YouVersion Logo
Search Icon

ԾՆՈՒՆԴ 26

26
Իսահակը Գերարայում
1Երկրում սով եղավ. այն նախորդ սովից բացի, որ եղել էր Աբրահամի ժամանակ։ Իսահակը գնաց Գերարայի փղշտացի արքա Աբիմելեքի մոտ։ 2Տերը երևաց նրան ու ասաց. «Մի՛ իջիր Եգիպտոս, այլ բնակվի՛ր այն երկրում, որ քեզ կասեմ. 3իբրև պանդուխտ ապրի՛ր այս երկրում, և ես կլինեմ քեզ հետ ու կօրհնեմ քեզ, որովհետև քեզ ու քո ժառանգներին եմ տալու այս ողջ երկիրը։ Ես կկատարեմ այն երդումը, որ տվեցի քո հայր Աբրահամին։ 4Քո ժառանգները բազմանալու են երկնքի աստղերի չափ, այս ամբողջ երկիրը տալու եմ քո զավակներին, և նրանց միջոցով են օրհնվելու երկրի բոլոր ազգերը, 5քանի որ Աբրահամը՝ քո հայրը, հնազանդվեց ինձ և պահեց իմ հրամանները, իմ պատվիրանները, իմ կանոններն ու օրենքները»։ 6Եվ Իսահակը բնակություն հաստատեց գերարացիների մեջ։ 7Երբ տեղացիները հարցրին նրա կնոջ՝ Ռեբեկայի մասին, ասաց. «Իմ քույրն է», որովհետև վախեցավ ասել «Իմ կինն է». միգուցե Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանեին իրեն, քանի որ Ռեբեկան արտաքինով գեղեցիկ էր։ 8Նա այնտեղ մնաց երկար ժամանակ։ Երբ մի անգամ փղշտացիների արքա Աբիմելեքը պատուհանից տեսավ, թե ինչպե՛ս է Իսահակը փաղաքշում Ռեբեկային՝ իր կնոջը, 9կանչեց Իսահակին և ասաց նրան. «Ուրեմն քո կինն է։ Ինչո՞ւ ասացիր՝ “Իմ քույրն է”»։ Իսահակն ասաց նրան. «Մտածեցի, թե գուցե նրա պատճառով սպանվեմ»։ 10Աբիմելեքը նրան ասաց. «Ինչո՞ւ մեզ հետ այդպես վարվեցիր. քիչ էր մնացել իմ ազգակիցներից մեկը քներ քո կնոջ հետ, և մենք անգիտությամբ մեղքի մեջ ընկնեինք»։ 11Եվ Աբիմելեքը հրաման արձակեց իր ողջ ժողովրդին՝ ասելով. «Բոլոր նրանք, ովքեր կդիպչեն այդ մարդուն կամ նրա կնոջը, մահվան կդատապարտվեն»։
12Այդ տարի Իսահակը սերմանեց այդ հողում և հարյուրապատիկ ավելի գարի հնձեց. Տերն օրհնել էր նրան։ 13Նա բարձրացավ և առաջ էր գնում ու հարստանում, մինչև որ մեծահարուստ դարձավ։ 14Ձեռք բերեց ոչխարի ու արջառի հոտեր, բազում կալվածքներ։ Փղշտացիները նախանձեցին նրան 15և այն բոլոր ջրհորները, որ նրա հոր՝ Աբրահամի օրոք փորել էին նրա ծառաները, խցանեցին և հողով լցրին։ 16Աբիմելեքն ասաց Իսահակին. «Հեռացի՛ր մեր երկրից, որովհետև մեզանից շատ ավելի հզոր դարձար»։ 17Իսահակն այդտեղից գնաց գերարացիների ձորն ու բնակվեց այնտեղ։ 18Իսահակը դարձյալ բացեց այն ջրհորները, որ փորել էին նրա հոր՝ Աբրահամի ծառաները, և որոնք նրա հայր Աբրահամի մահից հետո խցանել էին փղշտացիները, և այդ ջրհորները կոչեց այն անուններով, որ տվել էր դրանց իր հայր Աբրահամը։
19Իսահակի ծառաները գերարացիների ձորում փորեցին և կենդանի ջրի ջրհոր գտան։ 20Գերարացիների հովիվները կռվեցին Իսահակի հովիվների հետ՝ ասելով, թե իրենցն է այդ ջրհորը։ Ջրհորը կոչեց Զրկանք [𝕸 Էսեք], քանի որ նրանից խլեցին այն։ 21Իսահակը գնաց այդտեղից ու մեկ այլ ջրհոր փորեց։ Սրա համար էլ վիճեցին, և Իսահակն այն կոչեց Թշնամություն [𝕸 Սիտնա22Այնտեղից էլ գնաց ու մեկ այլ ջրհոր ևս փորեց։ Դրա շուրջ վեճ չառաջացավ, և այդ պատճառով այն կոչեց Անդորրություն [𝕸 Ռըխովոտ]՝ ասելով. «Այժմ Տերը մեզ ընդարձակ տեղ տվեց և բազմացրեց մեզ երկրի վրա»։
23Այդտեղից Իսահակը գնաց Երդման ջրհորի մոտ։ Տերն այդ գիշեր երևաց նրան ու ասաց. 24«Ես եմ քո հոր Աստվածը։ Մի՛ վախեցիր, որովհետև քեզ հետ եմ. ես օրհնելու եմ քեզ, բազմացնելու եմ քո զավակներին հանուն քո հայր Աբրահամի»։ 25Իսահակն այդտեղ զոհասեղան շինեց ու կանչեց Տիրոջ անունը և իր վրանը խփեց այդտեղ։ Իսահակի ծառաներն այդտեղ ջրհոր փորեցին։
26Գերարայից նրա մոտ գնացին Աբիմելեքը, նրա սենեկապետ Ոքոզաթը և նրա զորքերի սպարապետ Փիքողը։ 27Իսահակը նրանց ասաց. «Ինչո՞ւ եք եկել ինձ մոտ. չէ՞ որ դուք ատեցիք ինձ և հալածեցիք ձեր մոտից»։ 28Նրանք պատասխանեցին. «Հստակ տեսանք, որ Տերը քեզ հետ է, ուստի դաշինք կապենք միմյանց հետ՝ մեր և քո միջև, և ուխտ կապենք քեզ հետ։ 29Մեր դեմ չարիք մի՛ գործիր, ինչպես որ մենք քո հանդեպ վատություն չարեցինք, այլ լավ վարվեցինք քեզ հետ և թողեցինք, որ խաղաղությամբ հեռանաս մեզանից։ Եվ այժմ դու Տիրոջ օրհնյալն ես»։ 30Իսահակը նրանց համար խրախճանք սարքեց. կերան և խմեցին։ 31Առավոտյան վաղ վեր կենալով՝ երդում տվեցին միմյանց։ Իսահակը նրանց ճանապարհեց, և նրանք մեկնեցին խաղաղությամբ։ 32Այդ օրը Իսահակի ծառաները եկան և նրան հայտնեցին իրենց փորած ջրհորի մասին՝ ասելով. «Ջուր չգտանք» [𝕸 Ջուր գտանք33Իսահակն այդ ջրհորն անվանեց Երդում։ Այդ պատճառով էլ այդ քաղաքը մինչև այսօր կոչվում է Երդման ջրհոր։
34Եսավը քառասուն տարեկան հասակում կին առավ քետացի Բեերի դուստր Հուդիթին և խևացի Ելովնի դուստր Բասեմաթին։ 35Նրանք վշտացնում էին Իսահակին և Ռեբեկային։

Currently Selected:

ԾՆՈՒՆԴ 26: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in