Ինչպե՞ս Դիմակայել Տարբեր ՃնշումներինՕրինակ
Արդյոք գտե՞լ ես ճիշտ հավասարակշռությունը
Սիրելի՛ բարեկամ, քրիստոնեական կյանքը, ինչպես նաև կյանքն ընդհանրապես, կարելի է հեծանիվի հետ համեմատել. որպեսզի առաջ ընթանաս ու վայր չընկնես, պետք է իմանաս, թե ինչպես պահպանել հավասարակշռությունդ: Իսկ հեծանիվի դեպքում հավասարակշռությունը պահելու համար պետք է շարունակել առաջ շարժվելը: Կանգնած ժամանակ շատ դժվար և գրեթե անհնարին է հեծանիվի վրա հավասարակշռություն պահելը։ Առաջարկում եմ մի պահ խորհել ասվածի շուրջ…
Ժողովողի գիրքը մեզ սովորեցնում է նաև հավասարակշռության մասին, որը պետք է պահպանել կյանքում։ Ահա թե ինչ ենք կարդում Ժողովող 3․1 խոսքում․ «Ամեն բանի ժամանակ կա և ժամանակ՝ երկնքի տակ բոլոր գործերին»։
Այսպիսով, կարելի է Ժողովողի թվարկումը շարունակել ու ասել, որ ժամանակ կա.
Աստծո Խոսքը կարդալու համար։
Մի լավ գիրք ընթերցելու կամ հետաքրքիր ու ուսուցողական ֆիլմ դիտելու համար:
Աղոթելու և Աստծո ներկայության մեջ պարզապես լռելու համար։
Քեզ սիրելի մարդկանց հետ հաղորդակցվելու և նրանց հետ տարբեր թեմաներից զրուցելու համար։
Եկեղեցի գնալու և և հոգևոր ծառայությանը նվիրվելու համար։
Աշխատելու և արձակուրդ գնալու համար։
Երկու ծայրահեղություն կա։ Մեկն այն է, որ մարդը չափազանց պահանջկոտ է լինում սեփական անձի հանդեպ և մաշեցնում է սեփական կյանքը՝ տարբեր ծանրություններ իր վրա վերցնելով։ Իսկ մյուս ծայրահեղությունն այն է, որ մարդը խուսափում է ցանկացած պատասխանատվությունից և մատնվում անգործության ու ծուլության։
Չափազանց պահանջկոտ լինելով իր հանդեպ կամ ընկնելով կրոնավորության ծայրահեղության մեջ՝ մարդը ոչ միայն ընկնում է դժբախտանալու և հիասթափվելու ծուղակի մեջ, այլև հեռանում է Աստծո սրտից:
Դու կարող ես անգիտակցաբար Աստծո հետ քո հարաբերությունները դարձնել կրոնական պարտականությունների մի ամբողջություն։ Աստված ցանկանում է, որ մենք մոտենանք Իրեն սիրուց դրդված: Մենք կարող ենք Աստծուն փնտրել և գտնել, եթե մեր ամբողջ սրտով փափագենք Նրա ներկայությանը (ընթերցի՛ր Երեմիա 29.13 խոսքը)։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված այսօր հրավիրում է քեզ վայելելու այն կյանքը, որը Նա առատաձեռնորեն պարգևում է քեզ:
Ե՛կ միասին աղոթենք Դավիթ թագավորի պես՝ անկեղծ և բաց սրտով․ «Հա՛յր, խնդրում եմ, ներիր, որ հաճախ ունակ չեմ լինում գնահատելու քո պարգևած օրհնությունները: Խնդրում եմ՝ սովորեցրու ինձ վայելել Քո պարգևած յուրաքանչյուր բարիքը: Տո՛ւր ինձ իմաստություն՝ պահպանելու այն հավասարակշռությունը, որն անհրաժեշտ է սրբության կյանքը վայելելու և մյուսներին ծառայելու հաճույքը զգալու համար: Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»:
Այո՛, Աստված սիրում է, երբ Իր զավակները վայելում են Իր պարգևած բարիքները:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Այս Ծրագրի Մասին
Այսօրվանից սկսած առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին կքննենք, թե ինչպես դիմակայել տարբեր ճնշումների։ Կյանքը կարելի է համեմատել մարաթոնյան մրցավազքի հետ, որի ընթացքում յուրաքանչյուր մարդուց պահանջվում է համբերություն և դիմացկունություն։ Մեր կամքին հակառակ, մենք կարող ենք ներքաշվել մյուսների հետ մրցակցության մրցավազքի մեջ և կարող ենք նաև կորցնել Աստծո տված խաղաղությունն ու ուրախությունը:
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/