Ինչպե՞ս Դիմակայել Տարբեր ՃնշումներինՕրինակ
Սովորի՛ր հանգստանալ
Սիրելի՛ բարեկամ, Աստծուն հավատացող մարդկանց կյանքում տարբեր իրավիճակների հետ կապված ճնշումներին ավելի հեշտ է լինում դիմակայել, երբ մենք հիշում ենք, որ Աստված արդեն ծրագիր ունի իմ կյանքի համար, և Նա տիրում է իմ կյանքում՝ վերահսկելով այն ամենն, ինչ պատահում է ինձ հետ։ Սակայն փաստը մնում է փաստ, որ մենք հաճախ մոռանում ենք այս ճշմարտությունը և սկսում անհանգստանալ ու նեղվել, քանի որ չենք տեսնում մեզ հետ կատարվող իրադարձությունների և մեր կյանքի իրավիճակների ամբողջական պատկերն ու նպատակը։ Երբեմն անգամ գրեթե անհնարին է պատկերացնել, որ Աստված կարող է հատուկ ծրագիր ունենալ այդ ամենի մեջ։
Մարդը սեփական ծրագրերը մշակելու և դրանք վերահսկելու բնական հակում ունի։ Եվ երբ մենք երազանքներ ու նպատակներ ենք դնում մեր առջև, հաճախ մոռանում ենք ամենակարևորը՝ քննել, թե արդյոք դրանք Աստծո կամքի տիրույթո՞ւմ են, թե՞ ոչ: Եվ սխալ նպատակներն ու երազանքները մեզ հեռացնում են մեր կյանքի համար Աստծո ունեցած կատարյալ ծրագրերից ու տանում մեկ այլ ուղղությամբ: Եվ որքան հեռանում ենք Աստծո ծրագրից, այնքան ավելի շատանում են մեր կյանքի տարբեր ոլորտներից եկող ճնշումները։
Նման դեպքերում քեզ կարող է թվալ, թե եթե ավելի արագացնես ընթացքդ, ապա կհասնես մի տեղ, որտեղ այդ ճնշումներն ու խնդիրներն ավելի քիչ են։ Աղոթում եմ, որպեսզի Աստված բացի մեզնից յուրաքանչյուրի միտքը, որպեսզի հստակ հասկանանք, որ այս հարցում մեր խնդիրը արագությունը չէ, այլ ուղղությունը։ Եվ որպեսզի ժամանակ ունենանք դա հասկանալու համար, մենք նախ պետք է դանդաղեցնենք մեր ընթացքի արագությունը, դադար առնենք ու, Տեր Աստծու հետ առանձնանալով, քննենք մեր երազանքների ու նպատակների համապատասխանությունը Նրա կամքին։
Կարո՞ղ ես հենց հիմա մի քանի րոպե տրամադրել ու դադար վերցնել հանգիստ առնելու համար: Աստված Ինքն է մեզ հորդորում անել դա Իր Խոսքի մեջ. «Հանդա՛րտ մնացեք և ճանաչե՛ք, որ Ես եմ Աստվածը. Ես եմ իշխում ազգերի վրա. Ես եմ տիրում երկրի վրա» (Սաղմոս 46․10):
Ինչո՞ւ մի քանի րոպե չդադարեցնել ամեն բան և հանգիստ առնել: Գիտեմ, իհարկե, որ դժվար բան եմ խնդրելու հիմա քեզնից։ Բայց հույս ունեմ, որ կկարողանաս անել հետևյալը․
Անջատի՛ր հեռախոսդ կամ դի՛ր այն անձայն ռեժիմի վրա։
Առանձնացի՛ր մի տեղ, որտեղ քեզ ոչ ոք չի խանգարի կամ հնարավորինս քիչ մարդ կլինի քո շուրջ։
Փորձի՛ր մի կողմ դնել քո բոլոր հոգսերն ու անհանգստությունները և միտքդ կենտրոնացրո՛ւ Տեր Հիսուսի՝ Խաղաղության Իշխանի վրա:
Հետո աղոթի՛ր Աստծուն՝ պարզապես պատմելով Նրան քո բոլոր խնդիրները և խնդրելով, որպեսզի Նա քո ուսերից վերցնի քո բոլոր հոգսերի ծանրությունը։
Եվ վերջում հավատա՛, որ Աստծո Խոսքը երբեք չի կարող սխալվել։ Եվ Տերը լսել է քո զրույցն ու խնդրանքները։
Աստվածաշունչն ասում է, որ Աստծո կամքը բարի է, հաճելի ու կատարյալ։ Նա Աստված է։ Նա բոլորից վեր է։ Նա տիրում է Իր զավակների կյանքում, և քո ողջ կյանքը Նրա ձեռքերում է…
Հագիստ առնելու այս կերպը շատ մարդկանց է օգնել։ Այստեղ ամենակարևորը հավատքն է առ այն, որ Աստված լսում է քեզ, այլապես չես կարող անկեղծ զրուցել Նրա հետ, և համոզվածությունը, որ դու Նրա զավակն ես Հիսուս Քրիստոսին քո կյանքի Տեր ու Փրկիչ ընդունելու շնորհիվ։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ժամանակ հատկացրո՛ւ աղոթքի շնորհիվ Աստծո ներկայության մեջ հանգստանալուն: Աստված հրավիրում է քեզ դադար առնել և հիշել, որ Նա տիրում է Իր զավակների կյանքի յուրաքանչյուր իրավիճակում:
Տեր Հիսուսի աննկարագրելի խաղաղությամբ լի զարմանահրաշ օր եմ մաղթում քեզ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Այսօրվանից սկսած առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին կքննենք, թե ինչպես դիմակայել տարբեր ճնշումների։ Կյանքը կարելի է համեմատել մարաթոնյան մրցավազքի հետ, որի ընթացքում յուրաքանչյուր մարդուց պահանջվում է համբերություն և դիմացկունություն։ Մեր կամքին հակառակ, մենք կարող ենք ներքաշվել մյուսների հետ մրցակցության մրցավազքի մեջ և կարող ենք նաև կորցնել Աստծո տված խաղաղությունն ու ուրախությունը:
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/