YouVersion Logo
Search Icon

ԾՆՈՒՆԴ 34

34
Դինայի պատվազրկումը և դրա վրեժը
1Հակոբի համար Լիայի ծնած դուստրը՝ Դինան, ելավ այդ կողմի աղջիկներին տեսնելու։ 2Նրան տեսավ Սյուքեմը՝ Եմովր Քոռեցու որդին, որը երկրի իշխանն էր, և նրան առևանգելով՝ պառկեց նրա հետ ու բռնաբարեց նրան։ 3Ամբողջ հոգով կապվելով Հակոբի դուստր Դինային՝ սիրեց նրան և սրտագին խոսեց նրա հետ։ 4Ապա դիմելով իր հորը՝ Եմովրին, ասաց. «Այս աղջկան ինձ համար կնությա՛ն առ»։ 5Հակոբն իմացավ, որ Եմովրի որդին պատվազրկել է իր դուստր Դինային, բայց քանի որ իր որդիները դաշտում՝ անասունների մոտ էին, լուռ մնաց մինչև նրանց գալը։ 6Սյուքեմի հայրը՝ Եմովրը, գնաց Հակոբի մոտ՝ խոսելու։ 7Դաշտից եկան նաև Հակոբի որդիները, և երբ եղածի մասին լսեցին, խոր ցավ ապրեցին և շատ տխրեցին, որովհետև Սյուքեմը, Հակոբի դստեր ծոցը մտնելով, մեծ նախատինք էր հասցրել Իսրայելին, բայց այդպես չպետք է լիներ։ 8Եմովրը, նրանց դիմելով, ասաց. «Իմ որդի Սյուքեմն ամբողջ հոգով սիրել է ձեր դստերը։ Արդ, աղջկան նրան կնությա՛ն տվեք 9և խնամությո՛ւն արեք մեզ հետ. ձեր դուստրերին տվե՛ք մեզ և մեր դուստրերին առե՛ք ձեր որդիներին։ 10Բնակվե՛ք մեզ հետ։ Ահա այս ընդարձակ երկիրը ձեր առջևում է. բնակվե՛ք, օգտվե՛ք դրանից և կալվածքնե՛ր ձեռք բերեք»։ 11Իսկ Սյուքեմն աղջկա հորն ու եղբայրներին ասաց. «Թող շնորհ գտնեմ ձեր առաջ։ Եվ ինչ էլ ուզեք, կտանք։ 12Ավելացրե՛ք պարգևագինը և օժիտը. որքան էլ ասեք, կտամ, միայն թե այդ աղջկան ինձ կնությա՛ն տվեք»։
13Հակոբի որդիները Սյուքեմին ու նրա հայր Եմովրին պատասխանեցին խորամանկությամբ, քանի որ Սյուքեմը պատվազրկել էր իրենց քրոջը՝ Դինային։ 14Լիայի որդիները՝ Դինայի եղբայրներ Շմավոնն ու Ղևին, ասացին. «Չենք կարող մեր քրոջն անթլփատ մարդու տալ, որովհետև դա մեզ համար նախատինք կլինի։ 15Մենք կնմանվենք ձեզ և կբնակվենք ձեր մեջ, եթե դուք ևս նմանվեք մեզ՝ թլփատելով ձեր բոլոր արու զավակներին։ 16Մեր դուստրերին կտանք ձեզ և ձեր դուստրերից մեզ կին կառնենք, կբնակվենք ձեզ հետ և կլինենք իբրև մեկ ժողովուրդ։ 17Իսկ եթե հրաժարվեք թլփատվելուց, կվերցնենք մեր դուստրերին ու կհեռանանք»։ 18Այդ խոսքերը դուր եկան Եմովրին ու Սյուքեմին՝ Եմովրի որդուն։ 19Երիտասարդը, որ իր հոր ընտանիքի անդամներից ամենանշանավորն էր, չհապաղեց թլփատվել, քանի որ շատ էր սիրում Հակոբի դստերը։ 20Եմովրն ու իր որդի Սյուքեմը եկան իրենց քաղաքի դարպասի մոտ և դիմելով իրենց քաղաքի տղամարդկանց՝ ասացին. 21«Այս մարդիկ հաշտ ու խաղաղ են մեզ հետ։ Արդ, թող բնակվեն այս երկրում և վաստակեն այստեղ, քանի որ մեր երկիրն ընդարձակ է և բավարար նաև նրանց համար։ Նրանց դուստրերին մեզ կին առնենք և մեր դուստրերին տանք նրանց։ 22Այդ մարդիկ կնմանվեն մեզ ու կբնակվեն մեզ հետ, և մենք կլինենք իբրև մեկ ժողովուրդ միայն մի պայմանով, որ մեր բոլոր արուները թլփատվեն, ինչպես իրենք են այդ անում։ 23Նրանց ունեցվածքը, նրանց անասունները, նրանց չորքոտանիները արդյոք մերը չե՞ն լինի։ Միայն սրանով կնմանվենք նրանց, և նրանք կբնակվեն մեզ հետ»։ 24Բոլոր նրանք, ովքեր անցնում էին իրենց քաղաքի դարպասով, համաձայնվեցին Եմովրի ու նրա որդի Սյուքեմի հետ, և բոլոր արուները թլփատվեցին։
25Իսկ երրորդ օրը, երբ դեռ նրանք ցավերի մեջ էին, Հակոբի երկու որդիները՝ Դինայի եղբայրներ Շմավոնն ու Ղևին, վերցնելով իրենց սրերը, համարձակ մտան քաղաք ու կոտորեցին բոլոր արուներին։ 26Նրանք սրի քաշեցին նաև Եմովրին ու նրա որդի Սյուքեմին. Սյուքեմի տնից վերցրին Դինային ու գնացին։ 27Հակոբի մյուս որդիները հարձակվեցին վիրավորների վրա և կողոպտեցին այն քաղաքը, որտեղ պատվազրկել էին իրենց քրոջը՝ Դինային։ 28Նրանք վերցրին քաղաքում և դաշտում գտնվող նրանց արջառները, ոչխարներն ու էշերը, 29գերեվարեցին բոլոր ծառաներին, նրանց կանանց ու ավար առան այն ամենը, ինչ գտան թե՛ քաղաքում և թե՛ տներում։ 30Այն ժամանակ Հակոբն ասաց Շմավոնին ու Ղևիին. «Ինձ ատելի և չար դարձրիք այս երկրի բնակիչների՝ քանանացիների ու փերեզացիների աչքին։ Մենք սակավաթիվ ենք։ Եթե նրանք հավաքվեն, ինձ վրա հարձակվեն ու հարվածեն ինձ, ապա կոչնչանանք և՛ ես, և՛ իմ տունը»։ 31Իսկ նրանք պատասխանեցին. «Իսկ ինչո՞ւ նրանք մեր քրոջը վերաբերվեցին իբրև պոռնիկի»։

Currently Selected:

ԾՆՈՒՆԴ 34: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in