Քո անհուսության բժշկությունըՕրինակ

Անհուսությունը հիվանդության պես է
Այս ուղերձով սկսում ենք մի նոր շարք, որը կրում է «Քո անհուսության բժշկությունը» անվանումը։ Առաջիկա յոթ օրերին մեր ուղերձները հույսի թեմայով են լինելու, և մենք ուսումնասիրելու ենք Տեր Աստծուց մեր անհուսության մեջ հույս և մխիթարություն ընդունելու մասին աստվածաշնչյան ճշմարտությունները։
Սիրելի՛ բարեկամ, մեր ժամանակներում, թերևս, ավելի ու ավելի շատ են տարածվում մարդու ընկճվածության հետևանքով առաջացող հիվանդությունները՝ դեպրեսիա, սթրես, նևրոզ, կպչուն մտքեր, տագնապային դրսևորումներ և այլն։ Նման ճնշումների ու զգացողությունների պարագայում կյանքի իրավիճակներն այնպես են ճնշում մարդուն, որ վերջինս չի կարողանում անգամ ելք գտնել ստեղծված իրավիճակից։
Երբ մի կողմից մարդուն ճնշում են վախն ու տագնապները, իսկ մյուս կողմից՝ այդ իրավիճակից ելք չտեսնելու անհուսությունը, մարդը կորցնում է իր ներսի խաղաղությունն ու ուրախությունը։ Այո՛, անհուսությունը հիվանդության պես է։ Սակայն այս ամեն խավարի ու ճնշումների մեջ կա՛ բարի լուր։ Աստված բժշկող Աստված է։ Ավելին՝ Աստվածաշունչը Տեր Աստծուն բնութագրում է որպես հույսի Աստված։
«Եվ հույսի Աստված թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք» (Հռոմեացիներին 15.13):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե այսօր դու նույնպես անցնում ես դժվարություններով ու բախվել ես անհուսության անանցանելի թվացող պատնեշին, ապա կարող ես հավատքով ընդունել աստվածաշնչյան վերը բերված օրհնությունը, որը վերաբերում է Տեր Հիսուս Քրիստոսին սրտանց հավատացող և Նրա աշակերտը դարձած յուրաքանչյուր հավատացյալի։
Հույսի Աստված կարո՛ղ է քեզ լցնել ամեն ուրախությամբ և խաղաղությամբ հավատքի մեջ, որպեսզի դու քո դժվարությունների ու խնդիրների մեջ առատանաս Սուրբ Հոգու զորության հույսով։ Եթե միա՜յն հավատանք ու գիտակցենք, թե ինչպիսի՜ զորավոր հրաշք է Սուրբ Հոգու ներբնակությունը հավատացյալի համար։ Եթե միա՜յն ճանաչենք Աստծու Սուրբ Հոգու հետ միասին մեր մեջ առկա զորության ուժն ու ամենակարողությունը, ապա երբե՛ք չենք թողնի, որ մեր կյանքի խնդիրների ու դժվարությունների վրա ավելանա նաև անհուսության ծանր բեռը։
«Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի Հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի իր Հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ» (Հռոմեացիներին 8․11):
Եթե դու դեռ չես ընդունել Տեր Հիսուսին որպես քո կյանքի Տեր ու Փրկիչ, ապա խորհուրդ եմ տալիս դա անել հե՛նց հիմա։ Չհետաձգե՛ս քո ապաշխարությունը։ Չխաբվե՛ս՝ ասելով, թե հավատում ես, բայց կամաց-կամաց կփոխես քո կյանքը։ Թույլ չտա՛ս, որ մեղքը իշխի քո կյանքում ու կառավարի քեզ, քանի որ Տեր Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունած մարդու մեջ Քրիստոսի Սուրբ Հոգին է բնակվում։ Իսկ եթե Քրիստոսի Հոգին արդեն իսկ բնակվում է քո մեջ, ապա դու անհուսության ո՛չ մի առիթ չպետք է ունենաս։
Քո իրավիճակը գուցե քեզ համար իրոք անելանելի է, սակայն այն, ինչն անհնարին է մարդու համար, հնարավոր է Աստծու համար։ Հավատքով թո՛ւյլ տուր, որպեսզի Քրիստոսին մեռելներից հարություն տվողը գործի քո կյանքում և լցնի քո ներաշխարհը ամեն ուրախությամբ ու խաղաղությամբ, որպեսզի դու առատանաս Սուրբ Հոգու զորության հույսով։ Անհուսությունը հիվանդության պես է, սակայն Տիրոջը հուսացողները Նրա վերքերով կարող են նաև այդ հիվանդությունից բժշկվել։
«Նա մեր մեղքերն Իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք. դուք Նրա վերքերով բժշկվեցիք» (Ա Պետրոս 2․24):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին

Եթե այսօր դու անցնում ես դժվարություններով ու բախվել ես անհուսության անանցանելի թվացող պատնեշին, կորցրել ես ներսիդ խաղաղությունն ու ուրախությունը, ապա կա՛ բարի լուր քեզ համար: Անհուսությունը հիվանդության պես է, սակայն Տիրոջը հուսացողները Նրա վերքերով կարող են նաև այդ հիվանդությունից բժշկվել։ Աստված փնտրում է սրտով փշրված մարդկանց, որպեսզի նրանց ամրացնի ու վերականգնի։ Նա Իր զարմանահրաշ շնորհն է պատրաստել՝ որպես պարգև յուրաքանչյուր մարդու համար, որ Նրա օգնության կարիքն ունի իր կյանքում։ Նրա շնորհի պարգևն ընդունելու համար մենք պետք է մեր հավատքի ձեռքերը պարզենք Նրա ուղղությամբ։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am -ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/
Հարակից ծրագրեր

«Ասացվածքներ, որոնք վերցված են Աստվածաշնչից»

Ինչի՞ն է ծարավ հոգիդ փափագում

«Խոնարհ դառնալու պատվիրանը»

Աստված բժշկություն է պատրաստել քո ընտանիքի համար

Քրիստոնեական միաբանության օրհնությունները

Լավագույն մաղթանքը

Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել

Աստծու բարությունը մեղրից էլ քաղցր է

Քո անհուսության բժշկությունը
