Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6
6
Կացնի գլխի գտնվելը
1Մարգարեների որդիներն ասացին Եղիսեին. «Այս տեղը, որ մենք բնակվում ենք քո առաջ, նեղ է մեզ համար։ 2Թող գնանք մինչև Հորդանան, և ամեն մեկս այնտեղից մի գերան վերցնենք և այնտեղ բնակվելու տեղ շինենք մեզ համար»։ Նա ասաց՝ գնացե՛ք։ 3Նրանցից մեկն ասաց. «Բարեհաճի՛ր դու էլ գնալ քո ծառաների հետ»։ Եվ նա ասաց. «Ես էլ կգամ»։ 4Եվ գնաց նրանց հետ։ Եկան Հորդանան և կտրում էին ծառերը։ 5Եվ երբ մեկը գերան էր կտրում, կացնի երկաթը ջուրն ընկավ, և նա բարձր գոչեց ու ասաց. «Վա՜յ, տե՛ր իմ». դա էլ փոխ առնված էր։ 6Եվ Աստծու մարդն ասաց. «Ո՞ւր ընկավ». և նա տեղը ցույց տվեց նրան։ Եղիսեն մի փայտ կտրեց ու գցեց այնտեղ, և երկաթը լողաց դեպի վեր։ 7Եվ ասաց. «Վերցրո՛ւ դա»։ Նա էլ ձեռքը մեկնեց և վերցրեց այն։
Ասորական բանակը պարտվում է
8Ասորիների թագավորը պատերազմում էր Իսրայելի դեմ։ Իր ծառաների հետ խորհուրդ արեց՝ ասելով. «Այսինչ կամ այնինչ տեղը պիտի բանակ դնեմ»։ 9Բայց Աստծու մարդը լուր ուղարկեց Իսրայելի թագավորին՝ ասելով. «Զգուշացի՛ր այսինչ տեղով անցնելուց, որովհետև ասորիներն այնտեղ բանակ են դրել»։ 10Եվ Իսրայելի թագավորը մարդ ուղարկեց այն տեղը, որի մասին ասել էր Աստծու մարդը և նրան զգուշացրել. և նա այդ տեղից շատ անգամ#6.10 Եբր. ոչ մեկ և ոչ էլ երկու անգամ։ զգուշացավ։ 11Ասորիների թագավորի սիրտը փոթորկվեց այդ բանից. կանչեց իր ծառաներին և ասաց նրանց. «Ինձ չե՞ք իմացնի, թե մեր մարդկանցից ո՛վ է Իսրայելի թագավորի հետ»։ 12Եվ նրա ծառաներից մեկն ասաց. «Ոչ ոք, տե՛ր իմ թագավոր. Իսրայելում գտնվող Եղիսե մարգարեն է Իսրայելի թագավորին հայտնում ամեն բան, ինչ դու խոսում ես քո ննջասենյակում»։ 13Եվ նա ասաց. «Գնացե՛ք ու տեսե՛ք, թե նա որտեղ է, որ ես մարդ ուղարկեմ ու բռնել տամ»։ Եվ նրան հայտնեցին ու ասացին. «Դոթայիմում է»։
14Ձիեր, կառքեր և մեծ զորք ուղարկեց այնտեղ, որոնք գիշերը եկան ու պաշարեցին քաղաքը։ 15Աստծու մարդու ծառան առավոտ կանուխ վեր կացավ ու դուրս ելավ. ահա զորքը, ինչպես նաև ձիերն ու կառքերը շրջապատել էին քաղաքը, և ծառան ասաց նրան. «Վա՜յ, տե՛ր իմ, ի՞նչ անենք»։ 16Նա էլ ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրանց հետ եղողները»։ 17Եվ Եղիսեն աղոթք արեց և ասաց. «Ո՜վ Տեր, բացի՛ր սրա աչքերը, որ տեսնի»։ Եվ Տերը բացեց ծառայի աչքերը, և նա տեսավ, որ Եղիսեի շուրջը սարը լիքն էր հրեղեն ձիերով ու կառքերով։ 18Եվ երբ ասորիներն իջան Եղիսեին մոտիկ, նա աղոթեց Տիրոջն ու ասաց. «Աղաչում եմ, այս ժողովրդին հարվածի՛ր կուրությամբ»։ Եվ Տերը Եղիսեի խոսքի համաձայն նրանց հարվածեց կուրությամբ։ 19Եվ Եղիսեն ասաց նրանց. «Այս չէ ճանապարհը, և քաղաքն էլ այս չէ։ Եկե՛ք իմ ետևից, և ես ձեզ կտանեմ այն մարդու մոտ, որին դուք որոնում եք»։ Եվ նա նրանց տարավ Սամարիա։ 20Եվ երբ եկան Սամարիա, Եղիսեն ասաց. «Ո՛վ Տեր, բա՛ց սրանց աչքերը, որ տեսնեն». և Տերը բացեց նրանց աչքերը, և նրանք տեսան, որ իրենք ահա Սամարիայում են։
21Եվ երբ Իսրայելի թագավորը տեսավ նրանց, ասաց Եղիսեին. «Զարկե՞մ, զարկե՞մ, հա՛յր իմ»։ 22Եվ նա ասաց. «Մի՛ զարկիր. մի՞թե դու սպանում ես նրանց, որոնց գերի ես վերցնում քո սրով ու աղեղով. հաց ու ջո՛ւր դիր նրանց առաջ, թող ուտեն ու խմեն և հետո գնան իրենց տիրոջ մոտ»։ 23Եվ մեծ հացկերույթ պատրաստեց նրանց համար. նրանք կերան ու խմեցին, և հետո նրանց արձակեց, ու նրանք գնացին իրենց տիրոջ մոտ, և ասորիների գնդերն այլևս չեկան Իսրայելի երկիրը։
Սամարիայի պաշարումը
24Դրանից հետո ասորիների Բենադադ թագավորը հավաքեց իր ամբողջ բանակը, ելավ ու պաշարեց Սամարիան։ 25Մեծ սով եղավ Սամարիայում, որովհետև այն պաշարել էին. և եղավ այնպես, որ մի էշի գլուխը ծախվում էր ութսուն սիկղ արծաթով, և մեկ կապիճի չորրորդ մաս աղավնու աղբը՝ հինգ սիկղ արծաթով։ 26Եվ երբ մի անգամ Իսրայելի թագավորն անցնում էր պարսպի վրայով, մի կին աղաղակեց և ասաց նրան. «Օգնի՛ր ինձ, ո՛վ տեր իմ թագավոր»։ 27Եվ նա ասաց. «Եթե Տերը քեզ չօգնի, ես որտեղի՞ց օգնեմ քեզ՝ կալի՞ց, թե՞ հնձանից»։ 28Եվ թագավորը նրան ասաց. «Ի՞նչ է եղել»։ Նա էլ ասաց. «Այս կինն ինձ ասաց. “Քո տղային տո՛ւր, որ այսօր ուտենք, իմ տղային էլ վաղը կուտենք”։ 29Մենք էլ տղայիս եփեցինք և կերանք նրան։ Ես մյուս օրն իրեն ասում եմ. “Տո՛ւր քո տղային, որ ուտենք”, բայց նա թաքցրել է իր տղային»։ 30Եվ երբ թագավորը լսեց այդ կնոջ խոսքերը, պատռեց իր հանդերձը պարսպի վրայով գնալիս, և ժողովուրդը տեսավ, որ ներսի կողմից նրա մարմնի վրա քուրձ էր։ 31Եվ նա ասաց. «Աստված ինձ այսպես և սրանից էլ ավելին անի, եթե Սափատի որդի Եղիսեի գլուխն այսօր մնա իր վրա»։ 32Եղիսեն նստել էր իր տանը, ծերերն էլ նստել էին նրա հետ. և թագավորն իր առջևից մարդ ուղարկեց նրա մոտ, բայց պատգամավորը դեռ չէր եկել Եղիսեի մոտ, երբ նա ասաց ծերերին. «Տեսնո՞ւմ եք, այդ մարդասպանի որդին մարդ է ուղարկել իմ գլուխը կտրելու։ Նայե՛ք, հենց որ պատգամավորը եկավ, դուռը կողպե՛ք և դուռը ամուր բռնե՛ք նրա դեմ. չէ՞ որ նրա տիրոջ ոտքերի ձայնը գալիս է նրա ետևից»։ 33Նա տակավին խոսում էր նրանց հետ, երբ ահա պատգամավորն իջավ նրա մոտ և ասաց. «Ահա այս չարիքը Տիրոջ կողմից է, այլևս ի՞նչ սպասեմ Տիրոջից»։
Արդեն Ընտրված.
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018