Տեր Հիսուսի մասին աներևակայելի ճշմարտություննետՕրինակ
Նա քո Դատապաշտպանն է
Սիրելի՛ բարեկամ, ամեն օր հազարավոր մտքեր կարող են այցելել մարդուն։ Ըստ որոշ նյարդաբանների ամեն օր մարդն ունենում է 60.000-ից մինչև 80.000 միտք։ Այս հազարավոր մտքերի մեջ քանի՞սն են իրենց մեջ մեղադրանք կրում ինքդ քո հանդեպ և ինքնադատապարտության բեռը ծանրացնում քո ուսերին։ Գուցե քեզ չես կարողանում ներել որոշակի խոսքերի, արարքների, վերաբերմունքի ու մտադրությունների համար, որոնք ունեցել ես կամ դրսևորվել են անցյալում․․․
Սատանան չարախոս ու խաբեբա մեկն է, ում խոսքերը լի են մեղադրանքներով։ Ես չեմ պնդում, թե քո բոլոր ինքնադատապարտության մտքերը հենց նրանից են գալիս, սակայն որոշ մտքեր, որոնք գողանում են քո խաղաղությունը և քո ուսերին ծանրացնում ճնշվածության բեռը, ամենայն հավականությամբ հենց նրա ուղարկած մտքերն են։ Սատանա բառը նշանակում է «հակառակորդ», «թշնամի»։ Նա չարախոս է և մեղադրող։
Նա Աստծո առջև մեղադրեց Հոբին։ Մինչդեռ Հոբը բացարձակ արդար էր ու կատարյալ մարդ էր։ Ահա թե ինչ ենք կարդում Հոբ 1.8 խոսքում. «Տերը սատանային ասաց. «Իմ ծառա Հոբին ուշադրություն դարձրի՞ր, որ երկրի վրա նրա նման կատարյալ, արդար, աստվածավախ և չարությունից հեռացող մարդ չկա»։”
Այդուհանդերձ, սատանան մեղադրեց նրան ու հետագայում Հոբի կյանք բերեց մի շարք փորձություններ ու ողբերգություններ։ Հոբի գրքի 19-րդ գլխում Հոբն ասում է. «Իսկ ես գիտեմ, որ Փրկիչս ողջ է և, ի վերջո, երկրի վրա կկանգնի»։
(Հոբ 19․25)։
Հավատքի ինչպիսի՜ զորավոր հռչակում կյանքի ամենածանր ու ծայրահեղ դժվար պահին։ Հոբը գիտեր իր Փրկչին, իր Պաշտպանին։ Իսկ դո՞ւ․․․ Դու գիտե՞ս․․․ Դու ճանաչո՞ւմ ես Նրան։
Հռոմեացիս 8.33-34 հատվածում կարդում ենք. «Ո՞վ է, որ Աստծու ընտրյալներին մեղադրելու է. Աստված է, որ արդարացնում է։ Ո՞վ է, որ դատապարտելու է։ Քրիստոս Հիսուսը, որ մեռավ, ավելին՝ որ հարություն էլ առավ, Աստծու աջ կողմում է և մեզ համար բարեխոս էլ է»։
Եթե դու հավատում ես Աստծուն և որոշել ես ապրել որպես Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտ՝ հնազանդվելով Նրա պատվիրաններին ու ուսուցանած սկզբունքներին, ապա Նա քո դատապաշտպանն է։ Նա երբե՛ք մեղադրողի և քո մասին չարախոսողի կողմից չէ։ Նա կանգնած է հակառակ կողմում՝ Հոր կողքին, և բարեխոսում ու արդարացնում է բոլոր այն մարդկանց, ովքեր հավատացել են Իրեն և հնազանդվում Հոր կամքը կատարելու Իր պահանջին։
Հիշի՛ր, որ Նա․․․
- Միակն է, Ով կարող է փրկել քեզ։
- Միակն է, Ով կարող է պաշտպանել քեզ։
- Միակն է, Ով կրկին ու կրկին քո կողքին է կանգնելու, որպեսզի դու էլ մի օր վերջապես որոշես կանգնել Նրա կողքին։
Իմ ամբողջ սրտով ուզում եմ այսօր լսես Նրա քաղցր ձայնը, որ ասում է քեզ. «Եթե նույնիսկ բոլորի կողմից մերժվես, եթե բոլորը քննադատեն քեզ ու մեղադրեն, Ես քո կողքին եմ լինելու, որովհետև Ես եմ Քո դատապաշտպանը։ Ես ապացուցել եմ Իմ սերը քո հանդեպ։ Գողգոթայի խաչի վրա Իմ արյունը քեզ համար է թափվել։ Եվ Ես Իմ Հոր առաջ ուզում եմ քո առումով կարողանալ ասել այս խոսքերը. «Տե՛ս Հայր, սրանք իմ վերքերն են, որոնք ես կրել եմ Քո զավակի համար։ Նա հավատում է Ինձ։ Գուցե նրա կյանքը դեռ կատարյալ չէ, բայց նրա սիրտը լի է Իմ հանդեպ հավատքով, իսկ Նրա կյանքը այդ հավատքի կենդանի ապացույցն է։ Ես վճարել եմ նրա բոլոր մեղքերի համար։ Եվ հիմա նա ներված է՝ արդարացված և սրբագործված։ Սատանայի ո՛չ մի մեղադրանք այլևս չի կարող բարձրանալ նրա դեմ, որովհետև նա որդեգրված է մեր Ընտանիքին»։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչպիսի՜ զորավոր հնարավորություն է մեզ տրված․․․ Եթե միայն հավատքով ընդունենք Տեր Հիսուսին որպես մեր կյանքի իրական Տիրակալ․․․ Զորավոր խաղաղություն ու ապահովություն կա Քրիստոսի աշակերտի սրտում։ Եվ այդ խաղաղության հիմքը այս փաստն է՝ Տերը Մեր Պաշտպանն է՝ մերՓաստաբանն ու Դատապաշտպանը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
գիտե՞ս արդյոք, թե ինչ է պարադոքսը։ Այն սահմանվում է որպես տրամաբանությանը հակադրվող դրսևորում։ Այսօրվանից սկսած առաջիկա այս յոթ օրերի ընթացքում քեզ հետ կիսվելու եմ Տեր Հիսուսի հետ կապված յոթ պարադոքսների մասին։ Դրանք յոթ ճշմարտություններ են, որոնք հակադրվում են մեր մարդկային տրամաբանությանը, ըմբռնումին ու մտածելակերպին։ Եվ այսպես, մենք սկսում ենք մեր… տրամաբանության մեջ չտեղավորվող շարքը։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/