YouVersion Logo
Search Icon

ԵԼՔ 6

6
1Տերն ասաց Մովսեսին. «Հիմա կտեսնես, թե ի՛նչ եմ անելու փարավոնին։ Իմ հզոր ձեռքը կստիպի նրան ձեզ արձակել, և իմ բարձրացած բազուկը կստիպի նրան, որ ձեզ հանի իր երկրից»։
Աստված կանչում է Մովսեսին
2Աստված ասաց Մովսեսին. «Ես եմ Տերը, 3որ երևացի Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։ Նրանց Աստվածն եմ, և իմ անունը Տեր է, բայց նրանց այդ չհայտնեցի։ 4Ես իմ ուխտը հաստատեցի նրանց հետ՝ տալու նրանց քանանացիների երկիրը, որտեղ նրանք պանդուխտ եղան։ 5Ես լսեցի Իսրայելի որդիների հեծեծանքը եգիպտացիների ճնշման պատճառով և հիշեցի ձեզ տված իմ ուխտը։ 6Գնա՛ Իսրայելի որդիների մոտ ու ասա՛. “Ես՝ Տերը, ազատելու եմ ձեզ եգիպտացիների բռնությունից և հանելու եմ ձեզ նրանց ծառայությունից, փրկելու եմ ձեզ իմ հզոր բազկով ու նրանց մեծ պատիժներ հասցնելով։ 7Ձեզ պիտի վերցնեմ որպես իմ ժողովուրդը և պիտի լինեմ ձեր Աստվածը, և պիտի իմանաք, որ ես՝ Տերը, ձեր Աստվածն եմ, որ ձեզ հանելու եմ եգիպտացիների բռնությունից 8և ձեզ տանելու եմ այն երկիրը, որ երդվեցի տալ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։ Այն ձեզ եմ տալու որպես ժառանգություն, որովհետև ես եմ Տերը”»։ 9Մովսեսն այսպես խոսեց Իսրայելի որդիների հետ, բայց նրանք չլսեցին նրան կարճամտության և տաժանելի աշխատանքի պատճառով։
10Եվ Տերը Մովսեսին ասաց. 11«Մտի՛ր ու խոսի՛ր եգիպտացիների արքա փարավոնի հետ, որ նա Իսրայելի որդիներին արձակի եգիպտացիների երկրից»։ 12Մովսեսը Տիրոջ առջև ասաց. «Ահա Իսրայելի որդիներն ինձ չլսեցին, փարավոնն ինչպե՞ս ինձ կլսի, հատկապես որ ես լավ խոսող մեկը չեմ»։ 13Եվ Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և պատվիրեց նրանց ասել Իսրայելի որդիներին ու եգիպտացիների արքա փարավոնին, որ Իսրայելի որդիները դուրս պիտի գան եգիպտացիների երկրից։
Մովսեսի և Ահարոնի ազգաբանությունը
14Նրանց ցեղերի ընտանիքների նահապետները սրանք են՝ Իսրայելի անդրանիկի՝ Ռուբենի որդիները՝ Ենովքը, Փաղղուսը, Ասրովնը ու Քարմին. սա է Ռուբենի ցեղը։
15Շմավոնի որդիներն են Համուելը, Համինը, Ահովդը, Հաքինը, Սահառն ու Սավուղը, որը փյունիկուհուց էր ծնվել։ Սրանք Շմավոնի որդիների ընտանիքների նահապետներն են։
16Սրանք են Ղևիի որդիների անունները, ըստ իրենց սերունդների՝ Գեթսոն, Կահաթ և Մերարի։ Ղևին ապրեց հարյուր երեսունյոթ տարի։ 17Գեթսոնի որդիներն են Ղոբենին և Սեմեին. սրանք ընտանեկան տների նահապետներն են։ 18Կահաթի որդիներն են Ամրամը, Իսահառը, Քեբրոնն ու Ոզիելը։ Կահաթն ապրեց հարյուր երեսուներեք տարի։ 19Մերարիի որդիներն են Մոոլին ու Մուսին։ Սրանք Ղևիի նահապետական տներն են ըստ իրենց ընտանիքների։ 20Ամրամն իրեն կին առավ իր հորեղբոր դուստր Հովքաբեթին, որը նրան ծնեց Ահարոնին, Մովսեսին ու նրանց քույր Մարիամին։ Ամրամն ապրեց հարյուր երեսունյոթ տարի։ 21Իսահառի որդիներն են Կորխը, Նափեգն ու Զեքրին։ 22Ոզիելի որդիներն են Միսայելը, Ելիսափանն ու Սեթրին։ 23Ահարոնն իրեն կին առավ Ամինադաբի դուստր՝ Նաասովնի քույր Եղիսաբեթին, որը նրան ծնեց Նադաբին, Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին։ 24Կորխի որդիներն են Ասիրը, Եղկանան ու Բիասափը։ Սրանք Կորխի ծնունդներն են։ 25Ահարոնի որդի Եղիազարը իրեն կին առավ Փուտիելի դուստրերից, որը նրա համար ծնեց Փենեեսին։ Սրանք են ղևտացիների նահապետական տների իշխանները ըստ իրենց ընտանիքների։
Աստծու հրամանը Մովսեսին և Ահարոնին
26Այս Ահարոնն ու Մովսեսն էին, որոնց Աստված պատվիրեց Իսրայելի բոլոր որդիներին իրենց ողջ ունեցվածքով հանել եգիպտացիների երկրից։ 27Այս Ահարոնն ու Մովսեսն էին, որ խոսում էին եգիպտացիների արքա փարավոնի հետ՝ Եգիպտոսից հանելու Իսրայելի որդիներին, 28այն օրը, երբ Տերը եգիպտացիների երկրում խոսեց Մովսեսի հետ, 29ասաց. «Ես եմ Տերը։ Ասա՛ եգիպտացիների արքա փարավոնին այն ամենը, ինչ կասեմ քեզ»։ 30Եվ Մովսեսը Տիրոջ առջև ասաց. «Ահա ես ձայն չունեմ, փարավոնն ինձ ինչպե՞ս կլսի»։

Currently Selected:

ԵԼՔ 6: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in