Դու թանկ ու սիրելի ես Տեր Աստծու համարՕրինակ
Ազատվի՛ր մարդկանց սխալական գնահատականներից
Քո իրական արժեքը գիտի միայն քո Արարիչ Աստված։ Միայն հմուտ Վարպետը կարող է չհղկված ադամանդի մեջ տեսնել անգին զարդ դառնալու ներուժը։
Սիրելի՛ բարեկամ, բոլորս էլ գիտենք, որ ադամանդը մեծ արժեք ունեցող քար է, իսկ ադամանդագործությունը՝ տնտեսության ամենաշահութաբեր ոլորտներից մեկը։ Աշխարհում այնպիսի թանկարժեք ադամանդներ կան, որ դրանց գինը կարող է տասնյակ միլիոնավոր դոլլարների հասնել, և դրանցից ամենաթանկարժեքներին արդյունահանած և մշակած ընկերությունները հատուկ անուններ են տալիս։
Սակայն գիտե՞ս արդյոք, որ նախքան հատուկ ցուցասրահներում հայտնվելը՝ ադամանդները արդյունահանվում են սովորական քարհանքերում։ Դրանք կարող են լինել ցեխոտ ու տարբեր ապարներով պատված քարակտորներ, որոնք մշակման տարբեր փուլեր պետք է անցնեն, որպեսզի դառնան գունագեղ ու զարմանահրաշ բյուրեղներ։
Այսօր ուզում եմ քեզ հատուկ քաջալերել ու ասել, որ դու նման ես մի չհղկված ադամանդի։ Մարդիկ կարող են տեսնել քո թերությունները, բնավորության վատ գծերը, ձախողումներն ու մեղքերը, սակայն Աստված քո մեջ տեսնում է Իր թանկ ու սիրելի զավակին, որը կարող է սուրբ կյանքով ապրող հավատարիմ տնտես դառնալ Իր Արքայության մեջ և շատերի փրկության ու Եկեղեցու զորացման միջոց դառնալ Իր Սուրբ ձեռքերում։
Քո հասցեին մարդկանց գնահատականները չեն կարող կատարյալ լինել։ Մարդկանց կողմից քեզ ուղղված թե՛ վատաբանությունն ու փնովանքը, թե՛ գովաբանությունն ու մեծարանքը չեն կարող կատարյալ ու ճշմարիտ լինել։ Այնպես, որ թե՛ մեկին ու թե՛ մյուսին խորհուրդ եմ տալիս շատ լուրջ չվերաբերվել։ Միակ կատարյալ գնահատականը քեզ կարող է տալ Աստված և միայն Աստված։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե միայն թույլ տաս, որ Աստված վերցնի քո կյանքն Իր հայրական հոգատար ձեռքերի մեջ ու հղկի քեզ Իր Սուրբ Խոսքի և Եկեղեցու ծառայությունների միջոցով, ապա մի օր կդառնաս այն հավատարիմ ծառան, որ Աստված ուներ Իր մտքում, երբ քեզ կյանք էր պարգևում։
Նա չի՛ սխալվել քեզ արարելուց։ Նա երբե՛ք չի սխալվում։ Տերը քեզ աննպատակ չի արարել։ Տերը քեզ կյանք չի պարգևել, որ մարդիկ իրենց անկատար գնահատականներով ցածրացնեն քո ինքնագնահատականը։ Տերը քեզ ստեղծել է որոշակի նպատակով։ Ահա թե ինչ է ասում Աստված Իր Խոսքի մեջ․ «Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29․11)։
Պատրա՞ստ ես արդյոք քեզ սիրող ու քեզ գնահատող Վարպետի կամքին ու խնամքին հանձնել քո կյանքը։ Պատրա՞ստ ես Նրա հմուտ ձեռքերին վստահել քո բնավորության փոխակերպումը, մեղքի դեմ պայքարում քո սրբագործման ընթացքը և քո կարգապահության ու հավատարմության որակների ձևավորումը։ Թույլ կտա՞ս, որ Տերն Իր Խոսքի միջոցով հղկի քեզ, որպեսզի մի օր փայլես Նրա լույսի բժշկարար ճառագայթների ներքո և ինքդ լույս դառնաս քո շրջապատի մարդկանց համար։
Քո իրական արժեքը գիտի միայն քո Արարիչ Աստված։ Միայն հմուտ Վարպետը կարող է չհղկված ադամանդի մեջ տեսնել անգին զարդ դառնալու ներուժը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Ինչպիսի՞ն է քո ինքնագնահատականը։ Ազատվի՛ր մարդկանց սխալական գնահատականներից, անարժեքության հին ու նոր պիտակներից: Քո իրական արժեքը կարող է որոշել միայն Աստված։ Եթե միայն թույլ տաս, որ Աստված վերցնի քո կյանքն Իր հայրական հոգատար ձեռքերի մեջ ու հղկի քեզ Իր Սուրբ Խոսքի և Եկեղեցու ծառայությունների միջոցով, ապա կդառնաս այն հավատարիմ ծառան, որ Աստված ուներ Իր մտքում:
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/