ՀՈՎՀԱՆՆԵՍ 12

12
Օծում Բեթանիայում
(Մտթ. 26.6-13, Մրկ. 14.3-9)
1Իսկ Հիսուսը Զատկից վեց օր առաջ եկավ Բեթանիա, որտեղ ապրում էր Ղազարոսը, և որին մեռելներից հարություն էր տվել։ 2Այնտեղ Հիսուսին ընթրիք տվեցին. սպասարկում էր Մարթան, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մեկն էր։ 3Իսկ Մարիամը, մի լիտր ազնիվ նարդոսի թանկարժեք յուղ վերցնելով, օծեց Հիսուսի ոտքերը և իր մազերով սրբում էր նրա ոտքերը։ Տունը լցվեց յուղի բուրմունքով։ 4Աշակերտներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին, որ մատնելու էր նրան, ասաց. 5«Ինչո՞ւ այդ յուղը չվաճառվեց երեք հարյուր արծաթ դահեկանի և չտրվեց աղքատներին»։ 6Այս ասաց ոչ թե նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետև գող էր և գանձարկղն ինքն էր պահում, և ինչ որ այնտեղ դրվում էր, ինքն էր վերցնում։ 7Հիսուսն ասաց. «Հանգի՛ստ թողեք նրան, ինչ որ անում է, իմ թաղման օրվա համար է։ 8Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք. ինձ միշտ չեք ունենա ձեզ հետ»։
9Երբ հրեաներից շատերն իմացան, որ նա այնտեղ է, եկան. ոչ միայն Հիսուսի պատճառով, այլ որպեսզի տեսնեն նաև Ղազարոսին, որին մեռելներից հարություն էր տվել։ 10Քահանայապետները որոշեցին Ղազարոսին էլ սպանել, 11քանի որ շատերը հեռանում էին հրեաներից ու հավատում Հիսուսին։
Հիսուսի մուտքը Երուսաղեմ
(Մտթ. 21.1-11, Մրկ. 11.1-11, Ղուկ. 19.28-40)
12Հաջորդ օրը ժողովրդի բազմությունը, որ Զատկի տոնին էր եկել, լսելով, թե Հիսուսը Երուսաղեմ է գալիս, 13արմավենիների ճյուղեր վերցրեց և Հիսուսին ընդառաջ ելավ՝ աղաղակելով.
«Օվսաննա՜ (եբր. Սաղ. 118.25),
օրհնյա՜լ լինես դու,
որ գալիս ես Տիրոջ անունով (Սաղ. 117(118).26),
ո՛վ թագավոր Իսրայելի»։
14Եվ Հիսուսը, մի էշ գտնելով, նստեց նրա վրա, ինչպես որ գրված է.
15 «Մի՛ վախեցիր,
ո՛վ դուստրդ Սիոնի,
ահա քո թագավորը գալիս է՝
նստած մի էշի քուռակի վրա» (Զաք. 9.9)։
16Եվ նրա աշակերտներն սկզբում այս չհասկացան, բայց երբ Հիսուսը փառավորվեց, այն ժամանակ հիշեցին, որ այդ նրա մասին էր գրված, և իրենք այդ էին արել նրան։ 17Իսկ ժողովուրդը, որ նրա հետ էր, վկայում էր, որ Ղազարոսին հենց գերեզմանից կանչեց ու նրան մեռելներից հարություն տվեց։ 18Եվ դրա համար էլ նրան ընդառաջ ելավ ժողովուրդը, որովհետև լսել էին, որ այդ նշաններն էր արել։ 19Իսկ փարիսեցիները միմյանց ասում էին. «Տեսնո՞ւմ եք, որ ոչ մի օգուտ չեք ստանում. ահավասիկ ամբողջ աշխարհը նրա հետևից գնաց»։
Փառավորում՝ մահվամբ
20Երուսաղեմ բարձրացածներից ոմանք հեթանոսներ էին, որոնք տոնին եկել էին երկրպագություն անելու։ 21Նրանք մոտեցան Փիլիպպոսին, որ Գալիլեայի Բեթսայիդա քաղաքից էր. աղաչում էին նրան ու ասում. «Տե՛ր, ուզում ենք Հիսուսին տեսնել»։ 22Փիլիպպոսը եկավ ու Անդրեասին ասաց։ Անդրեասը և Փիլիպպոսն էլ Հիսուսին ասացին։ 23Եվ Հիսուսը նրանց պատասխանեց՝ ասելով. «Հասավ ժամը, որ փառավորվի Մարդու Որդին։
24Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա։ 25Ով սիրում է իր անձը, պիտի կորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար։ 26Եթե մեկն ինձ ծառայի, իմ հետևից կգա, և որտեղ ես եմ, այնտեղ կլինի և իմ ծառան. եթե մեկն ինձ ծառայի, նրան կպատվի իմ Հայրը։
27Այժմ հոգիս խռովված է, և ի՞նչ ասեմ։ Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից։ Բայց ես հենց այս բանի համար եմ եկել այս ժամին։ 28Հա՛յր, փառավորի՛ր քո որդուն»։ Երկնքից մի ձայն եկավ. «Փառավորեցի և դարձյալ կփառավորեմ»։ 29Եվ ժողովուրդը, որ կանգնած էր ու լսում էր, ասում էր՝ «Որոտմունք է լինում»։ Ոմանք էլ ասում էին. «Նրա հետ մի հրեշտակ խոսեց»։ 30Հիսուսը պատասխանեց ու ասաց. «Այս ձայնն ինձ համար չեկավ, այլ ձեզ համար։ 31Հիմա է այս աշխարհի դատաստանը, հիմա այս աշխարհի իշխանը դուրս պիտի նետվի։ 32Բայց երբ ես բարձրանամ երկրից, ամենքին դեպի ինձ կձգեմ»։ 33Այս ասում էր նշելու համար, թե ի՛նչ մահով էր մեռնելու։ 34Ժողովուրդը նրան պատասխանեց. «Օրենքից լսել ենք, թե Քրիստոսը հավիտյան պիտի մնա, իսկ դու ինչպե՞ս ես ասում, թե Մարդու Որդին պետք է բարձրանա. ո՞վ է այդ Մարդու Որդին»։ 35Հիսուսը նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ ևս լույսը ձեզ հետ է. քայլե՛ք, քանի դեռ լույսն ունեք, որպեսզի խավարը ձեզ չկլանի, քանի որ ով քայլում է խավարի մեջ, չի իմանում, թե ո՛ւր է գնում։ 36Քանի դեռ լույսը ձեզ հետ ունեք, հավատացե՛ք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք»։ Հիսուսն այս խոսեց ու գնաց, նրանցից թաքնվեց։
Հրեաների անհավատությունը
37Այնքան նշաններ էր արել նրանց առաջ, բայց նրանք չէին հավատում նրան, 38որպեսզի իրականանար Եսայի մարգարեի խոսքը, որ ասաց.
«Տե՛ր, ո՞վ հավատաց մեր տված լուրին,
և Տիրոջ բազուկն ո՞ւմ հայտնվեց» (Ես. 53.1)։
39Եսային դարձյալ ասում է, թե ինչու չէին կարողանում հավատալ.
40 «Նրանց աչքերը կուրացրեց
և նրանց սրտերը կարծրացրեց,
որպեսզի աչքերով չտեսնեն ու սրտերով չիմանան,
որ դարձի չգան և չբժշկվեն» (հմմտ. Ես. 6.10)։
41Եսային այս ասաց, որովհետև տեսավ նրա փառքն ու խոսեց նրա մասին։ 42Այնուամենայնիվ, անգամ հրեա իշխանավորներից շատերը հավատացին նրան, բայց փարիսեցիների պատճառով չէին հայտնում, որպեսզի ժողովարանից դուրս չհանվեն. 43քանի որ մարդկանցից տրված փառքն ավելի սիրեցին, քան Աստծուց տվածը։
Աշխարհի լույսը
44Հիսուսն աղաղակում էր ու ասում. «Ով ինձ է հավատում, ինձ չէ, որ հավատում է, այլ նրան, որ ինձ ուղարկեց։ 45Եվ ով ինձ է տեսնում, տեսնում է նրան, որ ինձ ուղարկեց։ 46Ես որպես լույս եկա աշխարհ, որպեսզի ամեն ոք, որ հավատում է ինձ, խավարում չմնա։ 47Եվ եթե մեկը լսի իմ խոսքերը և չպահի դրանք, ես նրան չեմ դատապարտի, քանի որ աշխարհը դատապարտելու չեկա, այլ փրկելու։ 48Ով անարգում է ինձ ու իմ խոսքերը չի ընդունում, կա մեկը, որ դատելու է նրան. այն խոսքը, որ ես խոսեցի, դա՛ պիտի դատապարտի նրան վերջին օրը։ 49Քանզի ես ինքս ինձնից չխոսեցի, այլ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա՛ ինձ պատվիրեց, թե ի՛նչ պիտի ասեմ և ի՛նչ պիտի խոսեմ։ 50Եվ գիտեմ, որ այն պատվիրանը հավիտենական կյանք է։ Այժմ ինչ որ ես խոսում եմ, այնպես եմ խոսում, ինչպես Հայրն ասաց ինձ»։

Արդեն Ընտրված.

ՀՈՎՀԱՆՆԵՍ 12: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք