YouVersion Logo
Search Icon

ԾՆՈՒՆԴ 47

47
1Հովսեփը գնաց ու փարավոնին ասաց. «Իմ հայրն ու եղբայրները իրենց ոչխարներով ու արջառներով, իրենց ամբողջ ունեցվածքով եկել են քանանացիների երկրից և ահա Գեսեմում են»։ 2Նա, իր եղբայրներից հինգին հետն առնելով, ներկայացրեց փարավոնին։ 3Փարավոնը հարցրեց Հովսեփի եղբայրներին. «Ի՞նչ գործ եք անում»։ Նրանք պատասխանեցին փարավոնին. «Քո ծառաները՝ թե՛ մենք, թե՛ մեր հայրերը, ոչխարների հովիվներ ենք»։ 4Նրանք ասացին փարավոնին. «Պանդխտության ենք եկել այս երկիրը, որովհետև քո ծառաների ոչխարները կեր չունեին, քանի որ քանանացիների երկրում սովը սաստկացավ։ Արդ, թո՛ւյլ տուր, որ մենք՝ քո ծառաները, բնակվենք Գեսեմ երկրում»։ 5Փարավոնը ասաց Հովսեփին. «Քո հայրն ու քո եղբայրները եկել են քեզ մոտ։ 6Ահա եգիպտացիների երկիրը քո առջև է. արգավանդ մի շրջանում բնակեցրո՛ւ քո հորն ու եղբայրներին։ Նրանք թող բնակվեն Գեսեմ երկրում։ Իսկ եթե գիտես, որ նրանց մեջ կան հմուտ անձինք, իմ ոչխարների հոտերի վրա վերակացո՛ւ կարգիր»։ 7Հովսեփը փարավոնին ներկայացրեց նաև իր հորը՝ Հակոբին, և Հակոբն օրհնեց փարավոնին։ 8Փարավոնը հարցրեց Հակոբին. «Քանի՞ տարեկան ես»։ 9Հակոբը պատասխանեց փարավոնին. «Իմ ապրած կյանքի տարիների թիվը հարյուր երեսուն է։ Քիչ ու դժվարին են եղել իմ կյանքի տարիները և չեն հասել իմ հայրերի ապրած կյանքի տարիներին»։ 10Հակոբն օրհնեց փարավոնին և դուրս եկավ նրա մոտից։ 11Հովսեփն իր հորն ու եղբայրներին բնակեցրեց եգիպտացիների երկրի բարեբեր մի շրջանում՝ Ռամեսեի երկրում, ինչպես հրամայել էր փարավոնը։ 12Հովսեփն իր հորն ու եղբայրներին և իր հոր ընտանիքի բոլոր անդամներին ցորեն էր տալիս՝ ըստ իրենց շնչի։
13Պարենն սպառվել էր ողջ երկրում, քանի որ սովը խիստ սաստկացել էր։ Սովից հյուծվեցին եգիպտացիների երկիրն ու քանանացիների երկիրը։ 14Հովսեփը, ցորեն վաճառելով, հավաքեց եգիպտացիների երկրի ու քանանացիների երկրի ողջ արծաթը և այն տարավ փարավոնի պալատը։ 15Երբ եգիպտացիների երկրի ու քանանացիների երկրի արծաթն սպառվեց, բոլոր եգիպտացիները եկան Հովսեփի մոտ ու ասացին. «Մեզ հա՛ց տուր. ինչո՞ւ մեռնենք քո աչքի առաջ. մեր արծաթն սպառվել է»։ 16Հովսեփը նրանց ասաց. «Եթե արծաթն սպառվել է, բերե՛ք ձեր անասունները, և ես ձեր անասունների դիմաց հաց կտամ ձեզ»։ 17Նրանք անասունները բերեցին Հովսեփի մոտ, իսկ Հովսեփը ձիու, ոչխարի, արջառի և էշի դիմաց նրանց կերակրեց հացով։ 18Այդ տարին անցավ. նրանք երկրորդ տարին եկան Հովսեփի մոտ և ասացին. «Տե՛ր, կթողնե՞ս, որ կորստյան մատնվենք. մեր արծաթն սպառվեց, մեր անասուններն ու ունեցվածքը քեզ տվեցինք։ Մենք այլևս ոչինչ չունենք մեր տիրոջը տալու, բացի մեր անձերից ու մեր հողակտորներից։ 19Արդ, որպեսզի քո աչքի առաջ սովամահ չլինենք, և երկիրն էլ չկործանվի, հացի դիմաց գնի՛ր մեզ և մեր հողակտորները. մենք ու մեր հողակտորները թող լինենք փարավոնի սեփականությունը։ Սերմացո՛ւ տուր, որ ցանենք, ապրենք ու չմեռնենք, և երկիրն էլ չկործանվի»։ 20Հովսեփը փարավոնի համար գնեց եգիպտացիների ողջ երկիրը, որովհետև եգիպտացիներն իրենց հողերը վաճառեցին փարավոնին, քանի որ նրանց մեջ սովը սաստկացավ։ Այսպիսով երկիրը դարձավ փարավոնի սեփականությունը, 21և Եգիպտոսի մի ծայրից մինչև մյուս ծայրը բնակվող ժողովուրդը դարձավ նրա ստրուկը, 22բացի քրմերի կալվածքներից, որովհետև Հովսեփը դրանք չգնեց, քանի որ փարավոնը քրմերին առատորեն պարգևատրում էր, և նրանք սնվում էին այն պարգևներով, որ նրանց տալիս էր փարավոնը, այդ պատճառով էլ նրանք չվաճառեցին իրենց կալվածքները։ 23Հովսեփը բոլոր եգիպտացիներին ասաց. «Ահա ձեզ և ձեր հողը ես գնեցի փարավոնի համար։ Ձեզ համար սերմացո՛ւ առեք և հողը սերմանե՛ք։ 24Երբ բերքը ստանաք, մեկ հինգերորդ մասը կտաք փարավոնին, իսկ չորս հինգերորդը թող ձերը լինի իբրև հողի սերմացու և սնունդ՝ ձեզ, ձեր ընտանիքի բոլոր անդամների ու ձեր երեխաների համար»։ 25Նրանք ասացին. «Մեզ փրկեցիր. շնորհ գտանք մեր տիրոջ առաջ, ուստի թող լինենք փարավոնի ծառաները»։ 26Հովսեփը նրանց համար օրենք սահմանեց, որ մինչև այսօր էլ գործում է եգիպտացիների երկրում. բերքի մեկ հինգերորդ մասը տուրք տալ փարավոնին, բացի քրմական հողերից, որոնք փարավոնին չէին պատկանում։
27Իսրայելը բնակվեց եգիպտացիների երկրում՝ Գեսեմում։ Նրանք այնտեղ կալվածքներ ստացան, խիստ աճեցին ու բազմացան։
28Հակոբը եգիպտացիների երկրում ապրեց տասնյոթ տարի, և նրա կյանքի օրերը դարձան հարյուր քառասունյոթ տարի։ 29Երբ Իսրայելի մահվան օրերը մոտեցան, նա կանչեց իր որդի Հովսեփին ու ասաց նրան. «Եթե ես շնորհ գտա քո առաջ, ապա ձեռքդ դի՛ր իմ զիստի տակ ու խոստացի՛ր, որ իմ նկատմամբ արդար ու ողորմած կլինես և ինձ Եգիպտոսում չես թաղի։ 30Թող ննջեմ իմ հայրերի հետ. ինձ թող տանեն Եգիպտոսից ու թաղեն նրանց գերեզմանում»։ Հովսեփն ասաց. «Քո խոսքի համաձայն կանեմ»։ 31Հակոբն ասաց. «Երդվի՛ր ինձ»։ Եվ նա երդվեց նրան, իսկ Իսրայելը խոնարհվեց՝ դիպչելով նրա գավազանի ծայրին։

Currently Selected:

ԾՆՈՒՆԴ 47: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in