Բացահայտի՛ր Աստծո երազանքները քո կյանքի համարՕրինակ
Այն օրը, երբ կորցրեցի աշխատանքս
Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել մի կարճ վկայությամբ: Տարիներ առաջ ես դասավանդում էի Հայաստանի համալսարաններից մեկում, ինչպես նաև այդ համալսարանի տեղեկատվական կենտրոնի ղեկավարն էի։ Քանի որ համալսարանի ղեկավարությունը շատ գոհ էր իմ աշխատանքից, ինձ առաջարկեցին ավելի բարձր պաշտոն, որը սակայն ինձնից ավելի շատ աշխատաժամանակ էր պահանջելու։ Նման աշխատանքային գրաֆիկի պայմաններում ես անկարող էի լինելու ծառայել Աստծուն և դրա համար պետք է սահմանափակվեի միայն կիրակի օրվա ընձեռած հնարավորություններով։ Բնականաբար, ես մերժեցի ավելի բարձր պաշտոնի առաջարկը, որի արդյունքում կորցրեցի նաև այն աշխատանքը, որն ունեի տվյալ պահին։
Արդեն տարիներ անց, երբ հետ եմ նայում իմ կայացրած որոշմանը, տեսնում եմ, որ Աստված շատ ավելի լավ վճարվող և ազատ աշխատանքային գրաֆիկով հրաշալի աշխատանքներ է ինձ պարգևել։ Ես միշտ երազել էի ունենալ այնպիսի աշխատանք, որի աշխատավարձը կբավարարի իմ ընտանիքի կարիքները հոգալուն և որը կլինի ազատ գրաֆիկով աշխատանք ու հնարավորություն կտա ինձ, որ ինքս տնօրինեմ իմ ժամանակը։
Իմ բոլոր աշխատանքներն իսկապես Աստծո պարգևն են եղել: Եվ ես երբեք չեմ զղջացել, որ ազատվել եմ նախկին աշխատանքից: Եվ ահա թե ինչ եմ ես սովորել այդ ամենից։ Մեր կյանքի ամենադժվարին իրավիճակները հաճախ օգնում են մեզ, որ հավատարիմ մնանք Աստծուն և ընթանանք հե՛նց այն ուղղությամբ, որով Աստված է մեզ առաջնորդում դեպի լավագույն ապագան։ Շատ անգամ ես տվյալ պահին չեմ հասկացել, որ ինձ հետ պատահածը Աստված իմ բարիքի համար է գործածելու։ Սակայն հետո, երբ նայում եմ իմ անցած ուղուն, տեսնում եմ Աստծո զորավոր ձեռքը, և իմ սիրտը լցվում է գոհությամբ։
«Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են Նրա կամքով» (Հռոմեացիներին 8.28):
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, միայն Աստված գիտի ապագան: Ես քեզ խորհուրդ կտամ ցանկացած պարագայում մնալ ազնիվ և հավատարիմ Աստծո սովորեցրած սկզբունքներին ու արժեքներին։ Տեր Աստծուն սիրում են նրանք, ովքեր պահում են Նրա պատվիրաններն ու ապրում են որպես Տեր Հիսուսի Քրիստոսի աշակերտներ։ Այսպիսի մարդկանց համար ամեն բան գործակից է լինում նրանց բարիքի համար։ Մեր գործը մեր ապրած կյանքով Աստծուն սիրելն է։ Մնացածի մասին Աստված կհոգա հրաշալի կերպով։
Սաղմոս 25․3 խոսքում կարդում ենք. «Բոլոր Քեզ սպասողները թող չամաչեն, այլ պիտի ամաչեն զուր տեղը անօրենություն գործողները»։
Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով․ «Տե՛ր, ես այսօր կրկին ուզում եմ ամբողջովին վստահել քեզ: Շնորհակալ եմ, որ հոգում ես իմ կյանքի յուրաքանչյուր ոլորտի համար ու պահում ես իմ կյանքը Քո ձեռքերում: Օգնի՛ր ինձ, խնդրում եմ, մնալ ազնիվ ու հավատարիմ Քո ուղիներին այսօր և ամեն օր: Ես գիտեմ, որ Դու երբեք չես թողնի ու չես լքի ինձ: Ես սիրում եմ Քեզ և ձգտում եմ ապրել հենց այն կյանքը, որը Դու ես ինձնից ակնկալում։ Ես հավատում եմ, որ այն ամենը, որ ինձ պատահել է, բարիին գործակից է լինելու, և այդ ամենի արդյունքում ես հրաշալի տեղում եմ հայտնվելու։ Շնորհակալ եմ, Տե՛ր, Քո Խոսքի և Քո հայրական հոգատարության համար։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Երբ երեխա էինք, ապագայի մասին մեր պատկերացումները բավականին զվարճալի էին: Օրինակ, մանուկ հասակում ես շատ էի սիրում լիմոնադ խմել և ասում էի. «Երբ մեծանամ, օդաչու եմ դառնալու, որպեսզի ուղղաթիռով լիմոնադ տեղափոխեմ»։ Ավելի հասուն տարիքում ավելի շատ երազում էի ոչ թե իմ ով դառնալու, այլ ինչպիսին լինելու մասին։ Այդ ժամանակ էր, որ երազանքս դարձավ այս կյանքի իմաստը հասկանալն ու ճշմարտությունը գտնելը։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/