Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկությունՕրինակ

Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն

ՕՐ 4 7-ից

Որո՞նք են վերջին օրերի նշանները

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն» վերնագիրը։ Նախորդ ուղերձների մեջ մենք քննարկեցինք վերջին օրերի մասին Տեր Հիսուսի զգուշացումները, որ Իր վերադարձից առաջ աշխարհն իր առօրյա կյանքով է ապրելու, և տեսանք, որ շատերի համար վերահաս աղետի զգուշացումն ու ապաշխարելու կոչերը կատակի պես մի բան են լինելու, իսկ Աստծու սիրո հորդորները մարդկանց փոխանցողները ծաղրական ու քամահրական վերաբերմունքի են արժանանալու։

Սիրելի՛ բարեկամ, այսօր փորձելու ենք Աստվածաշնչի օգնությամբ քննել ու տեսնել, թե որոնք են լինելու վերջին օրերի նշանները։ Տեր Հիսուսը հստակ ուսուցումներ է փոխանցել այս թեմայի վերաբերյալ, և ես ուզում եմ այսօր քեզ հետ կիսվել դրանցից մի քանիսով։ Եվ այսպես, ի՞նչ էր ուսուցանում Տերը աշխարհի վերջի իրադարձությունների ու դրա նշանների մասին։ Այսօրվա ուղերձի մեջ սովորականինց մի փոքր շատ ենք ընթերցելու Աստծու Խոսքից։

«Արեգակի, լուսնի ու աստղերի վրա նշաններ կլինեն. երկրի վրա ազգերը կխռովվեն և կտագնապեն ծովի ալեկոծումից և շառաչյունից։ Մարդկանց սրտերը կնվաղեն վախից ու տագնապից, որ ամբողջ աշխարհի վրա գալու են. քանի որ երկնքի զորությունները պիտի շարժվեն։ Եվ այն ժամանակ Մարդու Որդուն ամպերի վրա զորությամբ ու մեծ փառքով գալիս կտեսնեն։ Եվ երբ այս բաներն սկսեն լինել, վե՛ր նայեք ու ձեր գլուխները բարձրացրե՛ք, որովհետև ձեր փրկությունը մոտ է»։ Եվ նրանց մի առակ ասաց. «Նայե՛ք թզենուն ու բոլոր ծառերին։ Երբ արդեն բողբոջում են, տեսնելով՝ ինքներդ իմանում եք, որ ամառը մոտ է։ Այդպես էլ դուք, երբ այս բոլոր բաները կատարված տեսնեք, իմացե՛ք, որ Աստծու արքայությունը մոտ է» (Ղուկաս 21․25-31):

Աշակերտները շատ էին ուզում իմանալ, թե երբ էին տեղի ունենալու այս իրադարձությունները և որո՞նք էին լինելու Տեր Հիսուսի վերադարձի և աշխարհի վերջի նշանները։

«Մինչ Նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտներն առանձին մոտեցան Նրան ու ասացին. «Ասա՛ մեզ, ե՞րբ են դրանք լինելու, և ո՞րն է լինելու Քո գալստյան ու աշխարհի վերջի նշանը»։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Զգո՛ւյշ եղեք, որ որևէ մեկը ձեզ չխաբի, որովհետև շատերն Իմ անունով կգան ու կասեն. "Ես եմ Քրիստոսը", և շատերին կմոլորեցնեն։ Լսելու եք պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր։ Տեսե՛ք, որ չսարսափեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, սակայն դա դեռ վերջը չէ։ Ազգն ազգի դեմ վեր կկենա, և թագավորությունը՝ թագավորության դեմ. լինելու են սով և տեղ առ տեղ երկրաշարժեր։ Բայց այս ամենը սկիզբն է երկունքի։ Այդ ժամանակ ձեզ նեղության են մատնելու և սպանելու են ձեզ, Իմ անվան պատճառով բոլոր հեթանոս ազգերի կողմից ատելի եք լինելու։ Եվ այդ ժամանակ շատերն են գայթակղվելու, միմյանց մատնելու և միմյանց ատելու։ Եվ բազում սուտ մարգարեներ են ելնելու և շատերին մոլորեցնելու։ Եվ անօրենության բազմանալու պատճառով շատերի սերն է սառչելու։ Բայց ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Եվ արքայության այս Ավետարանը քարոզվելու է ամբողջ աշխարհով՝ որպես վկայություն բոլոր հեթանոսներին, և այդ ժամանակ գալու է վերջը։ Արդ, երբ տեսնեք ավերածության սրբապղծությունը՝ սուրբ վայրում կանգնած, որի մասին ասված է Դանիել մարգարեի միջոցով (ով կարդում է, թող հասկանա), այդ ժամանակ ովքեր Հրեաստանում լինեն, թող լեռները փախչեն, ով տանիքի վրա լինի, թող չիջնի տնից որևէ բան վերցնելու, ով հանդում լինի, թող հետ չդառնա իր հագուստները վերցնելու։ Նեղության այդ օրերից հետո արեգակն իսկույն կխավարի, լուսինն էլ իր լույսը չի տա. աստղերը երկնքից կընկնեն, ու երկնքի զորությունները կշարժվեն։ Այդ ժամանակ երկնքում կերևա Մարդու Որդու նշանը, և այդ ժամանակ երկրի բոլոր ցեղերը կողբան ու կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով, զորությամբ ու մեծ փառքով։ Եվ Նա կուղարկի Իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք կհավաքեն Նրա ընտրյալներին չորս հողմերից՝ երկնքի ծայրից մինչև մյուս ծայրը» (Մատթեոս 24․3-18,29-31):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, արդյո՞ք մենք ապրում ենք վերջին օրերում։ Տերը սովորեցնում էր, որ ինչպես ծառերի բողբոջելը և թզենու պտուղների փափկելը հուշում են որոշակի ժամանակաշրջանի՝ մոտ լինելու մասին, այնպես էլ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները՝ աղետներն ու պատերազմները, մարդկանց՝ իրար հանդեպ վերաբերմունքի փոփոխությունն ու սիրո սառչելը, անօրինության շատանալն ու Ավետարանի՝ ողջ աշխարհով մեկ քարոզվելը նշաններ են, որ Տեր Հիսուսի վերադարձը մոտ է։

Անշո՛ւշտ, Աստվածաշունչը սովորեցնում է, որ Տիրոջ վերադարձից առաջ նախ պետք է հակաքրիստոսը գա և իր իշխանությունը հաստատի այս երկրի վրա։

«Թող ոչ ոք ոչ մի կերպ ձեզ չխաբի, որովհետև Տիրոջ օրը չի գա, եթե նախ ապստամբությունը չգա, ու չհայտնվի անօրենության մարդը՝ կորստյան որդին, այն հակառակորդը, որ գոռոզացած է բոլորի նկատմամբ, որն աստված կամ պաշտամունքի առարկա է անվանվում. մինչև իսկ նա Աստծու տաճարում կնստի և ինքն իրեն ցույց կտա, թե Աստված է։ Չե՞ք հիշում, որ երբ դեռ ձեզ մոտ էի, այս բաներն ասում էի։ Որովհետև անօրենության խորհուրդն արդեն զորանում է, բայց չպիտի կատարվի մինչև որ մեջտեղից վերցվի նա, ով այժմ արգելում է։ Եվ այդ ժամանակ կհայտնվի այն անօրենը, որին Տեր Հիսուսն Իր բերանի շնչով կսպանի ու Իր գալստյան հայտնությամբ կկործանի։ Նրա գալուստը սատանայի ներգործությունից է՝ ամեն տեսակ զորությամբ, նշաններով ու սուտ հրաշքներով և ամեն տեսակ անիրավ խաբեություններով նրանց համար, ովքեր կորստյան մեջ են՝ փոխանակ ընդունելու ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն։ Դրա համար էլ Աստված մոլորության ներգործություն է ուղարկում նրանց, որ ստին հավատան, որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր ճշմարտությանը չհավատացին, բայց անօրենության մեջ հաճույք ստացան։ Իսկ մենք ամեն ժամ պարտավոր ենք Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, Տիրոջից սիրվա՛ծ եղբայրներ, որովհետև Աստված փրկության համար սկզբից ձեզ ընտրեց Հոգու սրբացմամբ ու ճշմարտության հավատով, որի համար կանչեց ձեզ մեր Ավետարանով՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառքն ստանալու համար» (Բ Թեսաղոնիկեցիս 2․3-5,7-14):

Ի՞նչ ես կարծում՝ արդյոք մենք ապրում ենք աշխարհի վերջի սկիզբն ազդարարող ժամանակներո՞ւմ․․․ Ինձ համար մեծ մխիթարություն են Տեր Հիսուսի հետևյալ խոսքերը․ «Եվ երբ այս բաներն սկսեն լինել, վե՛ր նայեք ու ձեր գլուխները բարձրացրե՛ք, որովհետև ձեր փրկությունը մոտ է»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 3Օր 5

Այս Ծրագրի Մասին

Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն

Շատերն են այսօր խոսում վերջին ժամանակների մասին։ Յուրաքանչյուրս կարիք ունի իմանալու ճշմարտությունը, որպեսզի պատրաստ լինի վերջին ժամանակների իրադարձություններին։ Աշխարհակարգի վերջի իրադարձությունները շատ նման են լինելու Նոյի ժամանակներին: Նոյը գիտեր, որ ջրհեղեղից փրկության միակ միջոցը տապանն է։ Վերջին օրերի մարտահրավերներին պատրաստվելու համար մենք պետք է ուղղակի մտերմանանք Տեր Աստծու հետ՝ ավելի ու ավելի սիրելով Իր կամքին հնազանդ կյանքը:

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am