ՄԻՔԻԱ 4
4
Տիրոջ տիեզերական թագավորության խաղաղությունը
1Վերջին օրերին Տիրոջ տան լեռը լեռների գլխին պիտի հաստատվի և պիտի բարձրացվի բլուրներից. ժողովուրդները պիտի հոսեն դեպի նա, 2և շատ ազգեր պիտի գան ու ասեն. «Եկե՛ք բարձրանանք Տիրոջ լեռը և Հակոբի Աստծու տունը, որպեսզի նա մեզ սովորեցնի իր ճանապարհները, և որ մենք գնանք նրա շավիղներով», որովհետև օրենքը Սիոնից պիտի դուրս գա, Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից։ 3Նա շատ ժողովուրդների մեջ դատաստան պիտի անի և մինչև հեռուները հզոր ազգերի մասին պիտի վճռի, և նրանք իրենց սրերից խոփեր պիտի դարբնեն, իրենց նիզակներից՝ մանգաղներ։ Ազգն ազգի վրա սուր չի բարձրացնելու, և այլևս պատերազմել չեն սովորելու, 4այլ ամեն մարդ իր որթատունկի տակ պիտի նստի և իր թզենու տակ. վախեցնող չպիտի լինի, որովհետև Զորքերի Տիրոջ բերանն է ասել։ 5Որովհետև բոլոր ժողովուրդները յուրաքանչյուրն իր աստծու անունով է ընթանում, բայց մենք Տիրոջ՝ մեր Աստծու անունով պիտի ընթանանք հավիտյանս հավիտենից։
Իսրայելը պիտի վերադառնա աքսորից
6«Այդ օրը,- ասում է Տերը,- պիտի ժողովեմ կաղացողին և պիտի հավաքեմ աքսորվածին, նաև նրան, որին տրտմեցրել եմ։ 7Կաղին մնացորդ պիտի դարձնեմ, հեռու քշվածին՝ զորավոր ազգ»։ Եվ Տերը այսուհետև և հավիտյան պիտի թագավորի նրանց վրա Սիոն լեռան վրա։ 8Եվ դու, ո՛վ հոտի աշտարակ, Սիոնի աղջկա՛ բլուր, քեզ է գալու, հասնելու նախկին իշխանությունը, Երուսաղեմի դստեր թագավորությունը։
9Հիմա ինչո՞ւ ես բարձրագոչ գոռում. թագավոր չկա քո մեջ, կամ թե խորհրդականդ չքացա՞վ, որ քեզ ծննդկանի պես ցավ է համակել։ 10Գալարվի՛ր և տառապի՛ր ծննդկանի պես, ո՛վ Սիոնի դուստր, որովհետև հիմա դուրս ես գալու քաղաքից և բաց դաշտում պիտի բնակվես, պիտի գնաս մինչև Բաբելոն. այնտե՛ղ պիտի ազատվես. Տերը քեզ այնտե՛ղ պիտի փրկի քո թշնամիների ձեռքից։ 11Հիմա քո դեմ շատ ազգեր են հավաքվել, որոնք ասում են. «Թող պղծվի, և մեր աչքերը թող ընկնեն Սիոնի տեսարանի վրա»։ 12Բայց նրանք չգիտեն Տիրոջ խորհուրդները և չեն հասկանում նրա մտադրությունը, որովհետև նրանց ժողովելու է, ինչպես խրձերը կալի մեջ։ 13Վե՛ր կաց, կալսի՛ր, ո՛վ Սիոնի դուստր, որովհետև ես քո եղջյուրը երկաթյա պիտի դարձնեմ, քո կճղակները պղնձից պիտի անեմ, և դու շատ ժողովուրդների ջարդուփշուր պիտի անես։ Եվ Տիրոջը պիտի նվիրես նրանց հարստությունը և նրանց ստացվածքը՝ ամբողջ երկրի Տիրոջը։
Արդեն Ընտրված.
ՄԻՔԻԱ 4: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018