Ինչպե՞ս մոտենալ և մտերմանալ Աստծու հետՕրինակ
Քո կյանքը շատերի կյանքը կարող է փոխակերպել
Սիրելի՛ բարեկամ, ամեն բան սկսվում է առաջին քայլից… Եվ Տեր Հիսուսը քաջալերում է ինձ ու քեզ անելու այդ առաջին քայլը։ Գուցե ներսդ կծկվում է այդ առաջին քայլն անելու վախից․․․ Բայց դա բնական ու շատերին բնորոշ զգացողություն է։ Եթե մենք որևէ նոր բան ենք սկսում կամ որոշում ենք մեր կյանքը փոխել ու նոր ընթացքով առաջ շարժվել այս կյանքում, ապա շատ նորմալ է, որ որոշակի անորոշության կամ վախի զգացում ունենանք։ Սակայն, այնուամենայնիվ, մենք չպետք է մոռանանք, որ Աստված մեզ կանչում է ոչ թե մեր ունեցած կարողությունների ու ունակությունների համեմատ, այլ Իր զորության ու մեր մասին Իր պատկերացման համեմատ։ Գեդեոնի պատմությունը ասվածի վառ օրինակ կարող է ծառայել։
«Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևաց ու ասաց. «Ո՜վ կտրիճ զորավոր, Տերը քեզ հետ է»։ …Եվ Տերը նրան նայեց ու ասաց. «Գնա՛ քո այդ զորությամբ… Ահա Ես եմ քեզ ուղարկում» … (Դատավորաց 6.12-16)։
Շատ հատկանշական է, որ Աստծո պատգամաբերը Գեդեոնին անվանում է «կտրիճ զորավոր», երբ Գեդեոնը ո՛չ զինվոր էր, ո՛չ էլ Եղիայի կամ Եղիսեի նման Աստծո մարգարեներից մեկը… Ավելին, Գեդեոնը գյուղացի էր ու շատ աղքատ ու աննշան ընտանիքի ներկայացուցիչ մեկը։ Ինքն իր աչքում Գեդեոնը «վախկոտ» ու «չնչին» մեկն էր, բայց Աստված նրա մեջ զորավոր մի հերոսի էր տեսնում, ով ունակ էր Իր ժողովրդին ազատագրելու մադիանացիների ծանր լծից ու ասպատակություններից։
Իսկ ի՞նչ կասես ինքդ քո մասին։ Կարո՞ղ ես արդյոք դառնալ այն մարդը, որ Աստված է ուզում տեսնել։ Կարո՞ղ ես ապրել այն կյանքով, որ Աստված է ուզում, որ ապրես։ Կարո՞ղ ես անել այն գործերն ու ծառայությունները, որ Աստված է ուզում, որ իրագործես։ Արդյոք դո՞ւ էլ Գեդեոնի նման ինքդ քեզ տեսնում ես որպես անկարող ու աննշան մեկը․․․
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր հավատքով ընդունի՛ր այս ճշմարտությունը. Աստված չի՛ սխալվել, երբ Նա քե՛զ կյանք պարգևեց, և չի՛ սխալվել նաև, երբ կանչեց քեզ Իրեն ծառայելու պատվավոր գործի մեջ։ Նա քեզ համար հատուկ մի առաքելություն ունի, որը Նա հե՛նց քեզ համար է նախապատրաստել, և Նա քեզ հե՛տ է ու քեզ զորացնելու է այդ առաքելության իրագործման ողջ ընթացքի մեջ։
Կարիք չկա սպասելու, որ դառնաս կատարյալ մեկը հոգևոր կյանքում կամ հմտանաս բոլոր գործերի մեջ և այդ ամենից հետո միայն սկսես ծառայել Աստծուն։ Եղի՛ր այնպիսին ինչպիսին կաս։ Եղի՛ր իրական ու անկեղծ, քանի որ Աստված բոլորովին այլ չափանիշներով է կատարում Իր ընտրությունը։ Տերը չի ընտրում զորավորներին։ Տերը ընտրում է անկեղծ և ուղիղ սիրտ ունեցողներին․․․ «…Տերը մարդու պես չի նայում. մարդը տեսնում է աչքին երևացողը, իսկ Տերը սրտին է նայում» (Ա Թագավորաց 16.7):
Եղի՛ր օրհնված և վստահի՛ր Աստծուն։ Նա գիտի քեզ և գիտի, որ դու կարող ես․․․։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Ասում են, որ եթե որևէ բան երեք կամ չորս շաբաթ կարգապահ կերպով անես, ապա շատ հավանական է, որ դա դառնա քո կյանքի սովորություններից մեկը։Ոմանք իրենց առավոտը չեն կարող պատկերացնել առանց սուրճին ժամանակ հատկացնելու, ոմանք՝ թարմ լուրերին ծանոթանալու, ոմանք՝ սոցիալական ցանցերում գիշերվա ընթացքում կատարվածը ստուգելու․․․։ Գուցե շատ անգամ ես որոշել քո օրը Աստծո հետ սկսելու սովորությունը զարգացնել։ Սակայն ինձ համար յուրաքանչյուր առավոտ մի նոր պարգև է Տիրոջից, մի նոր սկիզբ, հնարավորություն սկսելու օրը մեզ համար ամենակարևոր ու առաջնային գործով՝ մեր սիրելի Փրկչի հետ նոր ու թարմ հարաբերությամբ։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/