ՀՈՎՀԱՆՆԵՍ 14
14
Հիսուսը՝ Ճանապարհ, Ճշմարտություն և Կյանք
1«Թող չխռովվեն ձեր սրտերը. հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք և ինձ։ 2Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան. այլապես ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. 3Եվ եթե գնամ ու ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ պիտի գամ և ձեզ վերցնեմ ինձ մոտ, որպեսզի ուր ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք։ 4Եվ թե ուր եմ գնում, այդ գիտեք, գիտեք նաև ճանապարհը»։
5Թովմասը նրան ասաց. «Տե՛ր, եթե չգիտենք՝ ո՛ւր ես գնում, ուրեմն ինչպե՞ս կարող ենք իմանալ ճանապարհը»։ 6Հիսուսը նրան ասաց. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ ինձանով։ 7Եթե ինձ ճանաչեիք, կճանաչեիք և իմ Հորը. բայց այսուհետև կճանաչեք նրան և տեսել եք նրան»։
8Փիլիպպոսն ասաց նրան. «Տե՛ր, Հորը ցո՛ւյց տուր մեզ, և այդ բավական է մեզ»։ 9Հիսուսը նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, և ինձ չճանաչեցի՞ր, Փիլիպպո՛ս. ով ինձ տեսավ, տեսավ Հորը. իսկ դու ինչպե՞ս ես ասում՝ “Հորը մեզ ցո՛ւյց տուր”։ 10Չե՞ս հավատում, որ ես Հոր մեջ եմ, Հայրն էլ՝ իմ մեջ։ Այն խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խոսում, այլ Հայրը, որ բնակվում է իմ մեջ, նա է գործում դրանք։ 11Հավատացե՛ք ինձ, որ ես Հոր մեջ եմ, Հայրն էլ՝ իմ մեջ. եթե ոչ՝ գոնե գործերի՛ համար հավատացեք ինձ։ 12Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով հավատում է ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ ես եմ անում, և դրանցից ավելի մեծերը կանի, որովհետև ես Հոր մոտ եմ գնում։ 13Եվ ինչ էլ որ ուզեք իմ անունով, կկատարեմ, որպեսզի Հայրը փառավորվի Որդու միջոցով։ 14Եթե որևէ բան խնդրեք իմ անունով, ես այն կկատարեմ»։
Ճշմարտության Հոգին
15«Եթե ինձ սիրեք, կպահեք իմ պատվիրանները. 16և ես պիտի աղաչեմ Հորը, և նա այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի. 17Ճշմարտության Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում եք նրան, որովհետև ձեզ մոտ պիտի բնակվի և ձեզ հետ պիտի լինի։ 18Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ։ 19Մի փոքր ժամանակ ևս, և այս աշխարհն այլևս ինձ չի տեսնի, բայց դուք կտեսնեք ինձ, որովհետև ես կենդանի եմ, և դուք էլ կենդանի եք լինելու։ 20Այն օրը դուք պիտի իմանաք, որ ես իմ Հոր մեջ եմ, և դուք՝ իմ մեջ, ու ես՝ ձեր մեջ։ 21Ով իմ պատվիրաններն ընդունում է, դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. ով սիրում է ինձ, պիտի սիրվի իմ Հորից. ես էլ նրան պիտի սիրեմ և ինձ պիտի հայտնեմ նրան»։
22Հուդան (ոչ Իսկարիովտացին) ասաց նրան. «Տե՛ր, ինչպե՞ս եղավ, որ քեզ պիտի հայտնես մեզ և ոչ թե աշխարհին»։ 23Հիսուսը պատասխանեց նրան. «Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը նրան կսիրի, և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք։ 24Ով ինձ չի սիրում, իմ խոսքերը չի պահում. և իմ խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ Հորը, որ ինձ ուղարկեց։ 25Այս բաներն ասացի ձեզ, մինչ ձեզ հետ եմ։ 26Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամեն բան կուսուցանի և կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ»։
Քրիստոսի խաղաղությունը
27«Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենան։ 28Լսեցիք, որ ձեզ ասացի, թե՝ գնում եմ և կգամ ձեզ մոտ. եթե ինձ սիրեիք, ապա դուք ուրախ պիտի լինեիք, որ ես Հոր մոտ եմ գնում, որովհետև իմ Հայրը մեծ է, քան ես։ 29Եվ հիմա՝ նախքան լինելն ասացի ձեզ, որպեսզի երբ լինի, հավատաք։ 30Այլևս երկար չեմ խոսի ձեզ հետ. գալիս է այս աշխարհի իշխանը և ինձ վրա ոչ մի իշխանություն չունի։ 31Իսկ որպեսզի աշխարհն իմանա, որ ես սիրում եմ Հորը, այնպես եմ անում, ինչպես որ Հայրը պատվիրեց ինձ. դե՛հ, վե՛ր կացեք գնանք այստեղից»։
Արդեն Ընտրված.
ՀՈՎՀԱՆՆԵՍ 14: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
![None](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2F58%2Fhttps%3A%2F%2Fweb-assets.youversion.com%2Fapp-icons%2Fhy.png&w=128&q=75)
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն