Աստծուն Լսելու ՕրհնություններըՕրինակ
Վայելի՛ր Աստծո ներկայությունը․․․
Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշունչն ասում է, որ չկա ավելի լավ բան, քան Աստծո ներկայության մեջ անցկացրած ժամանակը․ «Որովհետև լավ է մեկ օրը Քո սրահների մեջ, քան հազարավոր օրերը ուրիշ տեղ...» (Սաղմոս 84.10)։
Աստծո ներկայությունը խորհրդավոր մի բան է։ Թեև այն անտեսանելի է, սակայն, միևնույն ժամանակ, նաև շոշափելի է, և մենք կարող ենք մեր զգայարաններով ընկալել այն։ Այն թե՛ մեղմ է և թե՛ համոզիչ, թե՛ խաղաղեցնող և թե՛ գործելու մղող․․․
Աստծո ներկայությունը օրհնություն ու բարիք է այն վայելողների համար։ Այն մեզ մխիթարում է և հնարավորություն ընձեռում նախապես ճաշակելու Երկնքի համը։ Աստծո ներկայությունը դրախտի մասնիկն է երկրի վրա։ Աստծո ներկայությունը Եդեմական պարտեզում կորսված հաղորդակցությունը վերագտնելն է։ Աստծո ներկայությունը այն սքանչելի ու պտղառատ պարտեզն է, որտեղ մեր հոգիները կարող են հանգիստ գտնել և ծաղկել ու պտղաբերել։
«Տերն է իմ հովիվը, և կարիք չեմ ունենալու։ Նա կանաչ մարգագետիններում է պառկեցնում ինձ և հանդարտ ջրերի մոտ է տանում ինձ» (Սաղմոս 23․1-2)։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ե՛կ պարբերաբար ժամանակ առանձնացնենք ծոմի և աղոթքի համար, որպեսզի փնտրենք Տիրոջ երեսը, վայելենք Նրա ներկայությունն ու լսենք Նրա ձայնը։ Այնքա՜ն հաճելի է Աստծո ներկայությունը վայելելը։ Ես սիրում եմ Նրա հետ ժամանակ անցկացնելը, քանի որ Նա իմ Հայրն է, քանի որ Նա ինձ ավելի լավ է ճանաչում, քան որևէ այլ անձ․․․ ավելի լավ, քան ինքս ինձ։
Ուզում եմ իմ ամբողջ սրտով վստահեցնել քեզ, որ Տիրոջ ներկայությունից լավ բան չկա այս կյանքում։ Աստծո ներկայության հանդեպ փափագը դարձրո՛ւ քո կյանքի առաջնահերթությունը։ Վայելի՛ր Նրա հետ անցկացրած ժամանակը, Նրա հետ խոսելն ու Նրա ձայնը լսելը։ Փնտրի՛ր Նրան ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և ողջ զորությամբ։ Փափագի՛ր Նրա ներկայությանը։ Հավատա՝ երբեք հուսախաբ չես լինի, եթե ընդունես այսօրվա ուղերձի խորհուրդները։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Այսօր և առաջիկա օրերին ուզում եմ քեզ հետ կիսվել, թե որքան կարևոր է Աստծո ձայնի հանդեպ ուշադիր լինելը։ Ադամն ու Եվան լսում էին Աստծո ձայնը, նրանք նաև լսեցին նաև օձի ձայնը։ Նրանք ազատ էին իրենց կամքի մեջ և հենց ազատ կամքի արդյունքում ընտրեցին, թե ում ձայնին հնազանդվել։ Մե՛նք ենք ընտրում, թե ո՞ւմ ձայնին ուշադրություն դարձնենք։ Առաջարկում եմ կարդալ այս 7-օրյա ծրագիրը և սովորել, թե ինչպես տարբերել Աստծո ձայնը մյուս ձայներից։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/