Բացահայտի՛ր Աստծո երազանքները քո կյանքի համարՕրինակ

Բացահայտի՛ր Աստծո երազանքները քո կյանքի համար

ՕՐ 3 7-ից

Ավելի լավ է երազել ու չհաջողվել, քան ընդհանրապես երազանք չունենալ

Սիրելի՛ բարեկամ, բոլորս էլ ունեցել ենք և ունենք երազանքներ և, բնականաբար, հույս ունենք մի օր դրանք տեսնել իրականացած: Սակայն երազանքը չի կորցնում իր արժեքը, եթե անգամ այն այդպես էլ իրականություն չի դառնում։

Առանց երազանքների կյանքը նման է ծովի մեջ անիմաստ այս ու այն կողմ լողացող նավակի։ Շատերի կյանքի նավը այդպես էլ երբեք չի՛ բացում իր առագաստները և այս ու այն կողմ է տարուբերվում՝ հանձնված ալիքների կամքին։

Երազանքները մեր կյանքի նավի առագաստներն են։ Եվ այսօր ուզում եմ մի քանի գործնական քայլ առաջարկել քեզ, որոնք կօգնեն քո կյանքի առագաստները բացելու և համապատասխան քամու պարագայում առաջ ընթանալու հարցում։

• Քո հոգևոր օրագրի մեջ գրի՛ առ երազանքդ:

• Աղոթքիդ մեջ խոսի՛ր Աստծո հետ դրա մասին:

• Որոշի՛ր, թե ովքեր կարող են օգնել քեզ երազանքդ իրականացնելու հարցում:

• Սկսի՛ր հստակ քայլեր ձեռնարկել երազանքիդ իրականացմանն ընդառաջ:

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, մի՛ վախեցիր ձախողվելուց: Անգամ եթե քեզ մոտ չստացվի, դու կսովորես քո սխալների վրա և հաջորդ անգամ ավելի իմաստուն կերպով կվարվես և ավելի ճիշտ որոշումներ կկայացնես:

Ուզում եմ քաջալերել քեզ։ Եթե անգամ պետք է սովորես սխալներիդ վրա․․․, եթե անգամ դեռ չես սովորել առագաստներդ ճիշտ ժամանակին բացելու հմտությունը, ապա երբե՛ք հույսդ չկորցնես: Փորձի՛ր, ջանք արա՛ և բացահայտի՛ր Աստծո կամքը քո կյանքում։ Եվ հավատա՛, որ Տերը լավագույն ապագան է պատրաստել քեզ համար որպես Քրիստոսի աշակերտի։ Եբրայեցիս 11․1 խոսքում կարդում ենք. «Հավատը հուսացած բաների հաստատումն ու աներևույթ բաների ապացույցը»։

Երազանքդ միշտ արթուն ու կենդանի պահի՛ր: Առագաստներդ չիջեցնե՛ս քո կյանքի նավի կայմից։ Անգամ եթե երկար ժամանակ դրանց ուղղությամբ ոչ մի համընթաց քամի չի փչել, սպասի՛ր համբերությամբ, գործի՛ր իմաստությամբ և վստահի՛ր Աստծուն։ Աղոթում եմ, որ քո երազանքները կատարվեն Տիրոջ կամքով, Նրա օգնությամբ և Նրա օրհնությամբ:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2Օր 4

Այս Ծրագրի Մասին

Բացահայտի՛ր Աստծո երազանքները քո կյանքի համար

Երբ երեխա էինք, ապագայի մասին մեր պատկերացումները բավականին զվարճալի էին: Օրինակ, մանուկ հասակում ես շատ էի սիրում լիմոնադ խմել և ասում էի. «Երբ մեծանամ, օդաչու եմ դառնալու, որպեսզի ուղղաթիռով լիմոնադ տեղափոխեմ»։ Ավելի հասուն տարիքում ավելի շատ երազում էի ոչ թե իմ ով դառնալու, այլ ինչպիսին լինելու մասին։ Այդ ժամանակ էր, որ երազանքս դարձավ այս կյանքի իմաստը հասկանալն ու ճշմարտությունը գտնելը։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/