ՂԵՎՏԱԿԱՆ 11
11
ՕՐԵՆՔՆԵՐ ՄԱՔՈՒՐԻ ԵՎ ԱՆՄԱՔՈՒՐԻ ՄԱՍԻՆ
(11–16)
Մաքուր և անմաքուր կենդանիները
(Բ Օր. 14.3-21)
1Տերն ասաց Մովսեսին և Ահարոնին. 2«Խոսե՛ք Իսրայելի որդիների հետ և ասե՛ք նրանց. “Սրանք են այն անասունները, որ կարող եք ուտել երկրի վրայի բոլոր կենդանիներից։ 3Կարող եք ուտել այն կենդանիները, որոնք թաթահերձ կճղակավորներ են, որոնց թաթերը երկուսի են բաժանված և որոճացողներ են։ 4Մի՛ կերեք այն կենդանիները, որոնք թեև որոճում են, սակայն թաթահերձ կճղակավոր չեն, ինչպես օրինակ ուղտը, որ թեև որոճում է, սակայն կճղակը երկուսի չի բաժանված, այն թող ձեզ համար անմաքուր լինի։ 5Ինչպես նաև նապաստակը, որ թեև որոճում է, սակայն թաթը երկուսի չի բաժանված, այն թող ձեզ համար անմաքուր լինի։ 6Նաև ճագարը, որ թեև որոճում է, սակայն թաթը երկուսի չի բաժանված, այն թող ձեզ համար անմաքուր լինի։ 7Իսկ խոզը, որ թեև թաթահերձ կճղակավոր է, սակայն չի որոճում, այն նույնպես ձեզ համար թող անմաքուր լինի։ 8Դրանց միսը մի՛ կերեք և սատկած մարմիններին մի՛ դիպչեք, որովհետև դրանք ձեզ համար անմաքուր են։
9Ջրային կենդանիներից կարող եք ուտել նրանք, որոնք ունեն լողակներ ու թեփուկ և ապրում են ջրերում, ծովերում և գետերում։ 10Իսկ ջրերում, ծովերում ու գետերում ապրող բոլոր այն կենդանիները, որոնք լողակներ ու թեփուկ չունեն, մի՛ կերեք. նման բոլոր ծովային կենդանիները անմաքուր են։ 11Եվ քանի որ դրանք անմաքուր են, դրանց միսը չուտեք և սատկած մարմիններին չդիպչեք, 12քանի որ ջրային այն բոլոր կենդանիները, որ լողակներ ու թեփուկ չունեն, անմաքուր են։
13Սրանք են այն թռչունները, որ պիղծ են, որոնցից պիտի գարշեք և դրանց միսը պիտի չուտեք. արծիվը, գիշանգղը, ջրարծիվը, 14անգղը, ցինը և նրանց նմանները, 15ագռավը և նրա նմանները, 16ջայլամը, բուն, որորը և նրանց նմանները, բազեն և նրա նմանները, 17հավապատիրը, հողամաղը, քաջահավը, 18փարփարը, հավալուսնը, կարապը, 19արագիլը, քարադրը և նրանց նմանները, հոպոպը և չղջիկը։
20Չորքոտանի թևավոր միջատներն անմաքուր են, 21բացի նրանցից, որոնք իրենց ոտքերի վրա սրունք ունեն և դրանցով կարողանում են ոստոստել երկրի վրա։ 22Սրանցից կարող եք ուտել ջորյակը և նրա նմանները, խարագուլը և նրա նմանները, մորեխը և նրա նմանները, օձամարտը և նրա նմանները։ 23Մնացած բոլոր թռչող չորքոտանի միջատներն անմաքուր են։ 24Դրանցով մի՛ պղծվեք։ Նա, ով դիպչի նրանց սատկած մարմիններին, մինչև երեկո թող անմաքուր համարվի։ 25Նրանց սատկած մարմինները վերցնողը պետք է իր հագուստները լվանա և մինչև երեկո անմաքուր համարվի։
26Բոլոր այն կենդանիները, ուրեմն, որոնք թաթահերձ կճղակավոր են, սակայն չեն որոճում, անմաքուր են, նրանց սատկած մարմիններին դիպչողը մինչև երեկո թող անմաքուր համարվի։
27Բոլոր կենդանիները, որոնք քայլում են ետևի թաթերով, անմաքուր են։ Ով դիպչի նրանց սատկած մարմիններին, մինչև երեկո թող անմաքուր համարվի։ 28Նրանց սատկած մարմինները վերցնողը պետք է իր հագուստները լվանա և մինչև երեկո անմաքուր համարվի։ Այդ ամենը թող ձեզ համար անմաքուր լինեն։
29Երկրի վրա սողացող սողուններից ձեզ համար անմաքուր պիտի լինեն աքիսը, մուկը, տիտեռը, 30մկնաքիսը, գետնառյուծը, բծավոր մողեսը, մողեսն ու խլուրդը։ 31Երկրի վրա սողացող այս սողուններն անմաքուր են, և նա, ով դիպչի նրանց սատկած մարմիններին, մինչև երեկո թող անմաքուր համարվի։
32Եվ այն ամենը, ինչի մեջ ընկնի նրանց սատկած մարմինը, անմաքուր կլինի։ Փայտե անոթ կամ հանդերձանք կամ կաշվեղեն կամ քուրձ. այդ ամենը պիտի լվացվի ջրով և մինչև երեկո անմաքուր համարվի և ապա միայն մաքուր համարվի։ 33Եթե խեցեղեն անոթի մեջ դրանցից ընկնի, անոթի մեջ եղածը կպղծվի, իսկ անոթը պիտի ջարդվի։ 34Ամեն կերակուր, որի վրա պղծված անոթի ջրից կլցվի, կպղծվի, ինչպես նաև այդ անոթի միջի խմելու ջուրը պղծված կլինի։ 35Այն ամենը, ինչի վրա ընկնեն դրանց սատկած մարմինները, կպղծվեն։ Թոնիր թե օջախ, նման դեպքում պիտի քանդեն, քանի որ պղծվել են։ Դրանք անմաքուր պիտի լինեն ձեզ համար, 36բացի ջրի աղբյուրներից, ջրհորներից ու ջրավազաններից, որոնք միշտ սուրբ պիտի համարվեն։ Նա, ով դիպչի նրանց սատկած մարմիններին, թող անմաքուր համարվի։ 37Եթե սատկած մարմին ընկնի սերմացուի մեջ, սերմացուն մաքուր պիտի համարվի, 38իսկ եթե սերմացուի վրա ջուր լցվի և ապա դրա մեջ կենդանու սատկած մարմին ընկնի, ապա այն անմաքուր կդառնա։
39Եթե ձեր ուտելու կենդանիներից մեկը սատկի, նա, ով դիպչի նրանց սատկած մարմիններին, մինչև երեկո թող անմաքուր համարվի։ 40Այդ սատկած մարմինները վերցնողը պետք է լվանա իր հագուստները և մինչև երեկո անմաքուր համարվի։
41Երկրի վրա սողացող բոլոր սողուններն անմաքուր են և չի կարելի ուտել։ 42Իրենց փորի վրա սողացողներ՝ չորս ոտք ունեցողներից մինչև բազմոտանի զեռուններ, չի կարելի ուտել, քանի որ անմաքուր են։ 43Ձեզ մի՛ ապականեք երկրի վրա սողացող սողուններ ուտելով, և նրանցով մի՛ պղծեք ձեզ, որպեսզի անմաքուր չհամարվեք։
44Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, սրբվե՛ք և սո՛ւրբ եղեք, քանի որ սուրբ եմ ես՝ Տերը, ձեր Աստվածը։ Ձեր անձերը մի՛ պղծեք՝ երկրի վրա շարժվող զեռուններ ուտելով։ 45Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ հանեց ձեզ եգիպտացիների երկրից, լինելու ձեր Աստվածը։ Դուք սո՛ւրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։
46Այս է օրենքը՝ անասունները և թռչունները, ինչպես ջրային, այնպես էլ երկրի վրա շարժվող ամեն մի կենդանի 47դասակարգելու ըստ մաքուրի և ըստ անմաքուրի և ուսուցանելու Իսրայելի որդիներին, թե ո՛ր կենդանիները կարելի է ուտել, և որոնք՝ ոչ”»։
Currently Selected:
ՂԵՎՏԱԿԱՆ 11: ՆԷԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն