Դարձի՛ր Ազդեցիկ ՄարդՕրինակ
Բարության անհաղթահարելի ուժը…
Սիրելի՛ բարեկամ, ուզու՞մ ես մյուսների հանդեպ լինել բարի, բարյացակամ ու առատաձեռն։ Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչպես անել դա:
Ե՛կ մի փոքր անդրադարձ կատարենք բառի ստուգաբանությանը: Բարյացակամություն բառը երկու արմատ ունի՝ բարի և կամենալ: Բարյացակամությունը մյուսների հանդեպ կամավոր կերպով բարին գործելու փափագն է, բարին գործելու կամքը, ուրիշներին օրհնելն ու քաջալերելը:
Արտասահմանում ապրող մի հովիվ մի անգամ պատմում էր, որ որոշ հավատացյալներ ցանկություն են ունեցել նամակ գրել ոստիկաններին ու ասել, որ շնորհակալ են նրանց, իրենց արած գործի համար և որ երախտապարտ են նրանց: Դա բավականին շատ էր հուզել ոստիկանապետին: Նա չէր հասկացել ոստիկանների հանդեպ սիրո այս դրսևորումը և ասել էր. «Մեզ ամեն օր անպատվում են: Երբեք չենք հանդիպել մեզ քաջալերող մարդկանց` հատկապես մեր գործունեության հետ կապված հարցերում»:
Աստվածաշնչում` Եփեսացիս 5․9 խոսքում կարդում ենք. «․․․որովհետև Հոգու պտուղը ամեն բարության, արդարության և ճշմարտության մեջ է»:
Բարի գործերը խոսուն են, իրավիճակ են փոխում: Դա մի բան է, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է անել: Սիրելի բարեկամ, դու կանչված ես օրհնության անոթ լինելու համար: Մի՛ վարանիր օգտվել առիթից և առանձնահատուկ բարի գործեր գործել այսօր:
Ի՞նչ կարող ես դու այսօր անել.
· Հպվել մարդկանց սրտերին այնպես, ինչպես Աստված է դա անում՝ սիրով ու հարգանքով։
· Խոսել այնպես, ինչպես Աստված է խոսում՝ պարզ ու զորեղ։
· Քայլել քո ընթացքն այնպես, ինչպես Աստված է քայլում՝ ուժեղ և վստահ։
· Սիրել դիմացինիդ այնպես, ինչպես Աստված է սիրում՝ առանց պայմանների ու սահմանների։
Արդյո՞ք նման խոնարհությունն ունենալը հնարավոր է: Անկասկած` այո՛: Սակայն միմիայն Սուրբ Հոգու օգնությամբ: Նա լցնում է քեզ, ուղղորդում, խոսում է քեզ հետ և տանում է այն ուղղությամբ, որի կարիքը ունես:
Եվ հենց սա՛ է աստվածային լեցունությունը՝ երբ մենք ուրիշների հանդեպ բարին ենք գործում, ապա մտնում ենք մեր իրական առաքելության մեջ:
Ե՛կ միասին ցնծանք այսօր՝ հիշելով, թե որքա՜ն բարի է եղել Տերը մեր հանդեպ, և մենք էլ բարի ու ներող, օգնող ու կարեկից լինենք մեզ այսօր հանդիպած բարի ու ոչ այնքան բարի մարդկանց հանդեպ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը
Այս Ծրագրի Մասին
Երբևե մտածել ես, թե ի՞նչ ազդեցություն ես ունենում քո շրջապատի վրա։ Մենք բոլորս ուղղակի, թե անուղղակի կերպով ազդեցություն ենք ունենում մեզ շրջապատող մարդկանց կյանքում, մենք կամ դրական ու բարի կերպով ենք ազդում կամ վատ ու բացասական, միջանկյալ տարբերակ գրեթե չի լինում։ Աստված հստակ ծրագրեր ու նպատակներ ունի քեզ համար։ Կարդա այս 6-օրյա ծրագիրը և կհայտնաբերես, թե որոնք են դրանք։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/