Առողջ Հոգի՝ Հաջողված ԿյանքՕրինակ
Ո՞րն է Աստծուց ներում և բժշկություն ստանալու հիմքը
Սիրելի՛ բարեկամ, դու կարող ես ընդունել Տեր Աստծո խաղաղությունը, որովհետև Տեր Հիսուսը ամբողջությամբ վճարել է քո փոխարեն: Քանի որ Նա բարձրացավ խաչն ու մահացավ՝ կրելով քո ցավերն ու անօրինությունները, ապա դու հիմք ունես ցանկացած խնդրի պարագայում Աստծուց բժշկություն ակնկալելու համար՝ ներառյալ մեղքերի ներումը և հոգու բժշկությունը:
«Հիրավի, Նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց։ Մենք Նրան համարում էինք պատուհասված, Աստծուց հարվածված և տանջված։ Բայց Նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, Նրա վրա ընկավ, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք» (Եսայի 53․4-5)։
Այս հատվածում նշված վշտերն ու ցավերն ուղղակիորեն կապ ունեն հիվանդությունների հետ: Նա մեր վշտերը կրեց: Տեր Հիսուսը դրանք վերցրեց, իսկ մենք կարծում էինք, թե Աստված էր Նրան պատժում: Տեր Հիսուսը կրել է քո վշտերը, սիրելի բարեկամ, քո ցավերն ու տկարությունները: Նա վերքեր կրեց և բազմաթիվ հարվածներ ստացավ իմ և քո գործած մեղքերի ու հանցանքների համար: Նա լիովին վճարել է իմ և քո մեղքերի ներման գինը:
Վերը բերված աստվածաշնչյան հատվածը մեծ կարևորություն ունի, որովհետև խաչի կատարվածն ուղղակիորեն կապվում է մեր մեղքերի մահաբեր հետևանանքերի վերացման հետ. «․․․և Նրա վերքերով մենք բժշկված ենք»:
Այն ներառում է նաև մեր մեղքերի ներումն ու մեր ներքին զգացմունքային խնդիրների լուծումը: «Նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, Նրա վրա ընկավ»:
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, եթե հավատում ես, որ Տեր Հիսուս Քո մեղքերի համար վճարել է խաչի վրա, ապա չես կարող անհավատությամբ վերաբելվել «․․․և Նրա վերքերով մենք բժշկված ենք» խոսքերին։
Իսկ ինչո՞ւ չաղոթենք միասին այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, ես հավատում եմ, որ մեղավոր մարդ եմ և մեղքերի ներման կարիք ունեմ։ Հավատում եմ Աստվածաշնչի գրած ճշմարտությանը, որ Դու իմ մեղքերի համար կրեցիր խաչի տանջանքներն ու չարչարանքները։ Դու վճարեցիր իմ ներման գինը։ Եվ այդ գինը ներառում էր նաև իմ ցավերից, վշտերից ու հիվանդություններից ազատագրման ու բժշկության գինը։ Ես հավատում եմ, Տե՛ր, որ Դու նաև ինձ համար բժշկություն ես ապահովել խաչի վրա կրած Քո վերքերով։ Ես հավատում եմ Քեզ, Տե՛ր, և խնդրում եմ, որպեսզի բժշկես ինձ իմ հիվանդություններից ու ազատագրես ինձ իմ կապանքներից։ Շնորհակալ եմ, իմ բարի և բժշկող Տեր։ Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։
Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը
Այս Ծրագրի Մասին
Այս ընթերցանության ծրագիրը կօգնի Ձեզ հասկանալ, թե Աստված իրականում ի՞նչ նպատակներ ու ծրագրեր ունի Ձեր կյանքի համար։ Այստեղ կգտնեք հետևյալ հարցերի պատասխանները՝ արդյոք Աստված կբժշկի՞ ինձ, ինչպե՞ս կարող եմ Աստծուց ներում ստանալ, որո՞նք են մեր հիվանդությունների պատճառները, և այլն։ Աղոթում ենք, որպեսզի Սուրբ Հոգին հպվի Ձեր սրտին և Տեր Հիսուսի բժշկությունը գա Ձեր կյանքում։
More
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/