Ինչպե՞ս մոտենալ և մտերմանալ Աստծու հետՕրինակ
Աստված է քո զորության Աղբյուրը
Սիրելի՛ բարեկամ, մի հրաշալի քրիստոնեական ֆիլմ կա, որի մեջ հավատքի մեծ քաջալերանք կա։ Այն կոչվում է «Պայքարելով հսկաների դեմ»։
Ֆիլմի դրվագներից մեկում գլխավոր հերոսի կինը այցելում է բժշկի։ Մի քանի անհաջող փորձերից հետո նրան թվում է, թե բժիշկը կասի, որ այս անգամ նա վերջապես հղիացել է։ Ցավոք, բժշկական եզրակացությունը նույնն էր. նա երեխա չէր ունենալու։
Այդ կնոջ արցունքների մեջ ֆիլմը դիտողները կարող են զգալ այն ամբողջ ցավը, որ նրան պատճառում է բժշկի հայտնած լուրը։ Սակայն այդ ցավին հաջորդում է ֆիլմի ամենատպավորիչ դրվագներից մեկը։ Այս կինը անգամ իր խորը ցավի մեջ, վեր է բարձրացնում իր աչքերը և հետևյալ խոսքերն է ուղղում Աստծուն. «Ես շարունակում եմ Քեզ սիրել, իմ Տեր, շարունակում եմ սիրել․․․»։
Նման հավատքն այնքա՜ն թանկ է Տեր Աստծո աչքերում․․․ Այն մի յուրահատուկ հավատք է, որն ասես ասում է Աստծուն. «Ես չեմ հասկանում Քեզ, իմ Տե՛ր, ես ցավի միջով եմ անցնում՝ խորը ու տանջալի ցավի․․․ Բայց անգամ իմ այս ցավը ոչինչ չի կարող փոխել։ Ես շարունակելու եմ հավատարիմ մնալ ու հնազանդվել Քեզ և Քո Խոսքին։ Ես շարունակելու եմ սիրել ու ծառայել Քեզ, իմ Փրկիչ և Տեր, իմ սքանչելի՛ Հիսուս»։
Սա հենց այն իրական հավատքն է, որը խոսում է այն մասին, որ մենք սիրում ենք Աստծուն ոչ թե Նրա տված օրհնությունների համար, այլ նրա համար, թե Ով է Նա իրականում։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր, եթե անգամ չես հասկանում Նրա կամքը, չես հասկանում, թե ինչու ես անցնում նման դժվարություններով, եթե չես կարողանում պատկերացնել, թե ինչու ես բախվում նման խոչընդոտների․․․ միևնույնն է, շարունակի՛ր սիրել Աստծուն և մնալ Նրան հավատարիմ։ Շարունակի՛ր մոտենալ ու մտերմանալ Աստծու հետ։ Մի՛ հեռացիր Նրանից՝ ինչ էլ պատահի քեզ, ինչով էլ անցնելիս լինես․․․ Աստված շատ մոտ է քեզ և ամեն բան անում է հանուն քեզ և քո բարիքի համար։
Այսօր առաջարկում եմ քեզ օրվա ընթացքում ժամանակ հատկացնել ու խորհել աստվածաշնչյան այս խոսքի շուրջ։ Աղոթում եմ, որ այն իրապես քաջալերի քեզ այսօր և քո կյանքի բոլոր օրերում:
«Աստված ապավեն և զորություն է մեզ համար. նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ» (Սաղմոս 46.1):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել.Hisus.amկայքում։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը։
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Ասում են, որ եթե որևէ բան երեք կամ չորս շաբաթ կարգապահ կերպով անես, ապա շատ հավանական է, որ դա դառնա քո կյանքի սովորություններից մեկը։Ոմանք իրենց առավոտը չեն կարող պատկերացնել առանց սուրճին ժամանակ հատկացնելու, ոմանք՝ թարմ լուրերին ծանոթանալու, ոմանք՝ սոցիալական ցանցերում գիշերվա ընթացքում կատարվածը ստուգելու․․․։ Գուցե շատ անգամ ես որոշել քո օրը Աստծո հետ սկսելու սովորությունը զարգացնել։ Սակայն ինձ համար յուրաքանչյուր առավոտ մի նոր պարգև է Տիրոջից, մի նոր սկիզբ, հնարավորություն սկսելու օրը մեզ համար ամենակարևոր ու առաջնային գործով՝ մեր սիրելի Փրկչի հետ նոր ու թարմ հարաբերությամբ։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել hisus.am-ին այս պլանը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/