Ինչպե՞ս ազատվել սթրեսներիցՕրինակ
Ո՞ւմ վերահսկողության տակ է քո կյանքը
Սիրելի՛ բարեկամ, ի՞նչը կարող է ավելի տագնապալի լինել, քան անզորության ու անկարողության միտքը․«Այս ամենը իմ ուժերից վեր է․․․»։ Դա կարող է լինել ընտանեկան լարված հարաբերությունների առնչությամբ, ամուսնու կամ կնոջ բնավորության վատ գծերի, տան կամ աշխատանքային պարտականությունների, առողջական, ֆինանսական, հոգեբանական կամ մեկ այլ խնդրի պատճառով։
Ցավոք, մենք հաճախ ենք փորձում ամեն հոգս մեր ուսերին վերցնել և փոխել իրավիճակներն ու մարդկանց բնավորությունները։ Բնականաբար, նման մոտեցման ժամանակ մենք թևաթափ ենք լինելու, որովհետև շատ ու շատ իրավիճակների ու մարդկանց փոխվելն, իրապես, մեր ուժերի սահմաններում չեն։
Խնդիրը նաև նրանում է, որ նման մոտեցումը մեր կյանքի իրավիճակներին տեղ չի թողնում Տեր Աստծո միջամտության համար։ Հենց այն նույն պահին, երբ մեզ թվում է, թե մենք բավականաչափ խելացի ենք և հմուտ, որպեսզի կարողանանք «վերահսկել ամեն բան», և մեր խնդիրները չենք հանձնում Տեր Աստծո վերահսկողությանը, սթրեսը զգուշորեն ու աննկատ կերպով սկսում է սողոսկել մեր կյանք։
Աստված բարի է եւ ուզում է օգնել մեզ։ Բայց Նրանից օգնություն ընդունելու համար մենք պետք է մեր հույսն ամբողջությամբ Նրա վրա դնենք։ Տերն ուզում է, որ մենք Իր խաղաղության մեջ մտնենք, որպեսզի Նա մեզ ամբողջությամբ պարուրի Իր հայրական խնամքով ու հոգատարությամբ։
Շատ հեշտ կլիներ պարզապես ասել՝ «Տե՛ր, ես վստահում եմ Քեզ իմ բոլոր հոգսերը» և ազատվել սթրեսից ու ճնշումներից։ Ցավոք, միայն ասելը շատ դեպքերում ոչինչ չի փոխում։ Այդ դեպքում ինչպե՞ս ենք մենք մեր հոգսերը Տեր Աստծուն հանձնում այնպես, որ ոչ մի կասկած ու անհանգստոթյուն չմնա մեր սրտում։ Մեր բարի Տերը Իր Խոսքի մեջ տալիս է նաև այս հարցի պատասխանը։ Տեր Հիսուսը փոխանակում է առաջարկում։
«Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու Ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք» (Մատթեոս 11.28-29):
Եթե մենք դառնանք Տեր Հիսուսի հավատարիմ աշակերտները՝ ձգտենք մեր որակներով, բնավորությամբ ու կյանքի սկզբունքներով նմանվել Նրան և մեր վրա վերցնենք Նրա լուծը՝ Նրա հոգսը մարդկանց փրկության համար, ապա Նա մեր ուսերից կվերցնի մեր բոլոր մյուս հոգսերը, վախերը, տագնապներն ու անհանգստությունները։
Տեր Հիսուսը փոխանակում է առաջարկում։ Եվ այդ փոխանակումը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ մենք որոշում ենք կայացնում դառնալու Նրա աշակերտները, ապրելու այս կյանքը Նրա ուսուցանած սկզբունքներով և գործելու կորածին որոնելու և ապրեցնելու Նրա տված առաքելության մեջ։
Երբ մենք Աստծուն վստահելու ամենօրյա որոշում ենք կայացնում, Նա Իր օրհնություններն է բերում մեր կյանք և հոգում է մեր բոլոր կարիքները։ Թո՛ւյլ տուր հարցնել՝ ո՞վ է վերահսկում քո կյանքը, ո՞ւմ ես դու վստահում քո ապագայի ծրագրերը։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, որոշում կայացրո՛ւ ապրելու այս կյանքը Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով։ Փակի՛ր դուռը տագնապների ու անհանգստությունների առջև՝ քո կյանքի բոլոր բնագավառները Տիրոջը վստահելով։ Նա գիտի՝ ինչպես առաջնորդել քեզ քո կյանքի բոլոր դժվարին հանգրվանների մեջ։ Երբ դառնում ես հավատարիմ աշակերտ, քո կյանքի ընթացքը Աստված է սկսում կառավարել։ Նա կվերցնի քո ուսերին ծանրացած բոլոր բեռները և կորոշի քո ընթացքի օրհնյալ ուղղությունը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Առաջիկա յոթ օրերին խոսելու ենք մեր ժամանակների ամենատարածված տկարություններից մեկի մասին, որը ընդունված է անվանել այս օտար ու տհաճ բառով՝ սթրես։ Այն կարող է դրսևորվել մեր հոգևոր կյանքում, մեր ընտանեկան հարաբերություններում, մասնագիտական կյանքում և այլն։ Սթրեսը հոգևոր զենք է թշնամու ձեռքում, որը նա օգտագործում է, որպեսզի մենք չկարողանանք վայելել այն առատ ու լիարժեք կյանքը, որը Տեր Հիսուսն է պատրաստել Իրեն հավատացողների համար։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/