ԾՆՈՒՆԴ 39

39
Հովսեփը և Պետափրեսի կինը
1Երբ Հովսեփին տարան Եգիպտոս, փարավոնի դահճապետ Պետափրես ներքինին՝ մի եգիպտացի, գնեց նրան այն իսմայելացիներից, որոնք նրան տարել էին Եգիպտոս։ 2Տերը Հովսեփի հետ էր. նրա գործերը բարեհաջող էին, և նա մնաց իր եգիպտացի տիրոջ տանը։ 3Երբ իր տերը տեսավ, որ Տերը նրա հետ է, և ամեն ինչ, որ անում է, Տերը հաջողեցնում է այն, 4Հովսեփը շնորհ գտավ իր տիրոջ առաջ, եղավ նրա սիրելին։ Այդ պատճառով էլ նա վերակացու կարգեց նրան իր տան վրա և իր ողջ ունեցվածքը վստահեց Հովսեփին։ 5Այն օրվանից, երբ տերը վերակացու կարգեց նրան իր տան և իր ունեցած ամեն ինչի վրա, Աստված օրհնեց եգիպտացու տունը հանուն Հովսեփի, և այդ օրհնությունը տարածվեց նրա տանն ու դաշտում եղած ամբողջ ունեցվածքի վրա։ 6Այն ամենը, ինչ տերն ուներ, հանձնեց Հովսեփի ձեռքը։ Պետափրեսը չէր մտահոգվում իր տանը եղած որևէ բանի համար, բացի իր սննդից, որ ուտում էր։ Հովսեփը հաճելի արտաքին ուներ և շատ գեղեցիկ դեմք։ 7Այս բոլորից հետո նրա տիրոջ կինն աչք դրեց Հովսեփի վրա ու ասաց նրան. «Կենակցի՛ր ինձ հետ»։ 8Բայց նա չցանկացավ և իր տիրոջ կնոջն ասաց. «Քանի որ իմ շնորհիվ իմ տերը ոչ մի հոգս չունի իր տան ողջ ունեցվածքի նկատմամբ և իր ողջ ունեցվածքը վստահել է ինձ, 9և այս տանն ինձնից ավելի մեծ մարդ չկա, ու ինձ ոչնչից չի զրկել, քեզնից բացի, որովհետև նրա կինն ես, արդ ես ինչպե՞ս գործեմ այդ չար արարքը և մեղանչեմ Աստծու առաջ»։ 10Թեև նա ամեն օր այդ մասին էր խոսում Հովսեփի մոտ, բայց նա չէր համաձայնվում կենակցել նրա հետ, անգամ մոտենալ նրան։ 11Այնպես պատահեց, որ մի օր Հովսեփը ինչ-որ գործով տուն մտավ, և տան մարդկանցից ներսում ոչ ոք չկար։ 12Կինը բռնեց նրա շորերից ու ասաց. «Կենակցի՛ր ինձ հետ»։ Հովսեփը, թողնելով իր շորերը նրա ձեռքում, դուրս փախավ։ 13Եվ երբ տեսավ, որ նա, շորերն իր ձեռքում թողած, դուրս է փախել, 14կանչեց տան մարդկանց ու ասաց. «Տեսե՛ք, ամուսինս եբրայեցի ծառա բերեց տուն, որ մեզ խայտառակ անի։ Նա, մտնելով ինձ մոտ, ասաց. “Կենակցի՛ր ինձ հետ”։ Ես բարձրաձայն աղաղակեցի, 15իսկ նա, լսելով իմ բարձրաձայն աղաղակը, շորերն ինձ մոտ թողած, փախավ, դուրս ելավ»։ 16Նա շորերը պահեց մոտը, մինչև ամուսինը տուն եկավ, 17և նրան ասաց այս խոսքերը. «Քո բերած եբրայեցի ծառան մտավ սենյակս, որպեսզի խայտառակի ինձ, և ինձ ասաց՝ “Կենակցի՛ր ինձ հետ”։ 18Իսկ երբ լսեց, որ ձայնս բարձրացրի և աղաղակեցի, շորերն ինձ մոտ թողած՝ փախավ, դուրս ելավ»։ 19Երբ տերը լսեց իր կնոջ պատմածը, թե՝ «Այսպես վարվեց ինձ հետ քո ծառան», խիստ բարկացավ։ 20Հովսեփի տերը բռնեց ու բանտ նետեց նրան, այնտեղ, որտեղ արքունի կալանավորներն էին բանտարկված։ 21Բայց Տերը Հովսեփի հետ էր. ողորմեց նրան, և նա շահեց բանտապետի բարեհաճությունը։ 22Բանտապետը բանտն ու բանտում եղած բոլոր կալանավորներին վստահեց Հովսեփին։ Եվ ինչ որ լինում էր այնտեղ, նա էր անում։ 23Բանտապետը նրա շնորհիվ բանտի գործերին չէր խառնվում, որովհետև ամեն ինչ Հովսեփի ձեռքում էր։ Աստված նրա հետ էր, և նա ինչ որ անում էր, Տերը հաջողեցնում էր այն։

Արդեն Ընտրված.

ԾՆՈՒՆԴ 39: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք