Աստված բժշկություն է պատրաստել քո ընտանիքի համարՕրինակ
Ո՞վ պետք է սուրբ պահի սուրբ ամուսնությունը
«Ամուսնությունն ամբողջովին պատվական է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Շնացողներին ու պոռնիկներին Աստված պիտի դատի» (Եբրայեցիս 13․4):
Սիրելի՛ բարեկամ, ամուսնությունը սուրբ է Տեր Աստծու համար։ Իսկ ո՞վ պետք է այն սուրբ պահի։ Ո՞ւմ վրա է դրված ամուսնության սրբությունը պահպանելու պատասխանատվությունը։ Պատասխանը միանշանակ է՝ ամուսնությունը սուրբ պահողն Աստված չէ, այլ ամուսնական զույգի անդամները։ Ընտանիքում ամուսիններն են, որ պիտի գնահատեն ու պաշտպանեն ամուսնական սրբությունը։
Աստված այնքա՜ն է գնահատում ամուսնական սրբությունը, որ թեև ատում է ապահարզանը, սակայն թույլատրում է ամուսնալուծությունը միայն մեկ պարագայում․
«Բայց ասում եմ ձեզ. ով իր կնոջն արձակի ոչ պոռնկության պատճառով և ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի…» (Մատթեոս 19.9):
Շնությունը՝ լինի դա մարմնավոր թե զգացմունքային մակարդակում, պղծություն է Տեր Աստծու աչքերին։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված դատելու է շնացողներին։ Իրականում, արտամուսնական կապը՝ կամ ամուսնուց կամ կնոջից գաղտնի մտերմությունը մեկ ուրիշի հետ, ապստամբություն է հե՛նց Աստծու հանդեպ։ Դրա համար է Աստված ասում, որ Իր սկզբունքների դեմ ապստամբած մարդն անպատիժ չի կարող մնալ։ Աստված ամուսնությունը սուրբ է տեսնում։
Աստծու համար թանկ ու սիրելի զավակ, որպես Քրիստոսի աշակերտներ՝ մենք պետք է նվիրվենք մեր ընտանիքի ու մեր ամուսնության սրբության պաշտպանության գործին։ Ընտանիքի և ամուսնության սրբությունը պետք է դառնա մեր հոգևոր պատերազմի ճակատներից մեկը։ Մենք Աստծով պիտի զորանանք և դեմ կանգնենք բոլոր գայթակղություններին, որպեսզի մեր մեղքերով չպղծենք այն, ինչ Աստված սուրբ է համարում։ Մենք պետք է ինքներս հեռու մնանք ֆիզիկական և զգացմունքային ամեն պղծությունից և ամեն բան անենք, որպեսզի մեր կողակիցը հեռու մնա բոլոր գայթակղություններից։
«Ամուսինը թող իր կնոջ հանդեպ պարտքը կատարի, նույն կերպ էլ կինը՝ իր ամուսնու հանդեպ։ Կինն իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ ամուսինը. նույն կերպ էլ ամուսինն իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ կինը։ Միմյանց մի՛ զրկեք, այլ միայն ժամանակավոր փոխհամաձայնությամբ, որպեսզի աղոթքով զբաղվեք։ Ապա նորից միմյա՛նց վերադարձեք, որպեսզի ձեր անժուժկալության պատճառով սատանան չփորձի ձեզ» (Ա Կորնթացիներին 7․3-5):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Ամուսնությունը և ընտանիքը սուրբ են Աստծու համար։ Աստված ամուսնությունը ստեղծել է որպես օրհնություն մարդու համար և դեղամիջոց` միայնության դեմ։ Շատերս կուզենանք, որ Աստված բժշկի մեր ընտանիքներն ու ընտանիքի անդամների հետ մեր հարաբերությունները: Աստված կբժշկի քո ընտանիքը, երբ խնամես, սնուցես ու պաշտպանես այն և մնաս Նրա կամքի մեջ : Ցանկացած մտերմություն ունի մրցակիցներ։ Երբե՛ք ու երբե՛ք քո կյանքում տեղ չտաս որևէ մտերմության, որը մրցակից է կողակցիդ հետ քո մեկությանը։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/