YouVersion Logo
Search Icon

ԾՆՈՒՆԴ 24

24
Իսահակի ամուսնությունը
1Աբրահամը ծերացել էր, տարիքն առել։ Եվ Տերն օրհնել էր Աբրահամին ըստ ամենայնի։ 2Աբրահամն ասաց իր տան ավագագույն ծառային՝ իր ամբողջ ունեցվածքի կառավարչին. «Ձեռքդ դի՛ր իմ ազդրի տակ։ 3Երդվեցնում եմ քեզ Տիրոջ՝ երկնքի Աստծու և երկրի Աստծու անունով, որ իմ որդի Իսահակի համար կին չես առնի քանանացիների դուստրերից, որոնց մեջ ես բնակվում եմ, 4այլ կգնաս այն երկիրը, որտեղ ծնվել եմ, իմ ցեղի մոտ, և այնտեղից իմ որդի Իսահակի համար կին կընտրես»։ 5Ծառան նրան ասաց. «Գուցե կինը չցանկանա գալ ինձ հետ այս երկիրը։ Այդ դեպքում քո որդուն տանե՞մ այն երկիրը, որտեղից եկել ես»։ 6Աբրահամն ասաց. «Զգո՛ւյշ եղիր, իմ որդուն այնտեղ չվերադարձնես։ 7Տերը՝ երկնքի Աստվածը և երկրի Աստվածը, որ ինձ հանեց իմ հոր տնից ու այն երկրից, որտեղ ծնվել եմ, նա, որ խոսեց ինձ հետ ու խոստացավ ինձ՝ ասելով. “Քո սերունդներին եմ տալու այս երկիրը”, իր հրեշտակին կուղարկի քո առաջ, և այնտեղից կին կառնես իմ որդի Իսահակի համար։ 8Իսկ եթե կինը չուզենա քեզ հետ գալ այս երկիրը, քո տված երդումից անպարտ լինես, միայն թե իմ որդուն չվերադարձնես»։ 9Ծառան ձեռքը դրեց իր տիրոջ՝ Աբրահամի ազդրի տակ և երդվեց նրան այդ բանի համար։
10Ծառան վերցրեց իր տիրոջ ուղտերից տասը ուղտ, նաև իր տիրոջ բոլոր բարիքներից և ճանապարհ ընկավ դեպի Միջագետք՝ Նաքովրի քաղաքը։ 11Երեկոյան, այն ժամին, երբ կանայք գալիս էին ջուր հանելու, ուղտերին նստեցրեց քաղաքից դուրս՝ ջրհորի մոտ։ 12Եվ ասաց. «Տե՛ր, իմ տեր Աբրահամի՛ Աստված, այսօր ինձ հաջողությո՛ւն պարգևիր և ողորմի՛ր իմ տեր Աբրահամին։ 13Ահա ես ջրի աղբյուրի մոտ եմ, և այս քաղաքի բնակիչների դուստրերը գալիս են ջուր հանելու։ 14Թող լինի մի կույս, որին ես ասեմ՝ “Սափորդ իջեցրո՛ւ, որ խմեմ”, իսկ նա ինձ ասի՝ “Խմի՛ր, քո ուղտերին էլ ջուր կտամ, մինչև հագենան խմելուց”։ Եվ նա թող լինի այն կույսը, որին նախատեսել ես քո ծառա Իսահակի համար, և դրանով էլ իմանամ, որ բարեհաճ եղար իմ տեր Աբրահամի նկատմամբ»։
15Նա մտքում դեռ չէր վերջացրել իր խոսքը, երբ եկավ Ռեբեկան, որը Աբրահամի եղբայր Նաքովրի Մեղքա կնոջ որդի Բաթուելի դուստրն էր. նա ուսին սափոր ուներ։ 16Աղջիկն արտաքինով շատ գեղեցիկ էր։ Նա կույս էր, որին տղամարդ դեռ չէր մերձեցել։ Նա իջավ աղբյուրի մոտ, լցրեց իր սափորն ու ելավ։ 17Ծառան ընդառաջ գնաց նրան ու ասաց. «Թող այդ սափորից մի քիչ ջո՛ւր խմեմ»։ 18Եվ նա ասաց. «Խմի՛ր, տե՛ր», և սափորը փութով իջեցրեց իր բազուկների վրա ու խմեցրեց նրան, 19մինչև որ հագեցավ։ Ապա ասաց. «Քո ուղտերի համար էլ ջուր կհանեմ, մինչև բոլորն էլ հագենան»։ 20Նա սափորի ջուրն անմիջապես թափեց գուռի մեջ և նորից վազեց ջրհորը՝ ջուր հանելու, և բոլոր ուղտերի համար ջուր հանեց։ 21Ծառան ուշադիր հետևում էր նրան ու փորձում հասկանալ, թե Տերը հաջողեցրե՞ց իր գործը, թե՞ ոչ։ 22Երբ բոլոր ուղտերը հագեցան, ծառան նրան տվեց ոսկե գինդեր՝ յուրաքանչյուրը մեկ դահեկանի քաշով, և տասը դահեկանի քաշով երկու ապարանջան դրեց նրա ձեռքերին։ 23Ապա հարցրեց նրան՝ ասելով. «Ո՞ւմ դուստրն ես դու, ասա՛ ինձ, քո տանը մեզ համար իջևանելու տեղ կա՞»։ 24Աղջիկը պատասխանեց նրան. «Ես Բաթուելի՝ Մեղքայի և Նաքովրի որդու դուստրն եմ»։ 25Ապա ավելացրեց. «Հարդ ու խոտ շատ ունենք, նաև իջևանելու տեղ»։ 26Ծառան ուրախացավ, երկրպագեց Աստծուն 27և ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ իմ տեր Աբրահամի Աստվածը, որ իմ տիրոջը չզրկեց իր արդարությունից ու ճշմարտությունից։ Տերն ինձ առաջնորդեց իմ տիրոջ եղբոր տունը»։ 28Իսկ աղջիկը վազեց իր մոր տուն ու պատմեց կատարվածի մասին։ 29Ռեբեկան մի եղբայր ուներ, որի անունը Լաբան էր։ Լաբանը դուրս վազեց դեպի աղբյուրը՝ ծառայի մոտ։ 30Գինդերն ու իր քրոջ ձեռքերի ապարանջանները տեսնելով և իր քույր Ռեբեկայից լսելով, թե՝ «Այսպես խոսեց ինձ հետ այդ մարդը»՝ մոտեցավ ծառային, որ դեռ կանգնած էր իր ուղտերի կողքին՝ աղբյուրի մոտ, 31և ասաց նրան. «Արի՛, տո՛ւն մտիր, Տիրո՛ջ օրհնյալդ, ինչո՞ւ ես կանգնել դրսում։ Ես քեզ համար օթևան և քո ուղտերի համար տեղ եմ պատրաստել»։
32Ծառան մտավ տուն և ուղտերի վրայից թամբերն իջեցրեց։ Ուղտերին հարդ ու խոտ տվեցին, իսկ նրա ու նրա հետ եկածների ոտքերը լվալու համար՝ ջուր։ 33Ապա նրանց առաջ հաց դրեցին, որ ուտեն։ Ծառան ասաց. «Չեմ ուտի, մինչև չասեմ ասելիքս»։ Նրանք ասացին. «Խոսի՛ր»։ 34Նա ասաց. «Ես Աբրահամի ծառան եմ։ 35Տերը մեծապես օրհնեց իմ տիրոջը, և նա մեծ մարդ դարձավ։ Նրան տվեց արջառներ ու ոչխարներ, արծաթ ու ոսկի, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր։ 36Սառան՝ իմ տիրոջ կինը, ծերության հասակում իմ տիրոջ համար մի որդի ծնեց, և իր ողջ ունեցվածքը նրան տվեց։ 37Եվ իմ տերն ինձ երդվեցրեց ու ասաց. “Իմ որդի Իսահակի համար կին չառնես քանանացիների աղջիկներից, որոնց երկրում ես պանդուխտ եմ, 38այլ կգնաս իմ հոր տուն ու իմ տոհմի մոտ և այնտեղից կին կբերես իմ որդու համար”։ 39Ես իմ տիրոջն ասացի. “Գուցե կինն ինձ հետ չգա”։ 40Նա ասաց ինձ. “Տերը՝ իմ Աստվածը, որի կամքի համաձայն ես ապրեցի, քեզ հետ կուղարկի իր հրեշտակին և կհաջողեցնի քո առաքելությունը, և իմ ցեղից ու իմ հոր տնից կին կառնես իմ որդու համար։ 41Եվ միայն այն ժամանակ դու ազատված կլինես իմ նզովքից, երբ գնաս իմ տոհմի մոտ, և կին չտան, այն ժամանակ ինձ տված երդումից ազատ կլինես”։ 42Երբ այսօր աղբյուրի մոտ եկա, ասացի. “Տե՛ր, իմ տեր Աբրահամի՛ Աստված, եթե հաջողեցնելու ես իմ առաքելությունը, որի համար ես այժմ եկել եմ, 43ահա ես հասել եմ ջրի աղբյուրի մոտ, և քաղաքի բնակիչների դուստրերը գալիս են ջուր հանելու։ Այն կույսը, որին ասեմ՝ “Քո սափորից մի քիչ ջուր տուր խմելու”, 44և նա ասի ինձ՝ “Խմի՛ր, քո ուղտերի համար էլ ջուր կհանեմ”, նա թող լինի այն կինը, որին նախատեսել է Տերը իր ծառա Իսահակի համար։ Դրանից կիմանամ, որ բարեհաճ ես եղել իմ տեր Աբրահամի նկատմամբ”։ 45Եվ դեռ իմ մտքում չէի վերջացրել իմ խոսքը, երբ իսկույն եկավ Ռեբեկան, որ ուսին սափոր ուներ, իջավ աղբյուրը և ջուր հանեց։ Ես ասացի նրան. “Ինձ ջո՛ւր տուր խմելու”։ 46Նա փութով իջեցրեց սափորն ու ասաց. “Դու խմի՛ր, հետո քո ուղտերին էլ ջուր կտամ”։ Ես խմեցի, և նա իմ ուղտերին էլ ջուր տվեց։ 47Ես նրան հարցրի ու ասացի. “Դու ո՞ւմ դուստրն ես, ասա՛ ինձ”։ Նա պատասխանեց. “Ես Մեղքայի և Նաքովրի որդի Բաթուելի դուստրն եմ”։ Ես գինդեր դրեցի նրա ականջներին, ապարանջաններ՝ նրա ձեռքերին 48և գոհանալով երկրպագեցի Տիրոջը, օրհնեցի նրան՝ իմ տեր Աբրահամի Աստծուն, որ առաջնորդեց ինձ ուղիղ ճանապարհով՝ իմ տիրոջ եղբոր աղջկան կին առնելու նրա որդու համար։ 49Արդ, ասե՛ք ինձ, իմ տիրոջ նկատմամբ շնորհ և արդարություն ցուցաբերելո՞ւ եք։ Իսկ եթե ոչ, ասե՛ք ինձ, որ աջ կամ ձախ գնամ»։ 50Լաբանն ու Բաթուելը պատասխանելով ասացին. «Տիրոջ կամքն է այդ, և մենք չէ, որ այո կամ ոչ պիտի ասենք։ 51Ահա Ռեբեկան քո առջևում է, ա՛ռ և գնա՛։ Եվ թող դառնա քո տիրոջ որդու կինը, ինչպես ասել է Տերը»։ 52Երբ Աբրահամի ծառան լսեց նրանց խոսքերը, երկրպագեց Տիրոջը։ 53Ծառան հանեց ոսկե և արծաթե զարդեր ու զգեստներ և տվեց Ռեբեկային։ Նա նվերներ տվեց նաև նրա եղբայրներին ու մորը։ 54Կերան ու խմեցին նաև այն մարդիկ, որոնք նրա հետ էին, և ապա քնեցին։ Առավոտյան վեր կենալով՝ նա ասաց. «Ճանապարհե՛ք ինձ, որ գնամ տիրոջս մոտ»։ 55Ռեբեկայի եղբայրներն ու մայրն ասացին. «Թող աղջիկը մեզ մոտ մնա մի տասը օր, հետո թող գնա»։ 56Ծառան ասաց նրանց. «Ինձ մի՛ պահեք, որովհետև Տերը հաջողեցրեց իմ առաքելությունը։ Թողե՛ք, որ գնամ տիրոջս մոտ»։ 57Ռեբեկայի եղբայրներն ասացին. «Կանչենք աղջկան և նրան հարցնենք»։ 58Կանչեցին Ռեբեկային ու հարցրին. «Կգնա՞ս այս մարդու հետ»։ Նա պատասխանեց. «Կգնամ»։ 59Եվ նրանք ճանապարհեցին իրենց քույր Ռեբեկային իր ունեցվածքով, ինչպես նաև Աբրահամի ծառային ու նրա ուղեկիցներին։ 60Եվ օրհնելով Ռեբեկային՝ ասացին. «Քո՛ւյր մեր, քո սերունդը թող հազարավոր ու բյուրավոր դառնա և ժառանգի քո թշնամիների քաղաքները»։ 61Ռեբեկան ու իր նաժիշտները վեր կացան, նստեցին ուղտերի վրա և այդ մարդու հետ ճանապարհ ընկան։ Ծառան վերցրեց Ռեբեկային ու գնաց։
62Իսահակն անապատում էր՝ Տեսիլքի ջրհորի [𝕸 Բեեր-լախայ-ռոի] մոտ, որովհետև բնակվում էր երկրի հարավային կողմում։ 63Իսահակը երեկոյան ելավ դաշտ՝ զբոսնելու։ Նա աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ տասը ուղտեր են գալիս։ 64Ռեբեկան նույնպես աչքերը վեր բարձրացրեց, տեսավ Իսահակին ու անմիջապես իջավ ուղտից 65և հարցրեց ծառային. «Ո՞վ է այն մարդը, որ դաշտում մեզ ընդառաջ է գալիս»։ Ծառան պատասխանեց. «Նա իմ տերն է»։ Ռեբեկան առավ քողն ու գցեց իր վրա։ 66Ծառան Իսահակին պատմեց այն ամենը, ինչ արել էր։ 67Իսահակը մտավ իր մոր՝ Սառայի տունը, առավ Ռեբեկային, որը դարձավ նրա կինը։ Իսահակը սիրեց նրան և մխիթարվեց իր մոր՝ Սառայի մահվան վշտից։

Currently Selected:

ԾՆՈՒՆԴ 24: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in