ՄԱՐԿՈՍ 8

8
Հացի երկրորդ բազմացումը
(Մտթ. 15.32-39)
1Այդ օրերին դարձյալ մեծ բազմություն էր հավաքվել, և ուտելու բան չունեին։ Հիսուսը կանչեց իր աշակերտներին և ասաց նրանց. 2«Սիրտս ցավում է այս ժողովրդի համար, որովհետև արդեն երեք օր է, ինչ ինձ մոտ են, և ոչինչ չունեն, որ ուտեն։ 3Եթե նրանց քաղցած արձակեմ իրենց տները, ճանապարհին ուժասպառ կլինեն, որովհետև նրանցից ոմանք հեռվից են եկել»։ 4Աշակերտները նրան պատասխանեցին. «Այս ամայի վայրում որտեղի՞ց կարող ես նրանց հացով կշտացնել»։ 5Հիսուսը նրանց հարցրեց. «Քանի՞ նկանակ հաց ունեք»։ «Յոթ»,- պատասխանեցին նրանք։ 6Հիսուսը հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնին։ Ապա վերցնելով յոթ նկանակները՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց և տվեց աշակերտներին, որ բաժանեն։ Նրանք էլ բաժանեցին ժողովրդին։ 7Քիչ թվով մանր ձկներ էլ ունեին։ Հիսուսը դրանք ևս օրհնեց և հրամայեց բաժանել։ 8Կերան և կշտացան, յոթ զամբյուղ էլ ավելացած կտորտանքներ հավաքեցին։ 9Ապա Հիսուսը նրանց արձակեց։ Նրանք, ովքեր կերան, մոտ չորս հազար հոգի էին։
Երկնային նշանի հայցում Հիսուսից
(Մտթ. 16.1-4)
10Աշակերտների հետ իսկույն նավակ մտնելով՝ եկավ Դաղմանութայի կողմերը։ 11Փարիսեցիները եկան և սկսեցին վիճել Հիսուսի հետ։ Նրան փորձելով՝ երկնքից նշան էին ուզում նրանից։ 12Հիսուսը հոգու խորքից հառաչեց և ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրվելու»։ 13Թողեց նրանց, դարձյալ նավակ նստեց և գնաց լճի մյուս կողմը։
Փարիսեցիների և հերովդեսականների խմորը
(Մտթ. 16.5-12)
14Աշակերտները մոռացել էին հաց վերցնել և նավակում միայն մեկ նկանակ ունեին իրենց հետ։ 15Հիսուսը պատվիրեց նրանց և ասաց. «Զգո՛ւյշ եղեք փարիսեցիների խմորից և հերովդեսականների խմորից»։ 16Իսկ աշակերտներն իրենց մեջ խորհում էին և ասում. «Այսպես է ասում, որովհետև հաց չունենք»։ 17Հիսուսն իմացավ նրանց մտածումը և ասաց. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք ձեր սրտում խորհում, թե հաց չունեք։ Դեռ չե՞ք հասկանում և չե՞ք հիշում։ Ապշությո՞ւնն է պատել ձեր սրտերը։ 18Աչք ունեք և չե՞ք տեսնում, ականջ ունեք և չե՞ք լսում ու դեռ չե՞ք հասկանում։ Չե՞ք հիշում, 19երբ հինգ նկանակով հինգ հազար հոգի կերակրվեցին, իսկ կտորտանքներով լի քանի՞ սակառ հավաքեցիք»։ Նրան պատասխանեցին՝ «Տասներկու»։ 20«Եվ երբ յոթ նկանակով չորս հազար հոգի կերակրվեցին, կտորտանքներով լի քանի՞ զամբյուղ հավաքեցիք»։ Նրանք պատասխանեցին՝ «Յոթ»։ 21Եվ Հիսուսը նրանց ասաց. «Իսկ ինչպե՞ս չեք հասկանում»։
Կույրի բժշկումը
22Եկան Բեթսայիդա։ Հիսուսի առաջ բերեցին մի կույրի և աղաչում էին, որ դիպչի նրան։ 23Հիսուսը, բռնելով կույրի ձեռքից, գյուղից դուրս հանեց, թքով թրջեց նրա աչքերը և ձեռքը դրեց նրա վրա։ Եվ հարցնում էր կույրին, թե որևէ բան տեսնո՞ւմ է։ 24Նա բացեց աչքերը և ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ քայլում են, ինչպես ծառեր»։ 25Հիսուսը ձեռքերը դարձյալ դրեց նրա աչքերի վրա։ Կույրը բացեց աչքերը և նայում էր, բժշկվեց և ամեն ինչ հստակ տեսնում էր։ 26Հիսուսը նրան իր տուն ուղարկեց և ասաց. «Գյուղ մի՛ մտիր, այլ գնա՛ քո տուն, իսկ երբ գյուղ մտնես, այնտեղ ոչ ոքի չասես»։
Ո՞վ է Հիսուսը
(Մտթ. 16.13-20, Ղուկ. 9.18-21)
27Հետո Հիսուսն իր աշակերտների հետ գնաց Փիլիպպյան Կեսարիայի գյուղերը։ Ճանապարհին աշակերտներին հարցուփորձ էր անում և ասում. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»։ 28Նրանք պատասխան տվեցին և ասացին. «Ըստ ոմանց՝ Հովհաննես Մկրտիչը, ըստ ուրիշների՝ Եղիան կամ մարգարեներից մեկը»։ 29Ապա նրանց հարցրեց. «Իսկ դուք ի՞նչ եք ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»։ Պետրոսը պատասխան տվեց և նրան ասաց. «Դու Քրիստոսն ես»։ 30Հիսուսը խստիվ պատվիրեց նրանց, որ ոչ ոքի չասեն իր մասին։
Հիսուսը խոսում է իր մահվան և հարության մասին
(Մտթ. 16.21-23, Ղուկ. 9.22)
31Ապա Հիսուսն սկսեց ուսուցանել աշակերտներին, թե Մարդու Որդին բազում չարչարանքներ պիտի կրի, անարգվի ծերերից, քահանայապետներից և դպիրներից, պիտի մեռնի և երրորդ օրը հարություն առնի։ 32Հիսուսը բացահայտ խոսեց այս բաները։ Պետրոսը, նրան մի կողմ տանելով, սկսեց հանդիմանել նրան։
Հիսուսին հետևելու պայմաններ
(Մտթ. 16.24-28, Ղուկ. 9.23-27)
33Իսկ Հիսուսը շրջվեց, տեսավ աշակերտներին, հանդիմանեց Պետրոսին և ասաց. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև դու չես խորհում այն, ինչ Աստված է անում, այլ այն, ինչ մարդիկ են անում»։
34Ապա իր մոտ կանչեց ժողովրդին՝ աշակերտների հետ, և ասաց նրանց. «Եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից, 35որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, պիտի կորցնի այն. իսկ ով կորցնի իր կյանքը Ավետարանի համար, պիտի փրկի այն։ 36Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի. 37որովհետև մարդ ի՞նչ հատուցում կարող է տալ իր կյանքի փոխարեն։ 38Ով ինձ և իմ խոսքերը ամոթ համարի այս շնացող ու մեղավոր սերնդի մեջ, Մարդու Որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գա իր Հոր և սուրբ հրեշտակների փառքով»։

目前选定:

ՄԱՐԿՈՍ 8: ՆԷԱ

高亮显示

分享

复制

None

想要在所有设备上保存你的高亮显示吗? 注册或登录