Ի՞նչն է մեզ զորացնում և դարձնում հաղթողՕրինակ
Շարունակի՛ր առաջ ընթանալ․ Տերը զորացնում է քեզ
Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշնչում՝ Բ Կորնթացիս 4.8-10 հատվածում կարդում ենք հետևյալը. «Ամեն բանում նեղված ենք , բայց ճնշված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց լքված չենք, անկյալ ենք, բայց կորսված չենք։ Հիսուսի մահը ամեն ժամ մեր մարմնի մեջ կրում ենք, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մարմնի մեջ հայտնվի» (Բ Կորնթացիս 4.8-10)։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսի հետ և միայն Տեր Հիսուսի օգնությամբ դու կարող ես հաղթահարել քո կյանքի բոլոր ճակատամարտերը՝ Նրա Խոսքի և Նրա ներկայության հանդեպ հավատի շնորհիվ հաղթանակ գրանցելով քո կյանքի անհնարին, անիրագործելի և անլուծելի թվացող խնդիրների հանդեպ: Եվ այս ամենի հիմքը մեկն է՝ եթե դու քո ամբողջ սրտով հավատում ես Նրան և որոշել ես հնազանդվել Նրա Խոսքին, ապա Տեր Հիսուսի կյանքը, Նրա սիրտը և Նրա Հոգին քո մեջ են:
Տերն ուզում է փոխակերպել քո կյանքը՝ քեզ դարձնել հաղթող և պտղաբեր մարդ։ Նա քեզ հետ է և երբեք չի լքի քեզ: Եթե միայն հնազանդվես Նրա Խոսքին ու Նրա կամքին, Նա կուղղորդի քեզ՝ օգնելով առաջ ընթանալ, համբերել դժվարություններին ու նեղություններին և արիաբար մեկ առ մեկ գրավել այն տարածքները, որոնք թվում են անառիկ և որոնց նվաճելն անհնարին է թվում քեզ այսօր:
Ավելին ասեմ․ Տեր Աստծո հետ և Նրա օգնությամբ դու ոչ միայն քո կյանքում ես հոգևոր հաղթանակներ գրանցելու, այլև քո շրջապատի շատ մարդկանց համար լույս ես դառնալու, որ լուսավորում է փրկության ճանապարհը, ցույց է տալիս տառապանքի ու նեղությունների խավարից դուրս գալու ուղին և կամուրջ հանդիսանում հուսահատության և անիմաստ կյանքից դեպի Տեր Հիսուսի Քրիստոսի սքանչելի Արքայություն տեղափոխվելու համար:
Եվ վերջում մի կարևոր խորհուրդ։ Աղոթի՛ր քո շրջապատի խնդիրներ կամ բժշկության կարիք ունեցող մարդկանց համար։ Եթե դու Քրիստոսի աշակերտն ես, ապա կարող ես Նրա անվան իշխանությամբ աղոթք անել ու խնդրել Աստծուն մյուսների կարիքների համար։ Մի՛ վախեցիր անել այդ աղոթքը հենց նրանց ներկայությամբ։ Վստահաբար, աղոթքի պատասխանվելը մեզնից չի կախված։ Մեզ հանձնարարված է աղոթել։ Սակայն հավատում եմ, որ Աստված Իր անվան փառքի համար հրաշքներ է գործելու և հաստատելու է այն Ավետարանը, որը մենք բաժնեկցում ենք մեր շրջապատի մարդկանց հետ։
Աստված ուզում է, որ քո միջոցով շատերն իրենց բժշկությունն ընդունեն Տիրոջից, որ քո միջոցով Աստծուն փնտրող սրտերը գտնեն իրենց կյանքի Փրկչին ու Արքային, որ քո միջոցով բազմաթիվ փշրված կյանքեր վերականգնվեն ու կոտրված սրտեր բժշկվեն։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, մի՛ վախեցիր, որովհետև Տերը միշտ քեզ հետ է, ուր էլ որ գնաս (տե՛ս Հեսու 1.9 խոսքը)։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Ցանկացած բան կառուցելիս ամենակարևոր քայլը ամուր հիմք ապահովելն է։ Եթե այս փուլը անտեսվում է կամ կատարվում է հապճեպ, ապա մեծ է հավանականությունը, որ կառույցը մի օր խարխլվելու է կամ չի դիմանալու արտաքին ավերիչ ազդեցություններին։ Նույնը ճշմարիտ է նաև քո կյանքի համար: Որպեսզի հարաբերությունների ո՛չ մի երկրաշարժ ի զորու չլինի խարխլելու քո կյանքը, այն պետք է կառուցված լինի ամուր հիմքի վրա։ Իսկ Աստվածաշունչը խոսում է մեզ այդ հիմքի մասին․․․
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/