ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6
6
Գեդեոն
1Իսրայելի որդիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, և Տերը նրանց յոթ տարի մադիանացիների ձեռքը մատնեց։ 2Եվ մադիանացիների ձեռքը սաստկացավ Իսրայելի վրա. Իսրայելի որդիները մադիանացիների պատճառով իրենց համար սարերի մեջ խոռոչներ, քարայրեր և պատնեշներ շինեցին։ 3Երբ իսրայելացիները սերմ էին ցանում, մադիանացիները հարձակվում էին նրանց վրա. և ամաղեկացիներն ու արևելքի բնակիչներն էլ էին հարձակվում նրանց վրա. 4նրանց դեմ բանակ էին կազմում ու փչացնում հողի բերքը մինչև Գազա և Իսրայելի մեջ ապրուստ չէին թողնում՝ ո՛չ ոչխար, ո՛չ արջառ և ո՛չ էլ էշ։ 5Որովհետև նրանք վեր էին կենում, գալիս իրենց հոտերով ու վրաններով, մորեխի պես բազմությամբ, այնպես որ նրանց և իրենց ուղտերին թիվ չկար, և երկիրն էին գալիս, որ փչացնեն այն։ 6Եվ Իսրայելը մադիանացիների պատճառով շատ աղքատացավ. և Իսրայելի որդիները Տիրոջն աղաղակեցին։
7Եվ երբ Իսրայելի որդիները Տիրոջն աղաղակեցին մադիանացիների պատճառով, 8Տերը մի մարգարե ուղարկեց Իսրայելի որդիների համար, և նա ասաց նրանց. «Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. “Ես ձեզ հանեցի Եգիպտոսից և ձեզ դուրս բերի ծառայության տնից, 9ձեզ ազատեցի եգիպտացիների ձեռքից ու բոլոր ձեզ նեղություն տվողների ձեռքից և նրանց քշեցի ձեր առաջից ու նրանց երկիրը ձեզ տվեցի. 10և ձեզ ասացի. "Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը. մի՛ վախեցեք ամորհացիների աստվածներից, որոնց երկրում դուք բնակվում եք". բայց դուք չլսեցիք իմ խոսքը”»։
11Եվ Տիրոջ հրեշտակը եկավ ու նստեց Աբիեզերի որդի Հովասի բևեկնու տակ, որ Եփրայի մեջ էր, և նրա որդի Գեդեոնը հնձանում ցորեն էր ծեծում՝ մադիանացիների երեսից փախցնելու համար։ 12Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևաց ու ասաց. «Ո՜վ կտրիճ զորավոր, Տերը քեզ հետ է»։ 13Գեդեոնը նրան ասաց. «Ո՜հ, Տե՛ր իմ, եթե Տերը մեզ հետ է, ինչո՞ւ այս բոլոր բաները մեզ հասան. և ո՞ւր են նրա բոլոր հրաշքները, որոնք մեր հայրերը պատմում են մեզ՝ ասելով, թե Տերը մեզ Եգիպտոսից հանեց. բայց հիմա Տերը մերժել է մեզ և մեզ մադիանացիների ձեռքն է մատնել»։ 14Եվ Տերը նրան նայեց ու ասաց. «Գնա՛ քո այդ զորությամբ և Իսրայելն ազատի՛ր մադիանացիների ձեռքից։ Ահա ես եմ քեզ ուղարկում»։ 15Գեդեոնը նրան ասաց. «Ո՜հ, Տե՛ր իմ, ես ինչո՞վ ազատեմ Իսրայելը. ահա իմ ազգատոհմն ամենից աղքատն է Մանասեի մեջ, և ես էլ իմ հոր տան կրտսերն եմ»։ 16Եվ Տերը նրան ասաց. «Ես քեզ հետ պիտի լինեմ, և դու մեկ մարդու պես պիտի զարկես Մադիամին»։ 17Եվ նա նրան ասաց. «Աղաչում եմ, եթե ես քո աչքի առաջ շնորհ գտա, ինձ մի նշա՛ն ցույց տուր, որ դու ես ինձ հետ խոսողը։ 18Աղաչում եմ, չգնաս այստեղից, մինչև որ ես քեզ մոտ գամ, իմ նվերը բերեմ և դնեմ քո առաջ»։ Եվ նա ասաց. «Ես կմնամ, մինչև դու վերադառնաս»։ 19Գեդեոնը գնաց, այծերից մի ուլ և մեկ արդու ալյուրից բաղարջ պատրաստեց, միսը դրեց մի սակառի մեջ, արգանակն էլ մի կճուճի մեջ ածեց, բերեց բևեկնու տակ նրա առաջ և մատուցեց։ 20Եվ Աստծու հրեշտակը նրան ասաց. «Միսն ու բաղարջը վերցրո՛ւ և դի՛ր այս վեմի վրա և արգանակը թափի՛ր»։ Եվ նա այդպես արեց։ 21Տիրոջ հրեշտակն իր ձեռքի գավազանի ծայրը մեկնեց և դիպավ մսին ու բաղարջին, և վեմից կրակ դուրս եկավ, միսն ու բաղարջն այրեց, և Տիրոջ հրեշտակը գնաց նրա աչքի առաջից։ 22Գեդեոնը տեսավ, որ նա Տիրոջ հրեշտակն էր և Գեդեոնն ասաց. «Ո՜հ, Տե՛ր Տեր, որ Տիրոջ հրեշտակին երես առ երես տեսա»։ 23Բայց Տերը նրան ասաց. «Խաղաղությո՜ւն քեզ, մի՛ վախեցիր, չես մեռնելու»։
24Եվ Գեդեոնն այնտեղ Տիրոջ համար սեղան շինեց ու նրա անունը Տեր-Շալոմ#6.24 Տերը խաղաղություն է։ կոչեց, որը մինչև այսօր մնում է Աբիեզերների Եփրայում։
25Այդ գիշեր Տերը նրան ասաց. «Ա՛ռ քո զվարակը և յոթ տարեկան մի երկրորդ զվարակ, քանդի՛ր քո հոր ունեցած Բահաղի սեղանը և կտրի՛ր նրա վրայի Աստարովթը։ 26Եվ քո Տեր Աստծու համար մի սեղա՛ն շինիր այս ապառաժ քարի գլխին՝ ըստ կարգի, երկրորդ զվարա՛կը վերցրու և քո կտրած Աստարովթի փայտերով ողջակե՛զ արա»։ 27Գեդեոնն իր ծառաներից տասը մարդ վերցրեց և արեց այնպես, ինչպես իրեն ասել էր Տերը։ Բայց իր հոր տնեցիներից և քաղաքի մարդկանցից վախենալով ցերեկն անել՝ գիշերն արեց։
28Երբ քաղաքի մարդիկ առավոտը կանուխ վեր կացան, տեսան, որ ահա Բահաղի սեղանը քանդված է, նրա մոտի Աստարովթը՝ կտրված, և երկրորդ զվարակը ողջակեզ էր արված նոր շինված սեղանի վրա։ 29Եվ իրար ասացին. «Ո՞վ արեց այս բանը»։ Եվ պրպտեցին, քննեցին, ու ասվեց, թե այս բանը Հովասի որդի Գեդեոնն է արել։ 30Եվ քաղաքի մարդիկ Հովասին ասացին. «Դո՛ւրս բեր որդուդ, նա պետք է մեռնի, քանի որ քանդել է Բահաղի սեղանը և կտրել նրա մոտի Աստարովթը»։ 31Հովասը դեպի իրեն եկող բոլոր մարդկանց ասաց. «Մի՞թե դուք եք Բահաղի իրավունքը պաշտպանելու, կամ թե դո՞ւք եք նրան ազատելու. ով որ պաշտպանի նրա իրավունքը, թող մեռնի մինչև առավոտ. եթե նա աստված է, թող ինքն իր իրավունքը պաշտպանի նրա դեմ, ով քանդել է նրա սեղանը»։ 32Եվ նույն օրը նրան անվանեցին Հերո-Բաաղ՝ ասելով. «Թող Բահաղն իր իրավունքը պաշտպանի նրա դեմ, ով քանդել է նրա սեղանը»։
33Եվ բոլոր մադիանացիները, ամաղեկացիներն ու արևելքի բնակիչները հավաքվեցին մեկտեղ և Հորդանանից անցնելով՝ բանակ դրեցին Հեզրայելի հովտում։ 34Տիրոջ Հոգին իջավ Գեդեոնի վրա, և նա փող հնչեցրեց, ու Աբիեզերի ցեղի մարդիկ հավաքվեցին նրա մոտ։ 35Եվ պատգամավորներ ուղարկեց ամբողջ Մանասեին, նա էլ գնաց նրա ետևից, և Ասերին, Զաբուղոնին ու Նեփթաղիմին էլ պատգամավորներ ուղարկեց, և նրանք գնացին նրանց դիմավորելու։
36Եվ Գեդեոնն Աստծուն ասաց. «Եթե Իսրայելն ազատելու ես իմ ձեռքով, ինչպես ասել ես, 37ահա ես կալում խուզած բուրդ կդնեմ՝ գզաթ. եթե միայն գզաթի վրա ցող լինի, իսկ ամբողջ գետնի վրա՝ չորություն, այն ժամանակ կիմանամ, որ Իսրայելն ազատելու ես իմ ձեռքով, ինչպես ասել ես»։ 38Այդպես էլ եղավ. առավոտը կանուխ վեր կացավ և գզաթը քամեց ու գզաթից հանեց ցողը, որը մի կոնք լիքը ջուր եղավ։ 39Եվ Գեդեոնն ասաց Աստծուն. «Թող քո բարկությունը չբորբոքվի ինձ վրա, և միայն այս անգամ էլ խոսեմ, միայն այս անգամ էլ գզաթով փորձեմ. թող միայն գզաթի վրա չորություն լինի, և ամբողջ գետնի վրա՝ ցող»։ 40Եվ այն գիշեր Աստված այդպես արեց. միայն գզաթի վրա չորություն եղավ, և ամբողջ գետնի վրա՝ ցող։
Արդեն Ընտրված.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018