Աստված բժշկություն է պատրաստել քո ընտանիքի համարՕրինակ
Ընտանիքդ քո Եդեմն է
Ոմանց ընտանիքը մի վայր է, որտեղ նրանք հանգիստ են վայելում և վերականգնվում են մեղքով բեռնավորված այս աշխարհի ճնշումներից ու մարդկանց անարդարության հասցրած վնասներից։ Ոմանց համար էլ ընտանիքը հավելյալ ճնշումների և լարված իրավիճակների մի վայր է, որտեղ նրանք ավելի շատ հոգնում են, քան հանգիստ գտնում։
Սիրելի՛ բարեկամ, քո ընտանիքը կարող է դառնալ քո եդեմական պարտեզը, եթե խնամես, սնուցես ու պաշտպանես այն։ Ընտանիքդ կարող է դառնալ քաղցրության միջավայրի մի կղզի` դառնությամբ ու անիրավությամբ լցված այս աշխարհի օվկիանոսում։ Հիշի՛ր այս երեք բառերը՝ խնամել, սնուցել և պաշտպանել։
«Եվ Տեր Աստված վերցրեց մարդուն և դրեց Եդեմի պարտեզում, որպեսզի նա այն մշակի ու պահի» (Ծննդոց 2․15):
Քո ընտանիքը քո խնամքի կարիքն ունի։ Որպես զավակ, որպես ծնող, որպես եղբայր կամ քույր, որպես ամուսին կամ կին՝ դու քո պարտականությունն ունես ընտանիքիդ մեջ։ Քո պարտականություններն Աստծու Խոսքից ընդունելով և դրանք հավատարմորեն կատարելով՝ դու խնամում ես ու մշակում քեզ վստահված «պարտեզը»։
Քո ընտանիքը նաև քո պաշտպանության կարիքն ունի։ Ինչպես եդեմական պարտեզում օձը գայթակղեց Ադամին ու Եվային, այնպես էլ այսօր թշնամին կարող է ընտանիքներում մարդկանց մղել Աստծու կամքին ու Նրա Խոսքին հակառակ գործողությունների ու վերաբերմունքի։ Քո աղոթքներով, Տեր Աստծու կամքին քո հնազանդությամբ և ընտանիքիդ անդամների հանդեպ քո աստվածահաճո վերաբերմունքով դու պաշտպանում ես ընտանիքդ չարի ծրագրերից ու խորամանկ թակարդներից։
Քո ընտանիքը ճիշտ սնուցման կարիք ունի։ Քո փոխված կյանքը, որպես Քրիստոսի հավատարիմ աշակերտ, բոլորի աչքի առաջ բացված մի ավետարան է, որը մարդիկ կարդում են և սնուցվում Աստծու Խոսքով։ Հաճախ, անգամ կարիք չի լինում խոսելու։ Մարդիկ տեսնում ու լսում են Ավետարանը մեր ապրած կյանքի մեջ։ Երբ մենք չենք ապրում Ավետարանի սկզբունքներին համահունչ, անգամ մեր վկայություններն ու ավետարանչությունը լսելի չեն մարդկանց, հատկապես՝ մեր ընտանիքի անդամներին, քանի որ մեր անհնազանդ ապրելակերպը փակում է նրանց ականջներն Աստծու Խոսքի հանդեպ։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո ընտանիքը քո վկայության կարիքն ունի։ Խնամի՛ր, սնուցի՛ր ու պաշտպանի՛ր ընտանիքդ, և ժամանակի ընթացքում այն կվերածվի իրական եդեմական պարտեզի, որտեղ դու կվայելես Աստծու ներկայության քաղցրությունը և ընտանեկան ջերմության խաղաղությունը։
«Նույնպես և դուք, կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր ամուսիններին, որպեսզի եթե նրանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խոսքին, կանանց վարքի շնորհիվ առանց խոսքի շահեն՝ տեսնելով ձեր՝ երկյուղածությամբ պարկեշտ վարքը։ Նույնպես և դուք, ամուսիննե՛ր, նրանց հետ խոհեմությա՛մբ ապրեք, կնոջը որպես դյուրաբեկ անոթի՛ վերաբերվեք, պատվե՛ք իբրև կյանքի շնորհի ժառանգակիցների, որպեսզի ձեր աղոթքներին արգելք չլինի» (Ա Պետրոս 3.1-2,7):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Ամուսնությունը և ընտանիքը սուրբ են Աստծու համար։ Աստված ամուսնությունը ստեղծել է որպես օրհնություն մարդու համար և դեղամիջոց` միայնության դեմ։ Շատերս կուզենանք, որ Աստված բժշկի մեր ընտանիքներն ու ընտանիքի անդամների հետ մեր հարաբերությունները: Աստված կբժշկի քո ընտանիքը, երբ խնամես, սնուցես ու պաշտպանես այն և մնաս Նրա կամքի մեջ : Ցանկացած մտերմություն ունի մրցակիցներ։ Երբե՛ք ու երբե՛ք քո կյանքում տեղ չտաս որևէ մտերմության, որը մրցակից է կողակցիդ հետ քո մեկությանը։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/