 44Վա՛յ ձեզ, որ գերեզմանների պես աննկատ եք, և մարդիկ չգիտեն, որ դրանց վրայով են քայլում»։
45Եվ օրենսգետներից մեկը պատասխանեց ու ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ ասելով մեզ էլ ես նախատում»։ 46Նա ասաց. «Ձեզ՝ օրենսգետներիդ էլ վա՛յ, որովհետև մարդկանց դժվարակիր բեռներով եք բեռնում, իսկ դուք ինքներդ մատով անգամ այդ բեռներին չեք դիպչում։ 47Վա՛յ ձեզ, որ շինում եք մարգարեների գերեզմանները, իսկ նրանց ձեր հայրերն են սպանել։ 48Այդ կերպ վկայում եք, որ հավանություն եք տալիս ձեր հայրերի գործերին, որովհետև նրանք կոտորեցին նրանց, իսկ դուք նրանց գերեզմաններն եք շինում։ 49Դրա համար Աստծու իմաստությունն ասել է. "Նրանց մոտ մարգարեներ ու առաքյալներ կուղարկեմ, և նրանցից ոմանց պիտի սպանեն ու հալածեն", 50որպեսզի բոլոր մարգարեների արյունը, որ աշխարհի սկզբից թափվել է, այս սերնդից պահանջվի։ 51Աբելի արյունից մինչև Զաքարիայի արյունը, որ սեղանի և տաճարի միջև սպանվեց, այո՛, ասում եմ ձեզ, այս սերնդից պիտի պահանջվի։ 52Վա՛յ ձեզ՝ օրենսգետներիդ, որ վերցրել եք գիտության բանալին. ինքներդ չեք մտել, մտնողներին էլ արգելել եք»։
53Երբ նա դուրս ելավ, դպիրներն ու փարիսեցիներն սկսեցին սաստիկ թշնամանք ցուցաբերել և նրան բազում հարցումներ անել։ 54Նրա դեմ որոգայթ էին լարում՝ փորձելով նրա բերանից մի խոսք որսալ՝ ամբաստանելու համար։

Markering

Deel

Kopiëren

None

Wil je jouw markerkingen op al je apparaten opslaan? Meld je aan of log in