ԵԼՔ 23

23
1«Ականջ մի՛ դիր սուտ լուրերին։ Մի՛ գործակցիր անիրավի հետ՝ սուտ վկայելով։
2Մեծամասնությանը հետևելով՝ չար գործերի հետևից մի՛ ընկիր։ Բազմությանը մի՛ խառնվիր՝ անիրավություն գործելու համար նրան ենթարկվելով։ 3Դատի ժամանակ մի՛ խղճա հանցավորին աղքատ լինելու համար։
4Եթե հանդիպես քո թշնամու մոլորված եզանը կամ էշին, դրան վերադարձրո՛ւ և հասցրո՛ւ իր տիրոջը։
5Եթե տեսնես, որ քո ընկերոջ գրաստն ընկել է ծանր բեռան պատճառով, նրա կողքից անտարբեր մի՛ անցիր, այլ միասին բարձրացրե՛ք այն։
6Աղքատի իրավունքը մի՛ անտեսիր նրա դատի ժամանակ։
7Քեզ հեռո՛ւ պահիր ամեն տեսակ անիրավ բաներից։ Մի՛ սպանիր անպարտին ու արդարին։
Մեղավորին կաշառքով մի՛ արդարացրու։ 8Կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է անգամ պայծառ տեսնողների աչքերը և ապականում արդար խոսքերը։
9Պանդուխտին մի՛ նեղեք. դուք գիտեք պանդուխտ մարդկանց վիճակը, որովհետև դուք ևս պանդուխտ էիք եգիպտացիների երկրում»։
Յոթերորդ տարին և օրը
10«Վեց տարի կսերմանես քո հողը և կհավաքես դրա բերքը։ 11Յոթերորդ տարում պիտի թողնես, որ այն հանգստանա։ Ինքնաբույս բերքը թող ուտեն քո ազգի աղքատները, իսկ դրանից ավելացածները՝ վայրի գազանները։ Այդպես կվարվես քո այգու և քո ձիթաստանի հետ։
12Վեց օր կաշխատես, իսկ յոթերորդ օրը կթողնես, որ հանգստանան քո եզն ու էշը, հանգստանան նաև քո աղախնու որդին և օտարականը։
13Ինչ որ ասացի ձեզ, կկատարեք։ Օտար աստվածների մի՛ պաշտեք, և նրանց անունները ձեր բերանից թող չլսվեն»։
Երեք մեծ տոները
(Ելք 34.18-26, Բ Օր. 16.1-17)
14«Տարվա մեջ երեք անգամ ինձ համար տոն կկատարեք։
15Բաղարջակերաց տոնը կպահեք։ Կանխոց ամսին յոթ օր բաղարջ հաց կուտեք, ինչպես պատվիրել եմ ձեզ, որովհետև դուք այդ ժամանակ ելաք եգիպտացիների երկրից։
Իմ առաջ դատարկաձեռն չերևաս։
16Կկատարես ամառվա քո առաջին բերքը քաղելու տոնը, ինչ էլ ցանած լինես քո հանդում։
Տոն կկատարես նաև տարվա վերջում, երբ հանդից հավաքած կլինես քո բերքը։
17Քո ժողովրդի բոլոր արու զավակները տարվա մեջ երեք անգամ պետք է ներկայանան Տիրոջը՝ քո Աստծուն։
18Քո արած զոհաբերության արյունը թթխմորով հացի վրա չթափես և իմ տոնին արված զոհաբերության ճարպը մինչև առավոտ չպահես։
19Քո առաջին բերքի արդյունքը կբերես Տիրոջ՝ քո Աստծու տունը։
Գառն իր մոր կաթի մեջ չեփես»։
Խոստումներ և ուսուցումներ
20«Եվ ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քո առջևից՝ քեզ ճանապարհին պահպանելու ու այն երկիրը տանելու, որ պատրաստեցի քեզ համար։ 21Զգո՛ւյշ եղիր, լսի՛ր ու հնազանդվի՛ր նրան, որպեսզի նա չխորշի քեզնից, որովհետև նա իմ անունով է գործելու։ 22Եթե ուշադիր լսես իմ խոսքը և կատարես այն ամենը, ինչ ասել եմ քեզ, կլինեմ քո թշնամիների թշնամին և քո հակառակորդների հակառակորդը, 23որովհետև իմ հրեշտակն առաջնորդելու է քեզ և տանելու է քեզ դեպի ամորհացիները, քետացիները, փերեզացիները, քանանացիները, գերգեսացիները, խևացիներն ու հեբուսացիները, և կոտորելու եմ նրանց։
24Չերկրպագես նրանց աստվածներին, չպաշտես նրանց և չկատարես այն, ինչ նրանք են կատարում, այլ քարուքա՛նդ արա դրանք և փշրի՛ր նրանց արձանները։ 25Պաշտի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, և ես կօրհնեմ քո հացը և քո ջուրը և ձեզնից կվանեմ հիվանդությունները։ 26Քո երկրում անսերմ տղամարդ և ամուլ կին չեն լինելու։ Ես ավելացնելու եմ քո կյանքի տարիները։ 27Ես պիտի ուղարկեմ իմ ահը, որ առաջնորդի քեզ, պիտի սարսափեցնեմ բոլոր այն ազգերին, որոնց երկիրը պիտի մտնես։ Քո բոլոր հակառակորդներին փախուստի պիտի մատնեմ։ 28Քո առջևից իշամեղուներ պիտի ուղարկեմ, որ քեզնից հեռու քշեն ամորհացիներին, խևացիներին, քանանացիներին ու քետացիներին։ 29Մի տարվա ընթացքում չէ, որ պիտի հեռացնեմ նրանց քեզնից, որպեսզի երկիրը անապատի չվերածվի, և քո շրջակայքում չբազմանան երկրի գազանները։ 30Կամաց-կամաց պիտի հեռացնեմ նրանց քեզնից, մինչև որ բազմանաս ու ժառանգես երկիրը։
31Քո երկրի տարածքը սահմանելու եմ Կարմիր ծովից մինչև Փղշտացիների [Միջերկրական] ծովը և անապատից մինչև Եփրատ մեծ գետը։ Ձեր ձեռքը պիտի հանձնեմ այդ երկրի բնակիչներին ու նրանց հեռու պիտի քշեմ քեզնից։ 32Դու նրանց ու նրանց աստվածների հետ ուխտ չկապես։ 33Նրանք քո երկրում չպիտի բնակվեն, որպեսզի իմ նկատմամբ հանցանքի չմղեն քեզ, որովհետև եթե ծառայես նրանց աստվածներին, նրանք գայթակղություն կլինեն քեզ համար»։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 23: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք