ՄԱՐԿՈՍ 11

11
Հիսուսի մուտքը Երուսաղեմ
(Մտթ. 21.1-11, Ղուկ. 19.28-40, Հովհ. 12.12-19)
1Երբ մոտեցան Երուսաղեմին, Բեթփագեին և Բեթանիային՝ Ձիթենյաց լեռան մոտ, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց 2և նրանց ասաց. «Դուք գնացե՛ք այդ գյուղը, որ ձեր դիմացն է։ Հենց այնտեղ մտնեք, կգտնեք մի կապված ավանակ, որի վրա որևէ մարդ արարած չի նստել. արձակե՛ք այն և բերե՛ք։ 3Եվ եթե որևէ մեկը ձեզ հարցնի՝ “Ինչո՞ւ եք արձակում այդ ավանակը”, ասե՛ք. “Տիրոջը պետք է”, և նա իսկույն այստեղ կուղարկի այն»։ 4Երկու աշակերտները գնացին և գտան ավանակը՝ կապված մի դռան մոտ՝ դրսում, փողոցի մեջ, և այն արձակեցին։ 5Այնտեղ կանգնածներից ոմանք ասացին նրանց. «Այդ ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք արձակում ավանակը»։ 6Աշակերտները նրանց պատասխանեցին այնպես, ինչպես Հիսուսն էր ասել։ Եվ նրանց թույլ տվեցին։ 7Ավանակը բերեցին Հիսուսի մոտ, դրա վրա գցեցին իրենց հագուստները, և Հիսուսը նստեց ավանակի վրա։ 8Շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհի վրա, իսկ ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում և փռում ճանապարհին։ 9Եվ նրանք, որ Հիսուսի առաջից կամ հետևից էին գնում, աղաղակում էին և ասում.
«Օվսաննա՜ Բարձրյալին,
օրհնյա՜լ լինես դու,
որ գալիս ես Տիրոջ անունով (Սաղ. 117(118).26).
10 օրհնյա՜լ լինի մեր հոր՝
Դավթի թագավորությունը, որ գալիս է։
Խաղաղությո՜ւն երկնքում և
փա՜ռք Բարձրյալին (հմմտ. եբր. Սաղ. 118.25)»։
11Հիսուսը մտավ Երուսաղեմ, տաճար և իր շուրջն ամեն ինչ աչքի անցկացրեց։ Եվ քանի որ երեկո էր, տասներկուսի հետ գնաց Բեթանիա։
Անպտուղ թզենին
(Մտթ. 21.18-22)
12Հաջորդ օրը, մինչ Բեթանիայից դուրս էին գալիս, Հիսուսը քաղց զգաց։ 13Հեռվից տերևներով լեցուն մի թզենի տեսնելով՝ գնաց, որ նրա վրա մի բան գտնի։ Բայց երբ նրան մոտեցավ, տերևից բացի ոչինչ չգտավ, որովհետև տակավին թզի ժամանակը չէր։ 14Հիսուսը խոսքը թզենուն ուղղեց և ասաց. «Այլևս երբեք ոչ ոք քեզնից թող պտուղ չուտի»։ Եվ նրա աշակերտները լսում էին։
Տաճարում առևտուր անողների վտարումը
(Մտթ. 21.12-17, Ղուկ. 19.45-48, Հովհ. 2.13-22)
15Եկան Երուսաղեմ։ Հիսուսը, տաճար մտնելով, սկսեց վռնդել տաճարում գտնվող վաճառողներին ու գնորդներին, լումայափոխների սեղանները տապալեց և աղավնեվաճառների աթոռները շուռ տվեց։ 16Թույլ չէր տալիս, որ որևէ մեկը որևէ բան տեղափոխեր տաճարի միջով։ 17Եվ ուսուցանում էր նրանց ու ասում. «Սուրբ Գիրքն ասում է.
“Իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պիտի կոչվի” (Ես. 56.7),
իսկ դուք այն ավազակների որջերի եք վերածել»։
18Քահանայապետներն ու դպիրները լսեցին այս և հնար էին փնտրում, թե ինչպե՛ս նրան կորստյան մատնեին, բայց վախենում էին նրանից, որովհետև ամբողջ ժողովուրդը հիանում էր նրա ուսուցմամբ։ 19Իսկ Հիսուսը և իր աշակերտները, երբ երեկո էր լինում, քաղաքից դուրս էին ելնում։
Թզենու դասը. հավատ և աղոթք
(Մտթ. 21.20-22)
20Առավոտյան կանուխ, երբ նույն ճանապարհով էին անցնում, տեսան, որ թզենին արմատից չորացել է։ 21Պետրոսը հիշեց և ասաց նրան. «Ռաբբի՛, ահավասիկ թզենին, որին անիծեցիր, չորացել է»։ 22Հիսուսը խոսքն ուղղեց նրանց և ասաց. «Եթե Աստծու հանդեպ հավատ ունենաք, 23ճշմարիտ եմ ասում ձեզ, ով այս լեռանն ասի. “Ե՛լ և ծո՛վն ընկիր”, և իր սրտում չկասկածի, այլ հավատա, թե ինչ որ ասում է, կլինի, նա ինչ էլ ասի, կկատարվի։ 24Դրա համար ասում եմ ձեզ, այն ամենը, ինչ աղոթք անելով խնդրեք և հավատաք, որ կստանաք, կտրվի ձեզ։ 25Եվ երբ աղոթքի կանգնեք, եթե մեկի դեմ որևէ բան ունեք, ներե՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ձեզ ների ձեր հանցանքները։ 26Որովհետև եթե դուք չներեք, ձեր երկնավոր Հայրն էլ չի ների ձեր հանցանքները»։
Հարց Հիսուսին՝ իր իշխանության մասին
(Մտթ. 21.23-27, Ղուկ. 20.1-8)
27Հիսուսը և իր աշակերտները դարձյալ Երուսաղեմ եկան։ Մինչ Հիսուսը տաճարում շրջում էր, քահանայապետները, դպիրներն ու ծերերը մոտեցան նրան 28և հարցրին. «Ի՞նչ իշխանությամբ ես անում այս բաները, և ո՞վ քեզ տվեց այդ իշխանությունը»։ 29Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, պատասխա՛ն տվեք ինձ, և ես կասեմ ձեզ, թե ի՛նչ իշխանությամբ եմ անում այս բաները։ 30Հովհաննեսի մկրտությունը երկնքի՞ց էր, թե՞ մարդկանցից։ Պատասխա՛ն տվեք ինձ»։ 31Նրանք սկսեցին իրար մեջ խորհել և ասել. «Եթե ասենք՝ “Երկնքից”, մեզ կասի՝ “Ապա ինչո՞ւ չհավատացիք նրան”, 32իսկ եթե ասենք՝ “Մարդկանցից”, ժողովրդից ենք վախենում». որովհետև բոլորը գիտեին, որ Հովհաննեսը մարգարե էր։ 33Պատասխան տվեցին և Հիսուսին ասացին՝ չգիտենք։ Հիսուսն էլ նրանց պատասխանեց և ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թե ի՛նչ իշխանությամբ եմ անում այս բաները»։

高亮显示

分享

复制

None

想要在所有设备上保存你的高亮显示吗? 注册或登录