Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկությունՕրինակ

Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն

ՕՐ 6 7-ից

Աշխարհի վերջն՝ ըստ Աստվածաշնչի

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն» վերնագիրը։ Ուղերձների այս շարքը աշխարհի վերջի մասին է։ Իսկ ի՞նչ է նշանակում աշխարհի վերջ։ Այն Երկիր մոլորակի կործանումը չէ, և ոչ էլ մարդկության գոյության ավարտը։ Ընդհակառակը՝ Աստվածաշունչը, աշխարհի վերջ կամ վերջին օրեր ասելով, նկատի ունի այս աշխարհակարգի ավարտը՝ մեղքի ապականությամբ ու չարի խաբեություններով ապրող մարդկության և մարդկանց կյանքում չարի գահակալության ավարտը։

Սիրելի՛ բարեկամ, այս աշխարհի վերջը մի նոր ու հրաշալի աշխարհի սկիզբն է ազդարարելու։ Տեր Հիսուսի վերադարձից առաջ բազմաթիվ աղետներ են տեղի ունենալու, որոնք Աստծու բարկության պատիժն են լինելու մեղքի խաբեությամբ և ապականության ստությամբ հարբած մարդկանց վրա։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ այս ամենը տեղի է ունենալու հանկարծակի, բայց ոչ անակնկալ։

«Երբ ասեն, թե խաղաղություն և ապահովություն է, այն ժամանակ նրանց վրա կործանումը հանկարծակի կհասնի, ինչպես երկունքը՝ հղի կնոջ վրա, ու նրանք չեն ազատվելու։ Իսկ դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ այդ օրը գողի պես ձեզ վրա հասնի։ Դուք բոլորդ լույսի որդիներ եք ու ցերեկվա որդիներ. գիշերինը չենք, ոչ էլ խավարինը։ Ուստի ուրիշների պես չքնենք, այլ արթուն և զգաստ լինենք» (Ա Թեսաղոնիկեցիս 5․3-6):

Աշխարհի վերջը ոմանց համար լինելու է անակնկալ կործանման իրադարձություն, իսկ ոմանց համար՝ երկար սպասված հանդիպում Երկիր վերադարձող Քրիստոսի հետ։ Խավարի մեջ ապրողների համար այն լինելու է կործանում, իսկ լույսի մեջ ապրողների համար՝ փրկություն և մի նոր թագավորության հաստատման ցնծալի իրադարձություն, որի Թագավորը Ինքը՝ Տեր Հիսուսն է լինելու։

«Եվ տեսա երկինքը բացված, և ահա մի սպիտակ ձի, որի վրա նստողը կոչվում էր «Հավատարիմ» ու «Ճշմարիտ»։ Նա արդարությամբ է դատում ու պատերազմում։ Նրա աչքերը կրակի բոցի պես էին, ու նրա գլխի վրա բազում պսակներ կային։ Նա ուներ գրված մի անուն, որ ոչ ոք չգիտեր, բացի իրենից։ Հագել էր արյունով ներկված զգեստ. նրա անունն էր «Բան Աստծու»։ Եվ երկնային զորությունները, սպիտակ և մաքուր բեհեզ հագած, սպիտակ ձիերի վրա գնում էին նրա հետևից։ Նրա բերանից սրած սուր էր ելնում, որպեսզի նրանով ազգերին հարվածի. և նրանց հովվում է երկաթե գավազանով։ Նա է տրորում Ամենակալ Աստծու ահեղ բարկության գինու հնձանը։ Նրա զգեստի և ազդրի վրա գրված էր անունը՝ «ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ ՈՒ ՏԵՐԵՐԻ ՏԵՐ» (Հայտնություն 19.11-16):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսը հաղթելու է հակաքրիստոսի ողջ զորքին և նրան ու ժողովուրդներին մոլորեցնող նրա սուտ մարգարեին ողջ-ողջ գցելու է ծծմբով այրվող կրակե լճի մեջ։ Այս փառահեղ իրադարձությունն ազդարարելու է այս աշխարհակարգի վերջը և Քրիստոսի թագավորության հաստատումը երկրի վրա։

«Տեսա գազանին, երկրի թագավորներին ու նրանց զորքերին հավաքված՝ պատերազմելու ձիու վրա նստողի և նրա զորքերի դեմ։ Եվ բռնվեց գազանը, նրա հետ նաև սուտ մարգարեն, որ նրա առաջ նշաններ էր գործում, որոնցով մոլորեցնում էր նրանց, ովքեր գազանի դրոշմն ընդունեցին, և նրանց, ովքեր նրա պատկերին երկրպագեցին։ Նրանց երկուսին էլ ողջ-ողջ ծծմբով այրվող կրակի լճի մեջ գցեցին։ Իսկ մնացածները սպանվեցին ձիու վրա նստողի սրով, որ նրա բերանից էր ելնում։ Եվ բոլոր թռչունները նրանց մարմիններից կշտացան» (Հայտնություն 19․19-21):

Աստվածաշունչը հստակ է աշխարհի վերջի հարցում։ Միակ հարցը, որը դեռ բաց է մնում, յուրաքանչյուր մարդու կարգավիճակն է աշխարհի վերջի՝ վերը նկարագրված իրադարձություններում։ Խավարի մեջ ապրողները՝ նրանք, ովքեր մերժում են Քրիստոսի աշակերտի կյանքով ապրելը, աննկարագրելի տանջանքներով են անցնելու և հավիտենական կորուստն են գնալու։ Իսկ այն մարդիկ, որոնք ապաշխարում են իրենց չար ընթացքից, ընդունում Քրիստոսի Խոսքն ու որոշում կայացնում ապրելու Նրա հավատարիմ աշակերտի կյանքով, կարժանանան Տիրոջ հետ երանության մի կյանքի, որի ողջ ցնծությունը հնարավոր չէ փոխանցել մարդկային բառերի և ո՛չ մի շարադրանքով։

«Ինչ որ աչքը չտեսավ, ու ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ, այն Աստված պատրաստեց Իրեն սիրողների համար» (Ա Կորնթացիս 2․9):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 5Օր 7

Այս Ծրագրի Մասին

Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն

Շատերն են այսօր խոսում վերջին ժամանակների մասին։ Յուրաքանչյուրս կարիք ունի իմանալու ճշմարտությունը, որպեսզի պատրաստ լինի վերջին ժամանակների իրադարձություններին։ Աշխարհակարգի վերջի իրադարձությունները շատ նման են լինելու Նոյի ժամանակներին: Նոյը գիտեր, որ ջրհեղեղից փրկության միակ միջոցը տապանն է։ Վերջին օրերի մարտահրավերներին պատրաստվելու համար մենք պետք է ուղղակի մտերմանանք Տեր Աստծու հետ՝ ավելի ու ավելի սիրելով Իր կամքին հնազանդ կյանքը:

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://Hisus.am