Ինչպե՞ս Ժառանգել Աստծո ԽոստումներըՕրինակ
Աստված միշտ հավատարի՛մ է Իր խոստումներին
Սիրելի բարեկամ, ո՞ւմ ես վստահում քո կյանքում։ Օրինակ, երբ կարիք կա, որ երեխայիդ թողնես ինչ-որ մեկի մոտ կամ տանդ բանալիները տաս որևէ մեկին, ով պետք է որոշակի ժամանակ հետևի տանը մինչև վերադառնաս։ Ի՞նչ չափանիշներով ես ընտրում, թե ում կարելի է վստահել և ում՝ ոչ։
Կարծում եմ, որ ցանկացած մեկին վստահելու համար մենք նախ պետք է վստահ լինենք այդ մարդու ազնվության մեջ. Արդյոք նա այնպիսի մարդ է, ով պահում է իր տված խոստումները։ Արդյոք նրա ասածները համապատասխանո՞ւմ են նրա ապրած կյանքին։ Արդյոք տվյալ մարդը սկզբունքայի՞ն է առօրյա կյանքում։ Իսկ ինչպե՞ս է նա իրեն պահում, երբ որևէ շահ չունի քեզնից կամ երբ դու չես կարող փոխհատուցել նրա տրամադրած օգնությունը։ Այս և նման այլ հարցերի պատասխանները խոսում են մարդու ազնվության և ձեր մտերմության հանդեպ ունեցած անկեղծ նվիրման մասին։
Աստված Մեկն է, Ով կատարելապես հավատարիմ է։ Աստվածաշնչի ցանկացած պատմության մեջ մենք կարող ենք տեսնել, որ Նա պահում է Իր խոստումները։ Ե՛կ քննենք այս զորավոր ճշմարտությունները.
Եսայիա 55․11. «․․․այնպես էլ կլինի իմ բերանից դուրս եկած խոսքը. նա ապարդյուն չի վերադառնա ինձ մոտ, այլ կկատարի իմ փափագը և հաջողություն կունենա այն բանում, ինչի համար ես ուղարկել եմ նրան»։
Երեմիա 1․12. «Եվ Տերն ասաց ինձ. «Լավ տեսար, որովհետև ես պիտի հսկեմ Իմ խոսքը, որպեսզի կատարեմ այն»։”
Հեսու 21․45. «Ոչ մի բան պակաս չմնաց այն բոլոր բարի խոսքերից, որ Տերն ասել էր Իսրայելի տան համար. բոլորը կատարվեցին»։
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, տեսնո՞ւմ ես, որ Աստված արտաբերած ցանկացած խոստում ոսկուց էլ թանկ է, և Նա կատարելու է այն, ինչ ասել է և խոստացել։ Դու կարող ես վստահ լինել Նրա Խոսքի վրա։ Այն միշտ իրականացել է և իրականանալու է նաև քո պարագայում։
Ե՛կ միասին գոհանանք Տիրոջից այս աղոթքով. «Տե՜ր, շնորհակալ եմ Քեզ Քո Խոսքի համար։ Շնորհակալ եմ, որ Քո Խոսքերը երբե՛ք առանց արդյունքի չեն վերադառնում Քեզ, այլ իրականացնում են Քո կամքը և հաջողվում այն բանի մեջ, որի համար Դու դրանք ուղարկում ես։ Ես հավատո՛ւմ եմ Քո խոստումներին։ Ես վստահո՛ւմ եմ Քո հավատարմությանը։ Դու անելու ես այն ամենը, ինչ ասել ես։ Տո՛ւր ինձ իմաստություն հասկանալու, թե որո՞նք են Քո խոստումները ժառանգելու պայմանները։ Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը
Սուրբ Գրություն
Այս Ծրագրի Մասին
Կա Մեկը, ով քեզ համար խոստումներ ունի․․․ Այս հետաքրքիր վերնագիրը շատերիս մոտ հարց է առաջացնում, թե ո՞վ է այս մեկը։ Մենք հաճախ ենք մեկս մյուսին խոստումներ տալիս, սայակն ոչ միշտ ենք մեր խոստումները կատարում։ Սակայն կա Մեկը, Ով, երբ խոստում է տալիս, Իր խոստումից հետ չի կանգնում, և միշտ կատարում է այն, ինչ խոստացել է։ Առաջարկում եմ ընթերցել այս հետաքրքիր ընթերցանության ծրագիրը, որը վերաբերվում է մեր կյանքի համար Աստծո խոստումներին։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ http://hisus.am/