Քեզ Առատապես Օրհնելու Աստծո ԽոստումըՕրինակ
Փափագո՞ւմ ես Աստծուց ինչ-որ բան ստանալ 🎁
Սիրելի՛ բարեկամ, ի՞նչն է քո հիմնական խնդիրը, որի լուծումն ես ակնկալում Աստծուց։ Ի՞նչ ես խնդրում Նրանից։ Բժշկություն հիվանդությունի՞ց, ֆինանսական կամ աշխատանքային խնդիրների լուծո՞ւմ, ընտանեկան կամ այլ հարաբերությունների վերականգնո՞ւմ, գուցե քո բնավորության հարցում փոփոխություննե՞ր, համբերությո՞ւն, մի փոքր ավելի շատ ուժ ու եռա՞նդ, ներելու ունակությո՞ւն կամ ներվելու հնարավորությո՞ւն։ Այն ամենը, ինչն իրոք անհրաժեշտ է քեզ և ինչի կարիքն իրապես զգում ես, Աստված կարո՛ղ է քեզ շնորհել ու տալ որպես Իր սիրելի զավակի: Նա գիտի քո կարիքները, երբեմն նույնիսկ ավելի լավ, քան դու, և Նա երբեք քեզ հուսախաբ չի անի։
Ընթերցե՛նք այս շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը․ «Դուք նախ Աստծու Արքայությունն ու Նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (Մատթեոս 6.33):
Աստվածաշնչյան այս հրաշալի խոսքը պատահական չէ, որ շեշտադրում է և այդ ամենը արտահայտությունը։
«Եվ իմ Աստվածը թող համաձայն Իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով» (Փիլիպպեցիս 4․19):
Այն ամենն, ինչը ո՛չ թե դու ցանկանում ես, որ լինի, այլ որ իրապես քեզ պետք է․․․ քեզ կտրվի Նրա աստվածային հարստության համաձայն և Հիսուս Քրիստոսի փառքի միջոցով: Ինչպիսի՜ փառավոր խոստում։
«Քո ճշմարտությունը մնում է սերնդից սերունդ. Դու հաստատեցիր երկիրը, և այն կա։ Ըստ Քո հրամանների մնում են այսօր էլ, որովհետև բոլորը Քո ծառաներն են»
(Սաղմոս 119․90-91):
Այո, ամեն ինչ ծառայում է Տեր Աստծուն: Եվ երբ մենք նախ փնտրում ենք Աստծո Արքայությունն ու Նրա արդարությունը, Նա այնպես է անում, որ ամեն բան աշխատի մեր բարիքի համար։ Աստված Իր կամքը սիրող մարդկանց՝ Իր սիրելի զավակների համար, հայրական ջերմ հոգատարություն է դրսևորում, որպեսզի գոհացնի մեզ։
«Բայց Աստված կարող է ամեն շնորհ առատացնել ձեր մեջ, որպեսզի դուք ամեն բանում միշտ լիովին ինքնաբավ լինելով՝ ամեն բարի գործի համար առատանաք» (Բ Կորնթացիս 9․8):
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, երբե՛ք չկարծես, թե Աստծուն ձանձրացնում ես՝ աղոթքի մեջ քո կյանքի մանրամասները հայտնելով։ Հաճախ մենք չենք ներգրավում Աստծուն մեր կյանքի բոլոր բնագավառներում՝ կարծելով, թե կանհանգստացնենք Նրան։ Եվ մոռանում ենք, որ Նա մեր սիրող Հայրն է, Ով հաճույք է ստանում Իր զավակների յուրաքանչյուր փափագը բավարարելուց։
Մի՛ քաշվիր ու մի՛ ամաչիր ներգրավել քո երկնային Հորը քեզ հուզող բոլոր խնդիրների մեջ։
Եղի՛ր օրհնված Տեր Հիսուսի զորավոր անունով։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը
Այս Ծրագրի Մասին
Միասին մենք մի զորավոր աստվածաշնչյան խոստում ենք բացահայտելու մեզ համար, որտեղ Տեր Հիսուսը հիշեցնում է մեզ, որ մեր բոլոր խնդիրների լուծումը և երազանքների իրականացումը միայն Տեր Աստծո մեջ է։ Եթե ցանկանում ես իմանալ, թե ինչպիսին ես դու Աստծո Աչքերում և ինչ օրհնություն է Նա պատրաստել քեզ համար, ապա առաջարկում եմ ընթերցել այս 7-օրյա ծրագիրը, որն ուղղված է հենց դրան։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/