Ինչպիսի՞ սեր և պաշտպանություն ունեն Քրիստոսի հավատարիմ աշակերտներըՕրինակ
Դու մշտապես Տեր Աստծո տեսադաշտում ես
Սիրելի՛ բարեկամ, երբևէ լսե՞լ ես քո հասցեին այս արտահայտությունը․ «Դու իմ տեսադաշտում ես․․․»։ Այն կարող է թե՛ ընկերական հարաբերությունների արդյունք լինել և թե՛ հնչել որպես զգոն լինելու ոչ այնքան բարեկամական զգուշացում։
Ուզում եմ իմանաս, որ դու մշտապես Տեր Աստծո տեսադաշտում ես։ Սակայն Նրա աչքերը լի են հայրական ջերմությամբ և քո հանդեպ խնամքի փափագ տածող հոգատարությամբ։
Ահա Դավթի աղոթքներից մեկը, որով նա աղոթում է իր սաղմոսներից մեկի մեջ․ «Պահի՛ր ինձ աչքի բբի պես և Քո թևերի շուքի տակ ծածկի՛ր ինձ» (Սաղմոս 17․8)։
Այո՛, ճշմարիտ է, որ եթե դու հավատում ես Տեր Հիսուս Քրիստոսին և որոշել ես ապրել այնպիսի կյանքով, որը խոսում է Նրան քո կյանքի Տեր ու Փրկիչ ընդունելու մասին, ապա դու Տեր Աստծու զավակն ես և Նրա համար Իր աչքի բիբի պես թանկ մեկն ես։ Տերը միշտ հետևում է քեզ։ Նա մշտապես Իր աչքը քեզ վրա է պահում, որպեսզի հոգ տանի քեզ համար: Դու մշտապես Նրա տեսադաշտում ես, և Նա հսկում է քեզ որպես Իր ամենաթանկ գանձի:
«Տերն ասում է․ «Կուսուցանեմ քեզ և կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որով պիտի գնաս. կխրատեմ քեզ, Իմ աչքը քեզ վրա կլինի» (Սաղմոս 32.8)։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, վստահ եղիր քո հանդեպ մեր երկնային Հոր սեր և բարություն ճառագող ուշադրության հարցում։ Երեկ մեր եկեղեցու քույրերից մեկին եմ ասել այս խոսքերը և հիմա էլ ուզում եմ քեզ ուղղել դրանք․ «Մեր բոլոր խնդիրների արմատը Տեր Աստծուց հեռանալու մեջ է։ Մեր բոլոր խնդիրների լուծումը՝ Նրան մոտենալու և Նրա հոգատար պաշտպանության ներքո վերադառնալու մեջ։ Ինչ էլ պատահի քեզ հետ․․․, եթե դու Տեր Աստծուն սիրող մարդ ես, ի վերջո, ամեն բան դեպի բարին է շրջվելու։ Ամեն բանից առավել, մտահոգվի՛ր երկնային Հոր հետ քո հարաբերությունների վերականգնման մասին։ Մնացած ամեն բանի համար Աստված Ինքը կհոգա»։
Եթե դու Քրիստոսի աշակերտն ես, ապա Աստված քեզ երբե՛ք դուրս չի թողնի Իր տեսադաշտից։ Ինչպիսի՜ ուրախություն է գիտակցել Տեր Աստծո անխափան ու հարատև հոգատարության ներքո ապրելու հիասքանչ փաստը․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Ամենուր պատերազմներ են և պատերազմական լուրեր։ Սակայն այս ամենի մեջ իրական քրիստոնյաները՝ Աստծո Խոսքին հավատալու շնորհիվ վերստին ծնունդ ընդունած Քրիստոսի հավատարիմ աշակերտներն ունեն աստվածային և հավիտենական մի ապաստան:
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/