Մտքի Նորոգության ՃանապարհըՕրինակ
Մոռացի՛ր այն ամենը, ինչը դատապարտում է քեզ…
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, Տեր Հիսուսը ցանկանում է տեսնել, թե ինչպես ես ոգեւորությամբ ու ներված լինելու թեթեւությամբ միանում հավատքի այն մրցավազքին, որը Նա պատրաստել էր քեզ համար։ Նա նախ քո վրայից վերցնում է այն ամենն, ինչը կարող է ծանրացնել եւ դանդաղեցնել քո ընթացքը։ Նա մաքրում է քեզ մեղքերից եւ մաքրում է քո խիղճը մեղավորության զգացումից...
Սիրելի բարեկա՛մ, երբեւէ փորձե՞լ ես վազել մարաթոնյան մրցավազքը ասենք 15 կիլոգրամանոց պայուսակը մեջքիդ։ Հավանաբար ոչ... եւ շատ ճիշտ ես արել, որ չես վազել: Հաստատ դա հեշտ չէր լինի քեզ համար, այնպես չէ՞:
Իսկ գիտե՞ս, որ Աստվածաշունչում խոսվում է այն բեռների մասին, որոնք կարող են դանդաղեցնել քո հոգեւոր մրցավազքը։ Ի՞նչ մրցավազքի մասին է խոսքը: Դա քո կյանքի մրցավազքն է, որը դու վազում ես հանուն հավատքի եւ հանուն Աստծո: Անկասկած, ամենածանր բեռն այն է, ինչը մենք կրում ենք մեր խղճի վրա՝ մեր մեղքերի եւ անցյալի ծանրությունը:
Այսպիսով, ի՞նչ ես կարծում՝ քո անցյալի որոշումները, արարքներն ու այն բնույթը, որն ունեցել ես նախկինում, արդյոք այսօր խանգարու՞մ են քեզ դառնալու այն անձնավորությունը, որն Աստված է ուզում, որ լինես: Արդյոք այդ ամենը այսօր էլ խանգարո՞ւմ են քեզ, որպեսզի կարողանաս ապրել առանց մեղավորության զգացումի եւ ինքնադատապարտության մտքերի:
Աստվածաշունչը հստակ խոսում է այս մասին... Ահա երկու հատված Սուրբ Գրքից.
- «Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար, ովքեր ոչ թե ըստ մարմնի են վարվում, այլ ըստ Հոգու» (Հռոմեացիներին 8. 1-2)։
- «Եղբայրնե՛ր, ես ինձ չեմ համարում, որ հասել եմ, բայց մի բան կա. հետեւում թողածը մոռանալով՝ դեպի առջեւում եղածներն եմ ձգտում։ Հետեւում եմ նպատակակետին՝ Հիսուս Քրիստոսով դեպի վեր՝ Երկինք՝ Աստծու կողմից կոչվելու մրցանակին» (Փիլիպպեցիներին 3. 13-14)։
Աստված քեզ չի դատապարտում այն բանի համար, ինչն արել ես նախկինում, եթե այդ արարքների ու մեղքերի համար ներում ես խնդրել եւ այսօր ապրում ես Նրա կամքին համաձայն:
Քո կոչումը հավատքի մրցավազքը հավատարմորեն վազելն է՝ մոռանալով այն ամենն, ինչն արդեն հետեւում է: Այլ կերպ ասած, թույլ մի՛ տուր, որպեսզի այն, ինչը քեզ վրա դատապարտության եւ մեղավորության ծանրություն է բերում՝ քո նախկին սխալները, մեղքերը, քո անցյալը, մնան քո մտքում, քանի որ հենց Ինքն Աստված, այլեւս չի հիշում դրանք (տե՛ս Ա Հովհաննես 1. 9, Միքիա 7.19, Եբրայեցիներին 8. 12)։
Սիրելի՛ բարեկամ, քո բոլոր մեղքերը ներված են։ Այլեւս մի վերադարձիր նախկին կենսակերպին։ Ապրի՛ր սրբության կյանքով։ Հեռացրո՛ւ քեզնից խավարի գործերը եւ ապրի՛ր լույսի մեջ։ Այժմ դու կարո՛ղ ես վազել Աստծո պատրաստած ասպարեզը լիակատար թեթեւությամբ եւ անպատմելի ազատությամբ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, եւ Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Այս Ծրագրի Մասին
Երբեմն հանգամանքներն ու իրավիճակները կարող են մեր մեջ կասկածի մտքեր առաջացնել, թե արդյոք Աստված իսկապե՞ս սիրում է մեզ.․․ այդ պահերին կարող ենք մտածել, եթե այս ամենը պատահել է ինձ հետ, ուրեմն ես արժանի եմ դրան։ Ոչինչ ավելի հեռու չէ ճշմարտությունից, քան նման եզրահանգումը։ Առաջարկում եմ քեզ ընթերցել այս հետաքրքիր թեմայով կազմված ծրագիրը և բացահայտել, թե իրականում Աստված ինչ է ուզում փոխել մեր կյանքում որպեսզի մենք ազատ լինենք սխալ մտքերից։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/