ՄԱՐԿՈՍ 10
10
Ամուսնալուծության մասին
(Մտթ. 19.1-12, Ղուկ. 16.18)
1Հիսուսը, այնտեղից ելնելով, եկավ Հրեաստանի սահմանները, Հորդանանի մյուս կողմը։ Ժողովուրդը դարձյալ խռնվում էր նրա շուրջը, և նա, իր սովորության համաձայն, նորից ուսուցանում էր նրանց։
2Իսկ փարիսեցիները, փորձելու համար մոտենալով, հարց տվեցին նրան և ասացին. «Օրինավո՞ր է, որ տղամարդն իր կնոջն արձակի»։ 3Հիսուսը պատասխան տվեց նրանց և ասաց. «Մովսեսը ձեզ ի՞նչ պատվիրեց»։ 4Նրանք ասացին. «Մովսեսը թույլ տվեց ապահարզան գրել և արձակել»։ 5Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Ձեր խստասրտության պատճառով գրեց այդ պատվիրանը, 6մինչդեռ արարչագործության սկզբից Աստված արու և էգ ստեղծեց նրանց 7և ասաց. “Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ հետևից. 8և երկուսը մեկ մարմին պիտի լինեն”։ Հետևաբար, այլևս երկու չեն, այլ մեկ մարմին։ 9Արդ, մարդը թող չբաժանի այն, ինչ Աստված միացրեց»։ 10Աշակերտները տանը նույն թեմայի շուրջ դարձյալ հարց տվեցին Հիսուսին։ 11Նրանց ասաց. «Եթե մի տղամարդ արձակի իր կնոջը և մեկ ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի։ 12Նմանապես, եթե մի կին թողնի իր ամուսնուն և ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի»։
Հիսուսն օրհնում է մանուկներին
(Մտթ. 19.13-15, Ղուկ. 18.15-17)
13Հիսուսի մոտ մանուկներ էին բերում, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա, բայց աշակերտները հանդիմանում էին նրանց, ովքեր բերում էին։ 14Երբ Հիսուսը տեսավ, բարկանալով սաստեց նրանց և ասաց. «Թողե՛ք՝ այդ մանուկներն ինձ մոտ գան, և արգելք մի՛ եղեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Աստծու արքայությունը։ 15Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծու արքայությունը չընդունի մանկան պես, նրա մեջ չի մտնի»։ 16Եվ նրանց իր գիրկն առնելով՝ ձեռքը նրանց վրա դրեց և օրհնեց։
Մեծահարուստ մարդը
(Մտթ. 19.16-24, Ղուկ. 18.18-26)
17Երբ Հիսուսը ճանապարհ ընկավ այնտեղից, ահա մեծահարուստ մեկը, առաջ վազելով, ծնկի իջավ, հարց տվեց նրան և ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ 18Հիսուսը նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի ասում. ոչ ոք բարի չէ, բացի մեկից՝ Աստծուց։ 19Պատվիրանները գիտես. “Մի՛ շնանա, մի՛ սպանիր, մի՛ գողանա, սուտ մի՛ վկայիր, պատվի՛ր քո հորն ու մորը” (Ելք 20.12-14, 13, 15-16, 12, Բ Օր. 5.17-20, 16)»։ 20Նա պատասխանեց և ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ ամենն իմ պատանեկությունից ի վեր արել եմ. արդ, էլ ի՞նչ է ինձ պակասում»։ 21Հիսուսը, նայելով նրան, սիրեց նրան և ասաց. «Քեզ մեկ բան է պակասում։ Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր այն ամենը, ինչ ունես, և տո՛ւր աղքատներին ու երկնքում գանձեր կունենաս. ապա վերցրո՛ւ խաչը և արի՛ իմ հետևից»։ 22Նա, այդ խոսքի վրա խոժոռվելով, գնաց տրտում, որովհետև մեծ ունեցվածք ուներ։
23Իսկ Հիսուսը, այս ու այն կողմ նայելով, ասաց աշակերտներին. «Որքա՜ն դժվար է Աստծու արքայություն մտնել նրանց համար, ովքեր հարստություն ունեն»։ 24Աշակերտները զարմացած էին նրա խոսքերի վրա. իսկ Հիսուսը շարունակեց խոսել նրանց հետ և ասաց. «Որդյակնե՛ր, որքա՜ն դժվար է Աստծու արքայություն մտնել նրանց համար, ովքեր իրենց հույսը դրել են հարստության վրա։ 25Ավելի հեշտ է, որ պարանը մտնի ասեղի ծակից, քան մեծահարուստը՝ Աստծու արքայություն»։ 26Աշակերտներն է՛լ ավելի էին զարմանում և միմյանց ասում էին. «Իսկ ո՞վ կարող է փրկվել»։ 27Աչքերը հառելով նրանց՝ Հիսուսն ասաց. «Մարդկանց համար դա անկարելի է, բայց ո՛չ Աստծու համար»։
28Այդ ժամանակ Պետրոսն ասաց Հիսուսին. «Ահա մենք թողեցինք ամեն ինչ և եկանք քո հետևից»։ 29Հիսուսը պատասխանեց և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ ինձ համար կամ Ավետարանի համար թողած լինի տունը, կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ զավակներին, կամ ագարակները 30և այժմ՝ այս ժամանակի մեջ, հարյուրապատիկը չստանա՝ տներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, զավակներ, ագարակներ՝ կրելով անշուշտ հալածանքներ, իսկ գալիք աշխարհում՝ հավիտենական կյանքը։ 31Այսպես շատերը, որ առաջինն են, վերջինը կլինեն, իսկ վերջինները՝ առաջինը»։
Հիսուսը դարձյալ խոսում է իր մահվան և հարության մասին
(Մտթ. 20.17-19, Ղուկ. 18.31-34)
32Նրանք Երուսաղեմ բարձրանալու ճանապարհին էին։ Հիսուսը գնում էր նրանցից առաջ անցած, և ովքեր նրա հետևից էին գնում, զարմացած էին ու վախենում էին։ Հիսուսը, տասներկուսին կրկին առանձին վերցնելով, սկսեց նրանց ասել, թե ինչ դեպքեր պիտի տեղի ունենան իր հետ. 33«Ահա ելնում ենք Երուսաղեմ, և Մարդու Որդին կմատնվի քահանայապետներին ու դպիրներին, նրան մահվան կդատապարտեն, նրան հեթանոսներին կհանձնեն, 34նրան կծաղրեն, նրան կծեծեն, նրա վրա կթքեն ու կսպանեն, և երրորդ օրը նա հարություն կառնի»։
Զեբեդեոսի որդիների խնդրանքը
(Մտթ. 20.20-28)
35Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, գնացին նրա մոտ և ասացին. «Վարդապե՛տ, ուզում ենք, որ անես մեզ համար այն, ինչ որ քեզնից պիտի խնդրենք»։ 36Հիսուսը նրանց հարցրեց. «Ի՞նչ եք ուզում ինձնից, որ անեմ ձեզ համար»։ 37Նրանք ասացին. «Շնո՛րհ արա մեզ, որ քո փառքի մեջ նստենք մեկս քո աջում, իսկ մյուսս՝ ձախում»։ 38Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Չեք իմանում, թե ի՛նչ եք խնդրում։ Կարո՞ղ եք խմել այն բաժակը, որ ես եմ խմելու, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու»։ 39Նրանք ասացին. «Կարող ենք»։ Հիսուսը նրանց ասաց. «Բաժակը, որ ես խմելու եմ, կխմեք, և մկրտությամբ, որով ես մկրտվելու եմ, կմկրտվեք, 40բայց իմ աջում և ձախում նստեցնելը ե՛ս չեմ տալիս, այլ տրվելու է նրանց, որոնց համար պատրաստված է»։ 41Մյուս տասը աշակերտները, լսելով այս, սկսեցին բարկանալ Հակոբոսի ու Հովհաննեսի վրա։ 42Հիսուսը նրանց իր մոտ կանչեց և ասաց. «Գիտեք, որ հեթանոսների մեջ իշխանավոր համարվածները տիրում են նրանց, և մեծամեծներն իշխում են նրանց վրա։ 43Ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզնից ով ուզենա մեծ լինել, ձեր սպասավորը պիտի լինի, 44և ձեզնից ով ուզենա առաջինը լինել, բոլորի ծառան պիտի լինի, 45որովհետև Մարդու Որդին ինքն էլ չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և իր կյանքը որպես փրկագին տալու շատերի համար»։
Երիքովցի կույրի բժշկումը
(Մտթ. 20.29-34, Ղուկ. 18.35-43)
46Եկան Երիքով։ Մինչ Հիսուսն իր աշակերտների և մեծ բազմության հետ դուրս էր գալիս Երիքովից, Տիմեի որդին՝ Բարտիմեոսը, որ կույր էր, ճանապարհի եզրին նստած՝ մուրում էր։ 47Երբ լսեց, որ անցնողը Հիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել և ասել. «Դավթի՛ Որդի, Հիսո՛ւս, ողորմի՛ր ինձ»։ 48Շատերը նրան սաստում էին, որ լռի, իսկ նա ավելի բարձր էր աղաղակում. «Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»։ 49Հիսուսը կանգնեց և հրամայեց, որ նրան կանչեն։ Կույրին կանչեցին և ասացին նրան. «Քաջալերվի՛ր, վե՛ր կաց, կանչում է քեզ»։ 50Նա, դեն նետելով իր վերնազգեստը, ոտքի կանգնեց, եկավ Հիսուսի մոտ։ 51Հիսուսը խոսքն ուղղեց նրան և ասաց. «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար»։ Կույրը պատասխանեց նրան. «Ռաբբունի՛, որ աչքերս բացվեն»։ 52Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո հավատը փրկեց քեզ»։ Նրա աչքերն իսկույն բացվեցին, և ճանապարհին նա գնում էր Հիսուսի հետևից։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն