Դու թանկ ու սիրելի ես Տեր Աստծու համարՕրինակ

Դու թանկ ու սիրելի ես Տեր Աստծու համար

ՕՐ 3 7-ից

Ազատվի՛ր սխալ ինքնագնահատականից

Ցածր ինքնագնահատականը մարդուն կաշկանդում է և թույլ չի տալիս լիարժեք ապրել այն կյանքը, որն Աստված է պարգևել նրան։ Չափից դուրս բարձր ինքնագնահատականը մարդուն հպարտացնում է ու տանում կործանման՝ կտրելով իրականությունից և հեռացնելով Աստծուց։

Սիրելի՛ բարեկամ, իսկ ինչպիսի՞ն ես դու քո իսկ աչքերում։ Ինքնագնահատականի երկու ծայրահեղություններն էլ հավասարապես վտանգավոր են։ Նախորդ օրերին մենք խոսել ենք ցածր ինքնագնահատականի մասին, որը ձևավորվում է մարդկանց սխալ գնահատականների արդյունքում։ Սակայն այսօր ուզում եմ միասին խորհենք չափից դուրս բարձր ինքնագնահատականի հասցրած վնասների շուրջ։ Ահա թե ինչ է մեզ զգուշացնում Աստվածաշունչը Պողոս առաքյալի շուրթերով․

«Աստծու շնորհով, որ ինձ է տրված, այս եմ ասում ձեզնից յուրաքանչյուրին. ձեզ մի՛ գնահատեք ավելի, քան ձեր արժանիքն է, այլ ձեզ գնահատե՛ք զգաստությամբ, յուրաքանչյուրն Աստծու կողմից իրեն բաժին հասած հավատի չափով» (Հռոմեացիս 12․3)։

Ձեզ մի՛ գնահատեք ավելի, քան ձեր արժանիքն է։ Իսկ ինչպե՞ս կարող ես իմանալ քո ճիշտ արժանիքը։ Աստվածաշունչը պատասխանում է նաև այս հարցին՝ քո ունեցած հավատքի չափով․․․ Քո ճիշտ ինքնագնահատականը չի կարող ձևավորվել քո ունեցած դիրքի կամ ունեցվածքի չափով, քո վարած մեքենայի կամ հագուստների բրենդային կամ ոճային պատկանելությամբ։ Քո իրական արժեքը չի կարող ձևավորել անգամ այս աշխարհում քո հայտնիությունը կամ անգամ հոգևոր կյանքում ծառայությունների արդյունքում ունեցածդ հաջողությունը։ Եթե կա մի բան, որը կարող ես կիրառել քո իրական ինքնագնահատականի ճշգրիտ որոշման հարցում, ապա դա քո հավատքն է։

«Այսպես է ասում Տերը. «Իմաստունն իր իմաստությամբ թող չպարծենա, և զորավորն էլ իր զորությամբ չպարծենա, հարուստն իր հարստությամբ չպարծենա։ Այլ պարծեցողը թող պարծենա նրանով, որ հասկանում և ճանաչում է Ինձ, որ ես եմ Տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք և արդարություն եմ անում, որ սրանք են հաճելի Ինձ»,- ասում է Տերը» (Երեմիա 9․23-24)։

Ո՛չ իմաստությունն ու կրթությունը, ո՛չ հասարակության մեջ ունեցած դիրքն ու ազդեցությունը կամ ուժն ու հարստությունը, ո՛չ էլ հայտնիությունը հիմք չեն մարդու գերագնահատված ինքնագնահատականի համար։ Տեր Աստծու աչքերում միայն մեկ չափանիշ կա, որ մարդուն ծանրակշիռ է դարձնում և գնահատելի։ Դա Տեր Աստծու կամքի ու բնույթի ճանաչողությունն է, որը պետք է բխի միայն և միմիայն Աստծու ճշմարիտ Խոսքից՝ Աստվածաշնչից։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ իսկ դու կարդո՞ւմ ես Աստվածաշունչը։ Դու կարդո՞ւմ ես այն՝ փնտրելով Տեր Աստծու բնավորության ու որակների մասին տեղեկություններ Նրա անսխալական Խոսքի մեջ։ Դու ձգտո՞ւմ ես ճանաչել քո երկնային Հոր բնավորությունն ու սկզբունքները, որոնք Նա բացահայտում է Աստվածաշնչի էջերում տեղ գտած պատմություններում, տարբեր իրավիճակներում Նրա արձագանքի և աստվածաշնչյան հերոսների հետ Նրա ունեցած հարաբերությունների նկարագրության մեջ։ Դու ճանաչո՞ւմ ես Տեր Աստծու բնույթն ու կամքը։ Եթե այո, ապա քո հավատքը զորավոր է, և դու երանելի մարդ ես։ Իսկ եթե ոչ, ապա ընդունի՛ր այսօր իմ հորդորն ու քաջալերանքը՝ ազատվի՛ր սխալ ինքնագնահատականից և նվիրի՛ր քեզ Տեր Աստծուն հասկանալու և ճանաչելու օրհնյալ ընթացքին։

Ցածր ինքնագնահատականը մարդուն կաշկանդում է և թույլ չի տալիս լիարժեք ապրել այն կյանքը, որն Աստված է պարգևել նրան։ Չափից դուրս բարձր ինքնագնահատականը մարդուն հպարտացնում է ու տանում կործանման՝ կտրելով իրականությունից և հեռացնելով Աստծուց։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 2Օր 4

Այս Ծրագրի Մասին

Դու թանկ ու սիրելի ես Տեր Աստծու համար

Ինչպիսի՞ն է քո ինքնագնահատականը։ Ազատվի՛ր մարդկանց սխալական գնահատականներից, անարժեքության հին ու նոր պիտակներից: Քո իրական արժեքը կարող է որոշել միայն Աստված։ Եթե միայն թույլ տաս, որ Աստված վերցնի քո կյանքն Իր հայրական հոգատար ձեռքերի մեջ ու հղկի քեզ Իր Սուրբ Խոսքի և Եկեղեցու ծառայությունների միջոցով, ապա կդառնաս այն հավատարիմ ծառան, որ Աստված ուներ Իր մտքում:

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/