ԵԼՔ 8

8
1Եվ Տերն ասաց Մովսեսին. «Քո եղբայր Ահարոնին ասա՛. “Ձեռքով գավազանդ երկարի՛ր գետի վրա, ջրանցքների, ծանծաղուտների վրա և գորտե՛ր դուրս բեր եգիպտացիների երկրի վրա”»։ 2Ահարոնն իր ձեռքը երկարեց եգիպտացիների ջրերի վրա ու գորտեր դուրս բերեց։ Գորտը ելավ ու ծածկեց եգիպտացիների երկիրը։ 3Իրենց կախարդություններով նույնն արեցին նաև եգիպտացի գիտունները և գորտեր հանեցին եգիպտացիների երկրի վրա։
4Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Աղոթե՛ք Տիրոջը, որ նա գորտերը հեռացնի ինձնից ու իմ ժողովրդից, և ես կարձակեմ ձեր ժողովրդին, և զոհ կմատուցեն Տիրոջը»։ 5Մովսեսը փարավոնին ասաց. «Սահմանի՛ր ինձ, թե ե՛րբ աղոթեմ քեզ համար, քո պաշտոնյաների ու քո ժողովրդի համար, որպեսզի գորտերը չքանան քո, քո ժողովրդի մոտից ու ձեր տներից և մնան միայն գետում»։ 6Նա ասաց. «Վաղը»։ Եվ սա ասաց. «Թող ասածիդ պես լինի, որ իմանաս, թե Տիրոջից՝ մեր Աստծուց բացի այլ աստված չկա։ 7Եվ գորտերը կչքանան քո պալատներից, քո, քո ծառաների, քո ժողովրդի մոտից և կմնան միայն գետի մեջ»։ 8Եվ Մովսեսն ու Ահարոնը դուրս ելան փարավոնի մոտից։ Մովսեսն աղաղակեց Տիրոջը, որպեսզի գորտերը հեռանան ըստ փարավոնի սահմանած ժամի։ 9Տերն արեց այնպես, ինչպես խնդրել էր Մովսեսը։ Գորտերը վերացան տներից, բակերից ու դաշտերից։ 10Դրանք հավաքեցին կույտ-կույտ, և երկիրը գարշահոտեց։ 11Երբ փարավոնը տեսավ, որ հանգստություն տիրեց, կարծրացավ նրա սիրտը, և չլսեց նրանց, ինչպես ասել էր Տերը։
3. Մժեղ
12Տերն ասաց Մովսեսին. «Ահարոնին ասա՛. “Ձեռքիդ գավազանը երկարի՛ր ու հարվածի՛ր գետնին, և եգիպտացիների ողջ երկրում մարդկանց ու անասունների վրա մժեղ կլինի”»։ Այդպես էլ արեցին. 13Ահարոնն իր ձեռքով գավազանը երկարեց ու հարվածեց գետնին։ Եվ մժեղ եղավ մարդկանց, անասունների ու բոլոր հողակտորների վրա՝ եգիպտացիների ողջ երկրում։ 14Իրենց կախարդություններով նույնը փորձեցին անել նաև եգիպտացի գիտունները, որպեսզի մժեղ հանեն, բայց չկարողացան։ Եվ մժեղը տարածվեց մարդկանց ու անասունների վրա։ 15Եվ գիտուններն ասացին փարավոնին. «Սրա մեջ Աստծու մատը կա»։ Սակայն փարավոնի սիրտը կարծրացավ, և նա, ինչպես ասել էր Տերը, չլսեց նրանց։
4. Շնաճանճ
16Տերն ասաց Մովսեսին. «Վաղ առավոտյան վե՛ր կաց, կանգնի՛ր փարավոնի առաջ, երբ նա դեպի ջուրը կգնա։ Եվ նրան կասես. “Այսպես է ասում Տերը. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտեն ինձ։ 17Իսկ եթե չկամենաս արձակել իմ ժողովրդին, ես շնաճանճեր կուղարկեմ քեզ վրա, քո պաշտոնյաների ու քո ժողովրդի վրա և ձեր տների վրա։ Եվ եգիպտացիների տներն ու նրանց բնակեցրած երկիրը կլցվեն շնաճանճերով։ 18Նույն օրը փառավոր կդարձնեմ Գեսեմ երկիրը, որտեղ իմ ժողովուրդն է, և այնտեղ շնաճանճեր չեն լինի, որպեսզի իմանաս, որ ես եմ Տերը՝ ամբողջ երկրի Տերը։ 19Եվ տարբերություն պիտի դնեմ իմ ժողովրդի և քո ժողովրդի միջև։ Վաղն իսկ շնաճանճը կտարածվի քո երկրում”»։ 20Տերն այդպես էլ արեց։ Բազում շնաճանճեր թափվեցին փարավոնի տների, նրա պաշտոնյաների տների ու եգիպտացիների ողջ երկրի վրա։ Եվ երկիրը շնաճանճերից ոչնչացավ։
21Փարավոնը կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Գնացե՛ք և այստե՛ղ զոհ մատուցեք Տիրոջը՝ ձեր Աստծուն»։ 22Մովսեսն ասաց. «Հնարավոր չէ այդպես անել, որովհետև եգիպտացիներին գայթակղեցնող կենդանիներ պիտի զոհենք Տիրոջը՝ մեր Աստծուն, և եթե եգիպտացիներին գայթակղեցնող կենդանիներ զոհենք նրանց առաջ, մեզ կքարկոծեն։ 23Այլ պետք է երեք օրվա ճանապարհ գնանք դեպի անապատ և զոհ մատուցենք Տիրոջը՝ մեր Աստծուն, ինչպես որ պատվիրել է մեզ Տերը»։ 24Փարավոնն ասաց. «Ես արձակում եմ ձեզ. անապատո՛ւմ զոհ մատուցեք Տիրոջը՝ ձեր Աստծուն, սակայն հեռու չգնաք։ Արդ, նաև ինձ համա՛ր աղոթեք Տիրոջը»։ 25Մովսեսն ասաց. «Ես քո մոտից կելնեմ և կաղոթեմ Աստծուն, և վաղն իսկ շնաճանճերը կչքանան փարավոնի, իր պաշտոնյաների ու իր ժողովրդի վրայից։ Միայն թե փարավոնը նորից չխաբի՝ չարձակելով ժողովրդին՝ Տիրոջը զոհ մատուցելու»։ 26Մովսեսը փարավոնի մոտից դուրս եկավ և աղոթեց Աստծուն։ 27Եվ Տերն արեց այնպես, ինչպես խնդրեց Մովսեսը. շնաճանճերը վերացրեց փարավոնի, նրա պաշտոնյաների ու ժողովրդի վրայից։ Մի շնաճանճ անգամ չմնաց։ 28Այս անգամ էլ փարավոնը կարծրացրեց իր սիրտը և չկամեցավ ժողովրդին արձակել։

Արդեն Ընտրված.

ԵԼՔ 8: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք