Ինչպե՞ս մոտենալ և մտերմանալ Աստծու հետՕրինակ

Ինչպե՞ս մոտենալ և մտերմանալ Աստծու հետ

ՕՐ 5 7-ից

Աստված նոր օրհնություններ ունի քեզ համար այսօր

Սիրելի՛ բարեկամ, ուզում եմ այսօր միասին խորհենք աստվածաշնչյան այս հատվածի շուրջ. «Լերկ բլուրների վրա մի ձայն է լսվում՝ Իսրայելի որդիների լացն ու աղաչանքը, որովհետև նրանք թեքել են իրենց ճանապարհը, մոռացել են իրենց Տեր Աստծուն։ «Վերադարձե՛ք, ո՛վ ուխտադրուժ որդիներ, Ես ձեր ուխտադրժությունը կբժշկեմ»։ «Ահա մենք դեպի քեզ ենք գալիս, որովհետև, ո՛վ Տեր, Դու ես մեր Աստվածը։ Հիրավի, բլուրները և լեռներում աղմուկը խաբեություն են, որովհետև Տիրոջից՝ մեր Աստծուց է Իսրայելի փրկությունը։ Եվ մեր մանկությունից ի վեր ամոթալի բանը կերել է մեր հայրերի վաստակածը՝ նրանց արջառներին ու նրանց ոչխարներին, նրանց որդիներին ու նրանց դուստրերին» (‭‭Երեմիա‬ ‭3.21-24‬)։

Աստծո ողորմությունները երբե՛ք չեն վերջանում։ Դրանք ամեն օր նորովի են գործում յուրաքանչյուրիս համար։ Այնուամենայնիվ, երբեմն մենք մեր ուշադրությունը ավելի շատ կենտրոնացնում ենք ոչ թե մեր կյանքի օրհնությունների վրա, այլ մեր անհաջողությունների, տկարությունների և ձախողումների։ Եթե քո պարագայում էլ է դա այդպես, ապա մի բան եմ ուզում քեզ առաջարկել՝ հատուկ մի տետր, որի մեջ կգրես այն ամենը, ինչի համար արժե գոհանալ Տեր Աստծուց։

Ողջ օրվա մեջ քեզնից ընդամենը մի քանի րոպե կպահանջի, որպեսզի դադար տաս ու գրի առնես մի բան, որի համար շնորհակալ ես Աստծուց։ Կարող ես նաև խնդրել, որպեսզի Աստծո Սուրբ Հոգին օգնի քեզ այդ հարցում՝ հիշեցնելով քեզ քո կյանքի կամ հենց այդ օրվա գոհանալու առիթները։

Դժգոհությունը և տրտունջը հավատացյալ մարդու մեծագույն մեղքերից մեկն է։ Ժամանակ տրամադրելն ու գոհության առիթները գրի առնելը կօգնի քեզ գործնականում գոհացող սիրտ ունենալու և Տեր Աստծո հանդեպ երախտագիտության վերաբերմունք զարգացնելու հարցում։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, սա նաև հրաշալի ու գործուն մի միջոց է քո կյանքի վախերի ու անհանգստություններիդ դեմ, քանի որ այն կօգնի քեզ ծանր ու հոգսաշատ օրվադ ավարտին՝ նայելով գրառումներիդ ևս մեկ անգամ համոզվել, որ Աստված բարի՛ է քո հանդեպ։ Դու կկարողանաս ընկղմվել Նրա բարության մեջ և կրկին հիշել այն բոլոր բարիքները, որ Նա անում է քեզ համար։

Աստված հավատարի՛մ է։ Նրա մեջ փոփոխման նշույլ անգամ չկա՛։ Նրա բնույթը միշտ նույնն է։ Նրա սերը երբե՛ք չի վերջանում։ Նա կանչում է քեզ դեպի Իրեն։ Նա պատրաստ է ներելու քեզ և վերականգնելու Իր հետ խաթարված փոխհարաբերություններդ։ Գոհությունը մեզ մտերմացնում է Աստծու հետ։ Տրտունջը մեզ հեռացնում է Աստծուց։ Իմ աղոթքն է, որ յուրաքանչյուր օրդ այնպես ապրես, որ ավելի ու ավելի մտերմանաս Տեր Աստծո հետ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։

Օր 4Օր 6

Այս Ծրագրի Մասին

Ինչպե՞ս մոտենալ և մտերմանալ Աստծու հետ

Ասում են, որ եթե որևէ բան երեք կամ չորս շաբաթ կարգապահ կերպով անես, ապա շատ հավանական է, որ դա դառնա քո կյանքի սովորություններից մեկը։Ոմանք իրենց առավոտը չեն կարող պատկերացնել առանց սուրճին ժամանակ հատկացնելու, ոմանք՝ թարմ լուրերին ծանոթանալու, ոմանք՝ սոցիալական ցանցերում գիշերվա ընթացքում կատարվածը ստուգելու․․․։ Գուցե շատ անգամ ես որոշել քո օրը Աստծո հետ սկսելու սովորությունը զարգացնել։ Սակայն ինձ համար յուրաքանչյուր առավոտ մի նոր պարգև է Տիրոջից, մի նոր սկիզբ, հնարավորություն սկսելու օրը մեզ համար ամենակարևոր ու առաջնային գործով՝ մեր սիրելի Փրկչի հետ նոր ու թարմ հարաբերությամբ։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/