Առողջ Հոգի՝ Հաջողված ԿյանքՕրինակ

Առողջ Հոգի՝ Հաջողված Կյանք

ՕՐ 6 6-ից

Իսկ եթե Աստված չի բժշկո՞ւմ

Սիրելի բարեկամ, Տեր Աստծուց քո բժշկության սպասման ընթացքիդ մեջ քաջալերում և հորդորում եմ քեզ, որ զարգացնես քո հաղորդակցությունը Տիրոջ հետ, հավատարիմ մնաս Նրան, կարդաս ու կիրառես Իր Խոսքը, որովհետև հենց Նա՛ է կյանքի աղբյուրը: Եվ, ի վերջո, հենց դա է ամենակարևորը՝ մեր հարաբերությունը Տիրոջ հետ՝ ամենօրյա խորը սիրո հարաբերությունը Նրա հետ: Եվ այս հարաբերության արդյունքում է հորդելու Նրա օրհնությունը, որը կարող է թե՛ գերբնական կերպով բժշկել քեզ և թե՛ կարող է նաև ուժ տալ դիմանալու դժվարությունների, ցավի և հիվանդության փորձության ժամանակ: Թող Աստված զորավոր կերպով օրհնի քեզ այսօր:

Աստվածային բժշկության մասին նախորդ մի քանի օրվա գրառումներից հետո, կարծում եմ, կա կարիք նաև պատասխանելու այս հարցին «Իսկ ի՞նչ է պետք անել, երբ Աստված չի պատասխանում բժշկության համար մեր աղոթքներին»։ Այսօրվա գրառումը նպատակ է հետապնդում որոշակի պարզաբանում տալ Աստվածային բժշության այս չափազանց կարևոր հարցի վերաբերյալ, հատկապես նրանց համար, ովքեր տառապում են ծանր, վտանգավոր ու ցավոտ հիվանդություններով:

Ես 100 տոկոսով վստահ եմ, որ Աստված բժշկող Տեր է, որ Նա չի փոխվում և նույնն է երեկ, այսօր և հավիտյան (Եբրայեցիս 13․8)։

Սակայն վստահ եմ նաև, որ Նա ինքնիշխան Տեր է: Աստված չի խոստացել բժշկել աշխարհի բոլոր հիվանդներին: Արդյոք սա նշանակո՞ւմ է, թե Աստված որոշ մարդկանց ավելի քիչ է սիրում, քան մյուսներին: Ո՛չ: Արդյոք սա նշանակո՞ւմ է, թե մենք պետք է դադարենք աղոթել մեր բժշության համար: Ո՛չ։ Ճիշտ հակառակը: Աստվածաշունչը մեզ քաջալերում է աղոթել ու խնդրել հավատքով՝ վստահ լինելով, որ Աստված միևնույն ժամանակ թե՛ սիրող Տեր է և թե՛ ինքնիշխան։

Բժշկության կարիք ունեցող յուրաքանչյուր ոք պետք է նախ հոգ տանի սեփական հոգևոր առողջության համար։ Հոգևորապես առողջ մարդը կարող է վստահ լինել, որ այն ամենն, ինչ իր հետ պատահում է, ներառյալ ֆիզիկական հիվանդությունները, դրանք մաս են կազմում Աստծո առանձնահատուկ ծրագրի: Մեր հայացքը պետք է սևեռված լինի Տեր Հիսուս Քրիստոսի վրա: Մեր հույսը, օգնությունը և հավատքը Նրա մեջ է: Նա քեզ չի թողնի և երբեք չի լքի քեզ: Նրա զորությունը կատարյալ է դառնում մեր տկարության ժամանակ: Գոհություն Աստծուն Նրա հավատարմության համար։

Եթե դու հենց հիմա անցնում ես հիվանդության դժվար ընթացքի միջով, ապա վստահաբար հավատա՛, որ Աստված քեզ հետ է լինելու: Նա քո կողքին է ամեն օր, լավ և վատ, հիվանդ ու առողջ ժամանակներում: Նա պահպանում է քեզ: Ես քեզ խորհուրդ եմ տալիս պարզապես կարդալ աստվածաշնչյան այս հատվածները. Մատթեւոսի 28.20, Սաղմոս 54.4, Սաղմոս 27.1, Սաղմոս 46.1, Եսայի 44

Եվ, ի վերջո, բժշկության ամենամեծ հրաշքը, որ Աստված խոստացել է յուրաքանչյուր հավատացյալի, դա փրկության, մեղքերի ներման և հավիտենական կյանք ունենալու խոստումն է, որտեղ չկա վիշտ, լաց, հիվանդություն ու մահ: Այս մասին կարդում ենք Հայտնության 21․4 խոսքում.

«Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որովհետև նախկիններն անցան»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Հ.Գ. Ընթերցանության այս ծրագրի տեքստը վերցված է «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձներից, որոնց շնորհիվ ամեն օր Արման Մանուկյանը կիսվում է Աստծո Խոսքի շուրջ խրախուսական մտորումներով՝ ի քաջալերանք յուրաքանչյուրի, ով սիրում և անկեղծորեն հետևում է Տեր Հիսուսին։ Ամենօրյա քաջալերական ուղերձները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել. Hisus.amկայքում։

Եվ թող ամեն օրվա Ձեր հրաշքն ու քաջալերանքն անպայմա՛ն հասնեն Ձեզ ու լուսավորեն Ձեր կյանքը

Օր 5

Այս Ծրագրի Մասին

Առողջ Հոգի՝ Հաջողված Կյանք

Այս ընթերցանության ծրագիրը կօգնի Ձեզ հասկանալ, թե Աստված իրականում ի՞նչ նպատակներ ու ծրագրեր ունի Ձեր կյանքի համար։ Այստեղ կգտնեք հետևյալ հարցերի պատասխանները՝ արդյոք Աստված կբժշկի՞ ինձ, ինչպե՞ս կարող եմ Աստծուց ներում ստանալ, որո՞նք են մեր հիվանդությունների պատճառները, և այլն։ Աղոթում ենք, որպեսզի Սուրբ Հոգին հպվի Ձեր սրտին և Տեր Հիսուսի բժշկությունը գա Ձեր կյանքում։

More

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Jesus.net-ին այս ծրագիրը տրամադրելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://hisus.am/